Արա Մակարյան. ԱրմՍվիսԲանկը կլինի նորարարության առաջնագծում EIF-ի հետ համագործակցությամբ

11.03.2025 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Արա Մակարյան #«ԱրմՍվիսԲանկ» #Եվրոպական Ներդրումային Ֆոնդ
«ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն առաջին անգամ Հայաստանում €20 միլիոնի երաշխիքային գործիքի պայմանագիր է կնքել Եվրոպական Ներդրումային Ֆոնդի (EIF) հետ:

Պայմանագրի նպատակն է զարգացնել Հայաստանի տնտեսությունը՝ աջակցելով փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) եւ կանանց ձեռներեցությանը։ Այս առիթով զրուցել ենք «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ, բիզնեսի զարգացման դեպարտամենտի Տնօրեն Արա Մակարյանի հետ:

- ԱրմՍվիսԲանկը վերջերս կնքեց €20 միլիոն ծավալով երաշխիքային գործիքի պայմանագիր Եվրոպական Ներդրումային Ֆոնդի (EIF) հետ: Ինչո՞վ է սա նշանակալի ինչպես բանկի, այնպես էլ Հայաստանի տնտեսության համար:

- Այս համագործակցությունը մեզ համար կարեւոր նշանակություն ունի: Եվրոպական Ներդրումային Ֆոնդի հետ պայմանագիր կնքելը ոչ միայն նոր դռներ է բացում մեր հաճախորդների համար, այլեւ մեծացնում է Հայաստանի ֆինանսական համակարգի վստահելիությունը միջազգային ասպարեզում: Սա Հայաստանում առաջին նմանատիպ ծրագիրն է, որը թույլ է տալիս մեզ ներդնել նորարարական լուծումներ՝ նպաստելով ՓՄՁ-ների զարգացմանը, ինչը Հայաստանի տնտեսության կայունացման ու զարգացման համար առաջնային նշանակություն ունի: Այստեղ կարեւոր է շեշտել, որ ԱրմՍվիսԲանկը չի մատուցում մասսայական բանկային ծառայություններ, այլ հիմնականում կենտրոնացած է ՓՄՁ-ներին կորպորատիվ եւ ներդրումային բանկային ծառայություններ մատուցման վրա, որով եւ պայմանավորված է EIF-ի հետ համատեղ այս գործիքի ներդրումը:

ԱրմՍվիսԲանկի այս ծրագիրը զգալիորեն բարձրացնում է ՓՄՁ-ների հասանելիությունը ֆինանսական ռեսուրսներին՝ ապահովելով ավելի մեղմ գրավային պահանջներ եւ ավելի երկար ժամկետով ֆինանսավորում: Այս համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք աջակցել մեր հաճախորդներին` իրականացնելով ավելի մեծ ներդրումային ծրագրեր՝ առանց բարդ գործընթացների: Բացի այդ, բիզնեսներին տրամադրվող գործիքները ինչպիսիք են վարկերը, լիզինգը, ֆակտորինգը եւ բանկային երաշխիքները, կդառնան ավելի ճկուն եւ արդյունավետ: Սա ոչ միայն կօգնի խթանել բիզնեսի զարգացումը, այլեւ կուժեղացնի նրանց կարողությունները՝ դիմակայելու արտաքին շուկաների պահանջներին: Այս ամենը հնարավոր է դարձել Եվրոպական Միության եւ Եվրոպական Ներդրումային Բանկի աջակցության շնորհիվ:

- Պարոն Մակարյան, ծրագրի պայմաններով նշվում է, որ երաշխիքի պորտֆելի առնվազն 20%-ը պետք է ուղղվի կանանց ձեռներեցության զարգացմանը: Ինչպե՞ս է ԱրմՍվիսԲանկը իրականացնելու այս նպատակադրումը:

- Կանանց ձեռներեցության աջակցությունը մեզ համար ոչ միայն ֆինանսական, այլեւ՝սոցիալական կարեւորություն ունի: Մենք հավատում ենք, որ կանայք մեծ ներուժ ունեն իրենց համայնքների, ինչպես նաեւ ողջ տնտեսության զարգացման գործում: ԱրմՍվիսԲանկի ֆինանսավորումների 30%-ից ավելին այժմ կազմում են կանանց կողմից կառավարվող ձեռնարկությունները: Այս ուղղվածության զարգացման համար մենք նախատեսում ենք մի շարք նախաձեռնություններ:

Նախ, կկազմակերպենք ակտիվ մարքեթինգային արշավներ, որոնց միջոցով տեղեկատվությունը ծրագրի հնարավորությունների մասին կհասնի ինչպես մեր ներկայիս, այնպես էլ սկսնակ կին ձեռնարկատերերին: Բացի այդ, մեր թիմը կիրականացնի հատուկ կրթական ծրագրեր եւ սեմինարներ, որոնք ուղղված կլինեն կանանց ձեռներեցության խթանմանը:
Մենք ձգտում ենք ոչ միայն աջակցել կանանց ձեռներեցությանը, այլեւ՝ նպաստել համայնքների կայուն զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը եւ հավասար հնարավորությունների ապահովմանը ֆինանսական ոլորտում:

- Որո՞նք են այս ծրագրի ներդրողների եւ բանկի համար նախատեսված հիմնական հնարավորությունները:

- Նախեւառաջ, այս ծրագիրը մեզ թույլ է տալիս ընդլայնել մեր ֆինանսական պրոդուկտների պորտֆելը եւ ներկայացնել միջազգային լավագույն փորձին համապատասխանող եւս մեկ գործիք: Եվրոպական Ներդրումային Ֆոնդի հետ համագործակցությունը ստեղծում է բացառիկ հնարավորություն՝ ներգրավելու նորարարական գործիքներ, որոնք առավելապես համապատասխան են մեր կորպորատիվ հաճախորդների կարիքներին եւ պահանջներին:

Բացի այդ, ծրագրի շրջանակում նախատեսված մրցունակ պայմանները, ներառյալ ավելի ճկուն ֆինանսավորման մեխանիզմները եւ պորտֆելի ձեւավորման լայն հնարավորությունները, թույլ են տալիս մեզ ստեղծել ավելի որակյալ եւ կայուն վարկային պորտֆել: Սա ոչ միայն ամրապնդում է բանկի դիրքերը շուկայում, այլեւ օգնում է խուսափել ռիսկային գործարքներից՝ միաժամանակ խթանելով տնտեսական աճն ու զարգացումը:

Ծրագրի գրավչության շնորհիվ մենք ակնկալում ենք նաեւ բարելավել կապիտալի համարժեքության ցուցանիշները, որոնք կարեւոր նշանակություն ունեն բանկի կայունության եւ երկարաժամկետ հաջողության համար: Նորարարական եւ մրցունակ պրոդուկտների ներդրումը նպաստում է մեր հաճախորդների բավարարվածության մակարդակի բարձրացմանը՝ դարձնելով ԱրմՍվիսԲանկը առավել նախընտրելի գործընկեր բիզնեսի զարգացման համար:
Եվրոպական Ներդրումային Ֆոնդի հետ համագործակցությունը մեզ համար ոչ միայն ֆինանսական գործիքների ընդլայնման, այլեւ վստահելիության նոր մակարդակի հիմք է դնում, որը կարեւոր է միջազգային ներդրողներին գրավելու եւ շուկայում մեր ներկայությունն առավել ամրապնդելու համար:

- Որո՞նք են ծրագրի շրջանակում տրամադրվող երաշխիքի հիմնական պայմանները, ներառյալ՝ առավելագույն գումարը եւ կիրառման առանձնահատկությունները:

- Ծրագրի շրջանակում Եվրոպական Ներդրումային Ֆոնդի կողմից տրամադրվող երաշխիքի ընդհանուր գումարը կազմում է €20 միլիոն: Երաշխիքը տրամադրվում է նոր ձեւավորվող վարկային պորտֆելի համար, որը նշանակում է, որ գործող վարկերը չեն կարող ներառվել ծրագրի շրջանակում:

Առավելագույն երաշխիքի գումարը մեկ վարկառուի համար սահմանված է €5 միլիոն, որը հնարավորություն է տալիս խոշոր բիզնեսներին եւ ընկերություններին եւս օգտվել այս ծրագրի ընձեռած առավելություններից: Երաշխիքի ծածկույթի սահմանաչափը մեկ վարկային գործիքի նկատմամբ կազմում է 30-80%, որը մեծացնում է բիզնեսի համար ֆինանսավորման հասանելիությունը՝ նվազեցնելով ռիսկերը:

Այս ամենի հետ մեկտեղ, բանկը պարտավորվում է իրականացնել հաշվետվողականության պահանջներ՝ ապահովելով ծրագրի թափանցիկությունն ու արդյունավետությունը:

- Ի՞նչ պլաններ ունեք ծրագրի շրջանակներում հետագա քայլերի առնչությամբ:

- Մենք պատրաստ ենք ակտիվորեն աշխատել ծրագրի արդյունավետ իրականացման համար: Կնախաձեռնենք համագործակցության շրջանակի ընդլայնում, կզարգացնենք նոր ֆինանսական պրոդուկտներ եւ կապահովենք մեր հաճախորդների համար առավելություններ, որոնք կօգնեն նրանց բարելավել իրենց դիրքերը շուկայում:
Դիտում՝ 5304
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW