Ֆինտեխ. 2019-ի ազդեցիկ գործարքներն ու նվաճումները

27.12.2019 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#ֆինտեխ
2019-ին ֆինտեխ ոլորտն աշխույժ էր, բազմազան ու հարուստ: Banks.am-ի «Ֆինտեխ» բաժնի լրահոսից առանձնացրել ենք առավել ուշագրավ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել աշխարհի տարբեր անկյուններում:

Ռուսաստան


Այս տարի միանգամից երկու ռուսաստանյան բանկ հայտարարեցին սուպերհամակարգիչ ստեղծելու մասին: Սկզբում դա արեց «Տինկոֆ»-ը. «Կոլմոգորով» սուպերհամակարգիչը, որը կրում է ռուս հայտնի մաթեմատիկոս Անդրեյ Կոլմոգորովի անունը, նախատեսված է մոդելների արագ ուսուցման համար:

Ամիսներ անց Սբերբանկը ներկայացրեց ամենահզոր ռուսաստանյան սուպերհամակարգիչը, որը ստացավ Christofari անվանումը՝ ի պատիվ Ռուսաստանի խնայդրամարկղերի առաջին հաճախորդ Նիկոլայ Կրիստոֆարիի:

Սուպերմշակումների առումով այս տարի եւս մեկ անգամ աչքի ընկավ «Տինկոֆ»-ը, որը գործարկեց  առաջին սուպերհավելվածը Ռուսաստանում:

Իսկ արդեն տարվա վերջում «Տինկոֆ»-ը ներկայացրեց Ռուսաստանում առաջին թվային բանկոմատը՝ «Կեշա»-ին, որն ունի էկրանի ռեկորդային չափ՝ 32 դյույմ եւ 4K տարլուծում:

Օլեգ Տինկովը

Նորից վերադառնանք Սբերբանկին: Այն խոստացավ, որ 2020թ. վերջին ֆիզիկական անձանց վարկերի տրամադրման 100% որոշումները կընդունի արհեստական բանականությունը:

Ավելի ուշ նույն Սբերբանկը հայտնեց, որ եկող տարի արհեստական բանականության տեխնոլոգիայի ներդրումից լրացուցիչ եկամտի տեսքով ակնկալում է ավելի քան $1,04 մլրդ:

Ազդեցիկ են նաեւ Սբերբանկի կողմից թվային փոխակերպմանն ուղղված միջոցները. 2015-ից մինչեւ 2018-ն ընկած ժամանակահատվածում բանկն այս բնագավառում ներդրել է ավելի քան $6,16 մլրդ:

Շարունակենք կիսվել Սբերբանկի մասին պատմող նորություններով: Այսպես, այս տարի բանկը ստեղծեց հեռուստահաղորդավարի  թվային նմանակին՝ Ելենային, որը Սբերբանկի նորությունների հեռուստահաղորդավարն է եւ կարող է վարել նորությունների սյուժեներ:

Սբերբանկին վերաբերող ես մեկ ուշագրավ նորություն. 2019-ի սկզբին հայտնի դարձավ, որ ճանաչված գիտնական, բժիշկ-հոգեթերապեւտ Անդրեյ Կուրպատովը կզբաղվի Սբերբանկի ներքին մատրիցայի ուսումնասիրությամբ:

Անդրեյ Կուրպատովը

2019թ. Ռուսաստանում վերջին չորս տարում առաջին անգամ նոր բանկ հիմնվեց. այն կգործի միայն համացանցում եւ չի ունենա ո՛չ մասնաճյուղ, ո՛չ բանկոմատ: «Բանկ 131»-ի հիմնական ուղղվածությունն է լինելու ինտերնետում գործող ընկերությունների՝ ռիթեյլերների, սոցիալական ցանցերի, քեշբեք եւ այլ ծառայությունների դրամարկղա-հաշվարկային սպասարկումը:

Ռուսաստանցիներն այս տարվա սկզբից հնարավորություն են ստացել գումար փոխանցել գրեթե բոլոր խոշոր բանկերի հաճախորդների հաշվին՝ առանց քարտի համարի մուտքագրման. բավարար կլինի իմանալ գումար ստացողի բջջային հեռախոսահամարը: Դա հնարավոր է դարձել Ռուսաստանի Կենտրոնական բանկի արագ փոխանցումների համակարգի շնորհիվ: «Ֆինտեխ» ասոցիացիան, որի կազմում են նաեւ մի շարք խոշոր բանկեր, համակարգում է նախագիծը:

Ռուսաստանին վերաբերող լրահոսը եզրափակենք խանութների դրամարկղերում քարտերից կանխիկացման նորությունով: Դեռեւս 2018-ին Մոսկվայում բացվեց առաջին խանութը, որի դրամարկղում բանկային քարտով վճարում կատարելիս կարելի էր նաեւ գումար կանխիկացնել: Նոր ծառայությունը ստացավ «Կանխիկը՝ գնումների հետ» անվանումը: Իսկ արդեն այս տարի հայտնի դարձավ, որ խոշոր ռուսաստանյան բանկերը նախատեսում են խանութների դրամարկղերում քարտերից կանխիկացման փորձը ներդնել ամբողջ Ռուսաստանում:

Եվրոպա


Տեղափոխվենք Եվրոպա: Այստեղ ֆինտեխ ոլորտն առանձնացավ ներդրումային մեծ հոսքերով: Այսպես, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ոլորտում մասնագիտացող բրիտանական OakNorth ընկերությունը հայտարարեց $440 մլն-ի, իսկ գերմանական N26 մոբայլ բանկը հայտնեց $300 մլն ծավալով ներդրումների ներգրավման մասին:

Հատկանշական է, որ ամիսներ անց՝ այս տարվա ամռանը, N26 մոբայլ բանկն իր գործող բաժնետերերից ներգրավեց եւս $170 մլն: Նոր ներդրումներից հետո ստարտափը գնահատվեց $3,5 մլրդ: N26-ն ամենաբարձր գնահատվող ֆինտեխ ստարտափներից մեկն է աշխարհում:

Դրանից առաջ՝ 2019-ի գարնանը, դրամական փոխանցումների TransferWise ընկերությունը հայտարարեց $292 մլն ծավալով լրացուցիչ ֆինանսավորում ներգրավելու մասին, ինչի արդյունքում ստարտափը եւս գնահատվեց $3,5 մլրդ եւ այդ փուլում ճանաչվեց ամենաթանկարժեք ֆինտեխ ստարտափը Եվրոպայում: Ընկերությունը հիմնել են էստոնական ծագումով գործարարները: Այսօր TransferWise-ը 5 մլն հաճախորդ ունի ամբողջ աշխարհում, ամսական մշակում է շուրջ $5 մլրդ ծավալով փոխանցումներ:

TransferWise-ի հիմնադիրները

Գարնանը հայտնի դարձավ եւս երկու խոշոր ներդրումային գործարքների մասին: Գլոբալ վճարային լուծումներ առաջարկող Checkout.com ֆինտեխ ընկերությունը $230 մլն ներգրավեց: Իսկ թվային վճարումների ոլորտի մեկ այլ ընկերություն՝ գերմանական Wirecard-ը, հայտարարեց, որ պատրաստվում է €900 մլն ներգրավել ճապոնական SoftBank տեխնոլոգիական կոնգլոմերատից:

Ծագումով Վրաստանից Թամազ Գեորգաձեի հիմնած Raisin գերմանական ֆինանսական մարքեթփլեյսը (marketplace) 2019-ի սկզբին $114 մլն ներգրավեց: Raisin-ը հիմնվել է 2013թ. Բեռլինում՝ նպատակ ունենալով մեկ տեղում կենտրոնացնել եվրոպական բանկերի առաջարկները խնայողությունների պահպանման համար: Ստարտափն առաջարկում է ինտերֆեյս, որում կարելի է բացել հաշիվներ, անցնել մի հաշվից մյուսին եւ ընտրել առավել շահավետ տոկոսադրույքը:

Թամազ Գեորգաձեն

Տարվա սկզբին հայտնի դարձավ եւս մեկ ներդրումային գործարքի մասին. շվեդական Tink ֆինտեխ ստարտափը ներգրավեց €56 մլն: Tink-ը հաճախորդներին առաջարկում է հավելված, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես են նրանք ծախսեր կատարում իրենց բոլոր հաշիվներից:

2019-ի սկզբին հայտնեցինք նաեւ այն մասին, որ չինական Alibaba Group-ի ֆինանսական ստորաբաժանումը՝ Ant Financial ընկերությունը, ձեռք կբերի բրիտանական WorldFirst վճարային ծառայությունը: Չինական ընկերության համար այս գործարքը արժեցավ $700 մլն եւ սա այն դեպքում, երբ Ant Financial-ը գնահատվում է $150 մլրդ:

«Ֆինտեխ» բաժնում մենք բազմիցս ենք անդրադարձել ռուսական եւ ուկրաինական արմատներով բրիտանական Revolut ֆինտեխ ընկերությանը: Այս տարի ստարտափը գործարկեց բաժնետոմսերի առուվաճառքի գործառույթը: Ծառայությունը հնարավորություն է ընձեռում Nasdaq եւ NYSE բորսաներից 300 ընկերությունների բաժնետոմսեր գնել եւ վաճառել:

Revolut-ի հիմնադիրները

Բրիտանական Monzo մոբայլ բանկը, որը Revolut ստարտափի անմիջական մրցակիցն է, հունիսին ստացավ $144 մլն ներդրում եւ գնահատվեց $2,5 մլրդ:

Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է արդյոք բիզնես կառուցել անվստահության վրա: Klarna շվեդական բանկի փորձը ցույց է տալիս, որ՝ այո՛: Klarna-ն գործունեությունը սկսել էր որպես միջնորդ՝ օնլայն խանութի եւ գնորդի միջեւ, որոնք չէին վստահում միմյանց, եւ ի վերջո վերածվեց գլոբալ ինտերնետ բանկի: Klarna-ի մասին մեր անդրադարձը՝ այս հղումով:

Եվ մեր եզրափակիչ անդրադարձը եվրոպական ֆինտեխին: Աշնանը Գերմանիայի բանկերի դաշնային ասոցիացիան, որի կազմում ընդգրկված է ավելի քան 200 մասնավոր բանկ, հանդես է եկել թվային եվրոյի եւ միասնական համաեվրոպական վճարային հարթակի ստեղծման օգտին: Ասոցիացիան ներառում է այնպիսի ճանաչված բանկեր, ինչպիսիք են Deutsche Bank-ը, Credit Suisse-ը, Commerzbank-ը:

ԱՄՆ


Անցնող տարում ամերիկյան ֆինտեխ շուկան աչքի ընկավ BigTech անդրսահմանային ընկերությունների աշխուժությամբ՝ ֆինանսական ծառայությունների ներկայացման առումով: Այսպես, գարնան սկզբին Apple-ը ներկայացրեց իր Apple Card-ը, իսկ ամիսներ անց փորձնական գործարկեց այն:

Աշնանը Facebook-ը ներկայացրեց Facebook Pay նոր վճարային համակարգը, որը տրամադրում է օգտատերերին վճարելու տարբերակ Facebook-ի, Messenger-ի, Instagram-ի եւ WhatsApp-ի միջոցով:

Իսկ Google-ը դարձավ Սիլիկոնյան հովտի վերջին հսկան, որը դուրս կգա ֆինանսական շուկա՝ իր հաճախորդներին հնարավորություն տալով բացել հաշվարկային հաշիվներ: Cache աշխատանքային անվանումով նախագիծը կներկայացվի արդեն հաջորդ տարի:

Անցնող տարին բավականին ակտիվ էր PayPal-ի համար: Նախ, PayPal-ը մուտք գործեց չինական շուկա. Չինաստանի ժողովրդական բանկը հավանություն տվեց ամերիկյան PayPal հոլդինգի կողմից տեղական Guofubao Information Technology (GoPay) վճարային օպերատորի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի գնմանը: Գործարքի պայմանների համաձայն՝ PayPal-ը ձեռք կբերի GoPay-ի բաժնետոմսերի 70%-ը: GoPay-ի գնումը թույլ կտա PayPal-ին դառնալ առաջին արտասահմանյան ընկերությունը, որը հնարավորություն կունենա աշխատել օնլայն վճարումների չինական շուկայում:

PayPal-ի նախագահ Դեն Շուլմանը

Այնուհետեւ PayPal-ը հայտարարեց $4 մլրդ արժողությամբ գնման մասին: Մասնավորապես, PayPal հոլդինգը պատրաստվում է ձեռք բերել Honey Science Corporation-ը՝ գնումների եւ պարգեւների արագ զարգացող տեխնոլոգիական հարթակը: Սա կլինի PayPal-ի համար այս տեսակի ամենամեծ գործարքը:

Եվ եւս մեկ գործարք PayPal-ի կատարմամբ. տարվա վերջին վճարային համակարգը գլխավորեց ճապոնական ֆինտեխի ամենախոշոր ներդրումային արշավը՝ դառնալով էլեկտրոնային առեւտրի ոլորտում աշխատող Paidy ճապոնական ֆինտեխ ստարտափի ներդրող: Ընդհանուր առմամբ Paidy-ը ներգրավեց $143 մլն: Paidy-ի ֆինանսավորման ռաունդը գլխավորեց PayPal ընկերության PayPal Ventures վենչուրային ստորաբաժանումը:

Առատ ներդրումներ եղան նաեւ ամերիկյան շուկայում: Հունիսին ամերիկյան Brex ընկերությունը ներգրավեց $100 մլն եւ գնահատվեց $2,6 մլրդ: Ընկերությունը թողարկում է կորպորատիվ վարկային քարտեր ստարտափների համար, որոնց մերժում են դասական բանկերը: Ընդ որում, նախագծի հիմնադիրները 22 եւ 23 տարեկան են:

Brex-ի հիմնադիրները

Արժեթղթերի առեւտրում մասնագիտացած ամերիկյան Robinhood հավելվածը $323 մլն ներգրավեց եւ գնահատվեց $7,6 մլրդ: Ներդրումային ռաունդը, որը կայացավ հուլիսին, գլխավորեց Յուրի Միլների (Mail.Ru Grou-ի նախկին սեփականատեր եւ տնօրենների խորհրդի նախագահ-խմբ.) DST Global ֆոնդը:

Կալիֆոռնիայում գործող Tala ստարտափը, որը սպառողներին է տրամադրում վայրկենական փոխառություններ $10-ից մինչեւ $500, օգոստոսին ներգրավեց $110 մլն: Ընկերության արժեքը գերազանցեց $750 մլն-ը: Tala-ն ընդհանուր առմամբ $1 մլրդ-ի փոխառություն է տրամադրել 4 մլն հաճախորդի:

Աշնանը Սիլիկոնյան հովտում գործող Next Insurance ապահովագրական ստարտափը հերթական ներդրումային ռաունդի ընթացքում ներգրավեց $250 մլն-ի վենչուրային ֆինանսավորում եւ գնահատվեց $1 մլրդ: Ֆինանսավորման ռաունդը գլխավորեց գլոբալ ապահովագրական շուկայի առաջատարներից մեկը՝ Munich Re գերմանական վերաապահովագրական ընկերությունը: Ռաունդին մասնակցել է նաեւ American Express-ի վենչուրային ստորաբաժանումը:
 

Այլ երկրներ


Ընթացիկ տարվա մարտին հայտնի դարձավ, որ BRICS անդամ երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) մշակում են BRICS Pay անվանումով միասնական վճարային համակարգը: Նախագծի իրականացման հնարավոր սցենարներից է՝ հատուկ առցանց դրամապանակի ստեղծումը, որը կհամախմբի բոլոր երկրների վճարային համակարգերը:

Ամռանը մոբայլ բանկային ծառայությունների ոլորտում գործող բրազիլական Nubank ֆինտեխ ստարտափը $400 մլն-ի ներդրումային ռաունդ անցկացրեց: Ռաունդի մասնակիցներից դարձավ վերոհիշյալ Յուրի Միլների DST Global ֆոնդը:

Ամառվա ամենաակնառու ֆինտեխ գործարքների ցանկում հայտնվեց եւս մեկ ստարտափ Բրազիլիայից: Խոսքը Creditas թվային հարթակի մասին է, որն առաջարկում է սպառողական վարկեր գրավի դիմաց: Հուլիսին ընկերությունը ներգրավեց $231 մլն: Ընկերության արժեքը չի բացահայտվում:

Վերջերս հայտնի դարձավ, որ Visa վճարային համակարգը ձեռք է բերել նիգերիական Interswitch ֆինտեխ ընկերության բաժնետոմսերի էական մինորիտար փաթեթը, ինչի արդյունքում ընկերությունը գնահատվել է $1 մլրդ: Visa-ն գնել է ֆինտեխ ընկերության բաժնետոմսերի 20%-ը $200 մլն-ով:

Interswitch-ի հիմնադիրը

Մտորումներ ապագայի մասին


«Գնալով շատ ավելի մեծ թվով բանկեր են սկսում հասկանալ, որ հնացած ՏՏ ենթակառուցվածքն ամենամեծ խոչընդոտն է. այլեւս անհրաժեշտություն չկա ինքնուրույն մշակել տեխնոլոգիաները։ Դա շատ թանկ հաճույք է, հատկապես նորմատիվային պահանջների աճի պայմաններում։ Բացի այդ, աշխարհն է շատ արագ առաջ շարժվում։

Բանկերն ունեն լավ հնարավորություն՝ մրցակցելու ֆինտեխ եւ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ, քանի որ ունեն ռեսուրսներ եւ հավատարիմ հաճախորդների խոշոր բազա։ Սակայն այդ ամուր հիմքը կարող է չդիմանալ, եթե բանկերը շարունակեն զբաղվել սեփական համակարգերի, ծառայությունների եւ լուծումների մշակմամբ։

Հաղթող կդառնա նա, ով իր ուշադրության կենտրոնում կպահի առանձին հաճախորդի պահանջներին ադապտացված ծառայությունը։ Դրան կարելի է հասնել միայն մասնագիտացված գործընկերների հետ համագործակցության միջոցով, որոնցից յուրաքանչյուրը կմատակարարի առանձին բաղադրիչներ, որոնք արդյունքում կմիավորվեն հաճախորդների համար հստակ եւ ունիկալ ծառայությունում՝ հաճախորդի շահերը դասելով առաջին տեղում»,- ասել է Saxo Bank-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Կիմ Ֆուրնեն։

Saxo Bank-ի համահիմնադիր Կիմ Ֆուրնեն

«2030թ. կփոխվի հաղորդակցությունը հաճախորդների եւ բանկերի միջեւ: Օգտատերերն ավելի հաճախ կօգտվեն ձայնային օգնականներից: Մարդիկ վճարումներ կկատարեն ոչ թե քարտերով, այլ ձայնային հրահանգներով: Բանկերը չեն լինի պարզապես ֆինանսական ծառայությունների մատակարարներ, այլ կկարողանան հոգալ հաճախորդների բոլոր կարիքները՝ առաջարկելով իրենց անհատականացված պրոդուկտները եւ ծառայությունները: Օրինակ, բանկը կկարողանա առաջարկել հաճախորդին երաժշտական ծառայության նոր, ավելի շահավետ բաժանորդագրություն, քան նախկինում էր:

Բացի այդ, 10 տարի հետո վստահությունը շատ մեծ պահանջարկ կվայելի. սպառողները կձգտեն, որ իրենց անձնական տվյալները հուսալիորեն պաշտպանված լինեն եւ դրան զուգահեռ բանկերը տրամադրեն անհրաժեշտ ծառայություններ: Այս մոտեցումը կբերի նրան, որ շուկայում կհայտնվեն սուպեր հավելվածներ, որոնք կբավարարեն սպառողների բոլոր պահանջները»,- կարծում են KPMG-ի վերլուծաբանները:

«Ես արդեն քիչ բաների վրա եմ զարմանում, սակայն երբ առիթ է լինում աշխատել ֆինտեխի հետ, ապշում եմ, թե ոնց կարելի է այդպես լավ միավորել ֆինանսներն ու տեխնոլոգիաները: Ֆինտեխը սկիզբ է առել մոտավորապես տասը տարի առաջ: Այսօր արդեն կան նոր գաղափարներով հազարավոր ֆինտեխ ընկերություններ, դրանցից շատերը ստանում են միլիարդավոր ներդրումներ եւ լիովին փոխում մեր պատկերացումը ֆինանսական ծառայությունների մասին:

Services Club-ի նախագահ Քրիս Սքիները

Ֆինտեխ երեւույթի ծավալները պատկերացնելու համար կարելի է դիմել թվերին: 2018թ. գլոբալ ֆինտեխ շուկայում ներդրումները գերազանցել են $111,8 մլրդ-ը, մինչդեռ 2017թ. այդ ցուցանիշը կազմել է $50,8 մլրդ: Մեկ տարվա ընթացքում աճը կազմել է 120%: Այս ժամանակահատվածում ներդրում է ստացել ավելի քան 12 000 ստարտափ եւ «հասունացել է» 40 ընկերություն, որոնք գնահատվել են մեկ եւ ավելի միլիարդ դոլար: Բնականաբար, բանկիրները, տեսնելով այս ամենը, փորձում են արձագանքել: Եվ, միեւնույնն է, փորձագետները նշում են, որ ֆինանսական հատվածը շարունակում է աշխատել ոչ ամենաարդյունավետ կերպով:

Բանկերը պետք է դադարեն լինել ֆինանսական ծառայությունների սովորական ագրեգատորներ եւ հսկիչներ ու «անել ամեն ինչ բոլորի համար»: Անհրաժեշտ է դառնալ նրանց գործընկերը, որը մասնագիտանում է բիզնեսի մեկ բնագավառում, սակայն դա անում է շատ լավ»,- նշել է Financial Services Club-ի նախագահ Քրիս Սքիները:

Պատրաստեց Խորեն Օրմանյանը

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 7258
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW