Klarna՝ անվստահության վրա հիմնված բիզնես
10.09.2019 | 09:28 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://frankrg.com

Frank Media-ն պարզել է՝ ինչպես է կառուցված այս բանկի բիզնես մոդելը:
Ֆակտորինգ e-commerce-ում
Klarna-ն շվեդերենից թարգմանաբար նշանակում է «պարզ»: «Մենք ցանկանում ենք լինել հասարակ եւ հասկանալի ամեն ինչում, ինչ անում ենք, քանի որ կյանքն առանց այդ էլ բարդ է»,- նշված է Klarna-ի կայքում: Ֆինտեխ լուծում, բանկ, միջնորդ e-commerce-ում՝ Klarna-ն տարբեր կերպ են անվանում:
Klarna-ն սկսել է գործել 2005-ից, սկզբում որպես օնլայն վճարումների ծառայություն, իսկ բանկային լիցենզիա ստացել է միայն 2017-ին: Klarna-ի համահիմնադիր Սեբաստիան Սեմյատկովսկին նշում էր, որ բիզնեսի հիմքում ընկած է օնլայն խանութի եւ գնորդի միջեւ եղած անվստահության խնդրի լուծումը:
2000-ականների սկզբին e-commerce հատվածը շատ երկրներում դեռ նոր էր զարգանում, գնորդները վախենում էին օնլայն վճարումներ կատարել, իսկ ինտերնետ խանութները՝ ուղարկել ապրանքն առանց կանխավճարի: Այս պայմաններում Klarna-ն հանդես եկավ միջնորդի դերում՝ աշխատելով փաստացի ֆակտորինգային մոդելի սկզբունքով՝ հարմարեցնելով այն e-commerce-ին:
Klarna-ն բաժանեց հաճախորդի համար ապրանքի գնումը եւ դրա դիմաց վճարումը: Խանութը ստանում էր Klarna-ից ապրանքի դիմաց գումարը միանգամից, իսկ գնորդն արդեն վճարում էր բանկին, երբ պատվերը հասնում էր իրեն: Հետագայում անտոկոս ապառիկին ավելացան վարկային պրոդուկտներ:
Ինչպե՞ս է ամեն ինչ կառուցված
Klarna-ի բիզնես մոդելի հիմքում ընկած է օնլայն խանութներում գնորդներին ապառիկի եւ վարկի տրամադրումը: Klarna-ն աշխատում է 130 000 խանութների հետ եւ համագործակցության շրջանակում առաջարկում է ապրանքների ապառիկով գնման ծառայությունը: Klarna-ի հետ համագործակցող ինտերնետ խանութի այցելուների մոտ, քարտով վճարելու վայրկյանական հնարավորությունից բացի, կա երեք գործառույթ՝
1. Վճարի՛ր ավելի ուշ (Pay later)
Ապրանքի դիմաց վճարումը կատարվում է այն ուղարկելուց հետո 14 կամ անգամ 30 օր հետո (ամեն ինչ կախված է կոնկրետ խանութից): Սա, ըստ էության, անտոկոս ապառիկ է: Եթե հաշիվը չի վճարվում ապրանքն ուղարկելուց հետո ամիսների ընթացքում, ապա պարտքը համարվում է ժամկետանց եւ փոխանցվում է կոլեկտորներին:
2. Կտրի՛ր (Slice it)
Գնորդը կարող է բաժանել գնումների գումարը հավասար ամենամսյա վճարումների, այսինքն՝ վարկ վերցնել: Վարկի տոկոսադրույքը չի կարող լինել ավելին, քան տարեկան 18,9%-ն է: Վարկի ժամկետը պետք է լինի 3-ից 36 ամիս:
3. Վճարի՛ր երեք քայլից (Pay in 3)
Գնումների գումարը բաժանվում է երեք հավասար վճարի: Վճարումը կատարվում է քարտից, որը հաճախորդը նշել է վճարելիս: Առաջին մուծումը կատարվում է գնումը կատարելիս, երկրորդն ու երրորդը՝ համապատասխանաբար 30-րդ եւ 60-րդ օրը: Բանկը նշում է, որ սա ապառիկ է եւ տոկոսներ չեն գանձվում:
Շուկան
Klarna-ն աշխատում է 14 երկրում: Ամենամեծ ծածկույթը DACH տարածաշրջանում է (Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա)՝ 2018-ին այս տարածաշրջանին բաժին է հասել ընդհանուր եկամտի կեսը, իսկ Շվեդիային եւ Դանիային՝ մեկ երրորդը: 2015թ. աշնանը Klarna-ն մուտք գործեց ԱՄՆ-ի շուկա, որտեղ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ապահովեց $1 մլրդ-ի շրջանառություն: 2017-ից Klarna-ն աշխատում է Մեծ Բրիտանիայում:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: