Banks.am-ը եւ Wilco կապիտալի կառավարման ընկերությունը սկսում են համատեղ հոդվածաշար՝ նվիրված իրավահաջորդությանն ու ընտանեկան կառավարմանը։Անկախության 35-ամյակը նշող Հայաստանը թեւակոխում է սերունդների միջեւ խոշոր մասնավոր կապիտալի փոխանցման փուլ։ Այս կապիտալը գրեթե ամբողջությամբ ստեղծվել է զրոյից՝ վերջին երեքուկես տասնամյակի ընթացքում, եւ դրա սեփականատերերն ու նրանց ընտանիքները դեռ նոր պետք է անցնեն բիզնեսի եւ ակտիվների հաջորդ սերնդին փոխանցման գործընթացով՝ չունենալով նախկինում սերնդափոխության փորձ եւ ձեւավորված ավանդույթներ։Մենք ներկայացնելու ենք կոնկրետ պատմական օրինակներ՝ ուղեկցելով դրանք Wilco-ի փորձագետների մեկնաբանություններով, որոնք կօգնեն հասկանալ այդ դասերի կիրառելիությունը հայաստանյան իրականության համար։Եթե այցելեք Նյու Յորք, հավանաբար, կուզեք գոնե մեկ անգամ տեսնել քաղաքի այցեքարտերից համարվող Կենտրոնական կայարանը՝ Գրանդ Ցենտրալը։ Կայարանի մոտ վստահաբար կնկատեք մոտ 3 մետր բարձրությամբ եւ 4 տոննա կշռող տղամարդու բրոնզաձույլ մի արձան, որը ժամանակին ամենամեծն էր Միացյալ Նահանգներում։ Արձանը պատկերում է 19-րդ դարի ամերիկացի ամենահաջողակ եւ հարուստ ձեռնարկատերերից մեկին՝ Կորնելիուս Վանդերբիլթին։ Կորնելիուս Վանդերբիլթի արձանը Նյու Յորքի Կենտրոնական կայարանի մոտ Վանդերբիլթը, ում անունը սերտորեն կապված է Գրանդ Ցենտրալի ստեղծման պատմության հետ, 16 տարեկանում ծնողներից փոխառած 100 ԱՄՆ դոլարը կարողացավ վերածել երկաթուղային կայսրության եւ տասնամյակներ անց կուտակեց մոտ 100 մլն դոլարի կարողություն։ Համեմատության համար ասենք, որ այդ գումարը գերազանցում էր այն ժամանակ Միացյալ Նահանգների գանձապետարանում պահվող միջոցների ծավալը։Սակայն ընդամենը մի քանի սերնդի ընթացքում ընտանեկան այդ մեծ հարստությունը գրեթե ամբողջությամբ փոշիացավ։ Իսկ ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց։Վանդերբիլթների կայսրության կառուցումը1817 թվականին Կորնելիուսը ծանոթացավ լաստանավային բիզնեսի սեփականատեր Թոմաս Գիբոնսի հետ, որը նրան առաջարկեց ղեկավարել Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի միջեւ երթեւեկող իր շոգենավը։ Այդպես Վանդերբիլթը ծանոթացավ ժամանակի ամենապահանջված եւ նորարարական համարվող տրանսպորտի՝ շոգենավերի հետ, ինչը զգալիորեն ընդլայնեց նրա տեսադաշտը եւ օգնեց նոր կապեր հաստատել։ Արդեն 1830 թվականին Վանդերբիլթը շահագործում էր իր սեփական շոգենավերը, որոնք երթեւեկում էին Նյու Յորքից դեպի հարակից շրջաններ։ Հաջողության առաջին աստիճանը նվաճված էր։ Նյու Յորքի Կենտրոնական կայարանի ներսում Լուսանկարը՝ REUTERS Վանդերբիլթի կարիերայի ամենանշանակալի շրջադարձը 1860-ականների սկզբին էր, երբ նա 67 տարեկան հասակում վաճառեց իր շոգենավերը եւ ներդրումներ կատարեց մի շարք երկաթուղային ընկերություններում, այդ թվում՝ Նյու Յորքի Կենտրոնական երկաթուղում (New York Central Railroad)։ Կարճ ժամանակ անց նա նոր երկաթուղային կայարան կառուցեց Մանհեթենում ու այդպես ծնվեց Գրանդ Ցենտրալը, որի դիմաց էլ մինչ օրս կանգուն է նրա արձանը։ Մոտ մեկ տասնամյակի ընթացքում երկաթուղային բիզնեսում գրանցած հաջողությունները նրան բերեցին «ամերիկյան երկաթուղիների թագավոր»-ի տիտղոսը։Ամերիկայի ամենահարուստ մարդը ժառանգում է ունեցվածքըԿորնելիուսը առաջին ամուսնությունից 13 երեխա ուներ: Նախքան 1877 թվականին 82 տարեկանում մահանալը նա իեւ կարողության մեծ մասը՝ մոտ 90 տոկոսը, կտակել էր ավագ որդուն՝ Ուիլյամ Հենրիին։ Ասում են՝ կարողությունը ավագ որդուն կտակելիս նա հետեւյալ պատգամն էր թողել. «Ցանկացած հիմար կարող է հարստություն կուտակել, իսկ այն պահպանելու համար խելք է անհրաժեշտ»։ Ուիլյամ Հենրի Վանդերբիլթը Թեպետ Ուիլյամը հոր մահից հետո ընդամենը 8 տարի ապրեց, նա կարողացավ այդ կարճ ժամանակահատվածում էլ ավելի ընդլայնել Վանդերբիլթների երկաթուղային կայսրությունը։ Շատ հետազոտողներ նշում են, որ նա կրկնապատկեց հորից ժառանգած կարողությունը՝ հասցնելով այն մոտ 200 մլն ԱՄՆ դոլարի։Ուիլյամ Վանդերբիլթի մահից հետո գումարը բաժանվեց նրա երեխաների միջեւ, եւ այդպես սկսվեց Վանդերբիլթների կայսրության անկումը։Վերջի սկիզբը կամ «Վանդերբիլթների անեծքը»Կորնելիուս Վանդերբիլթը համոզմունք ուներ, որ ընտանիքի հարստության հիմնական մասը պետք է փոխանցվի միայն մեկ ժառանգի, սակայն երբ Ուիլյամ Վանդերբիլթը 1885 թվականին մահացավ, նա կարողությունը ժառանգեց երեք որդիներին՝ Կորնելիուս II-ին, Ուիլյամ Քիսամին եւ Ջորջ Վաշինգտոնին։Հարստության բաժանմանը զուգահեռ Վանդերբիլթների ընտանիքում բիզնեսը զարգացնելու հետաքրքրությունը մարում էր, իսկ ծախսերն աճում էին։ Մինչեւ 1899 թվականին վրա հասած մահը Կորնելիուս Վանդերբիլթ II-ը, որն ամենաշատն էր ներգրավված ընտանեկան բիզնեսում եւ ամենամեծ հետաքրքրությունն ուներ, ղեկավարում էր իրենց պատկանող երկաթուղային ընկերությունները եւ շարունակում էր հոր սկսած բարեգործական գործունեությունը։ Ուիլյամ Քիսամը աշխատում էր եղբոր հետ, սակայն շատ ավելի քիչ էր հետաքրքրված ընտանիքի ժառանգության պահպանմամբ։ Երբ Կորնելիուսը մահացավ, Ուիլյամը ստանձնեց ընկերությունների ղեկավարումը եւ կարճ ժամանակ անց որոշեց երկաթուղիների կառավարումը փոխանցել արտաքին ընկերության, իսկ ինքը հեռացավ ակտիվ բիզնեսից ու ամբողջովին նվիրվեց իր սիրելի զբաղմունքներին՝ զբոսանավերի մրցումներ, ձիեր, ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության կողմից կազմակերպվող միջոցառումներ։ Կրտսեր եղբայրը՝ Ջորջ Վաշինգտոն Վանդերբիլթը, ամենաքիչն էր հետաքրքրված բիզնեսով, մասնավորապես՝ ընտանեկան ձեռնարկությունները զարգացնելու ու ընդլայնելու հեռանկարով։ Փոխարենը, նա, ընտանիքի շատ այլ անդամների նման, նախընտրում էր կալվածքներ գնել ու շքեղ տներ կառուցել, որտեղ կազմակերպվող երեկույթների մասին խոսում էին ամբողջ ԱՄՆ-ում։ Ընդ որում, այդ տների կառուցման համար նրանք վարձում էին ամենահայտնի ու հեղինակավոր ճարտարապետներին՝ մեծ գումարներ վճարելով։ Ամենահիշարժաններից է Հյուսիսային Կարոլինայում գտնվող 250 սենյականոց Բիլթմոր կալվածքը՝ մոտ 60 հազար հեկտար։ Ասում են, որ այս կալվածքը կլանեց Ջորջի 5 մլն դոլար ժառանգության 4,4 մլն դոլարը։ Բիլթմոր կալվածքը Բիլթմոր կալվածքը19-րդ դարի վերջը Վանդերբիլթների համար ուղեկցվեց մեծ ծախսերով ու հասարակության մեջ իրենց դիրքը պահելու անհագ մրցակցությամբ։ Ընտանիքը ձեռք էր բերում եվրոպացի արվեստագետների թանկարժեք հավաքածուներ եւ առանձնատներ: Միայն Մանհեթենի Հինգերորդ պողոտայի վրա նրանք 10 առանձնատուն կառուցեցին։ Այդ տների պահպանության համար ծախսվում էին հսկայական գումարներ՝ այն դեպքում, երբ տարվա ընթացքում դրանք մեծամասամբ դատարկ էին մնում։ Արդյունքում հսկայական կալվածքները, անձնական շքեղությունները եւ հասարակական բարձր կարգավիճակին համապատասխանելու համար կատարվող ճոխ ծախսերը կլանում էին ընտանիքի հարստության զգալի մասը։ Ընտանեկան ժառանգության վերջնական մսխումըԱստիճանաբար ընտանեկան ձեռնարկությունը սկսեց կորցնել իր կենտրոնացվածությունը՝ բաժանվելով ավելի մեծ թվով ժառանգների միջեւ։ Թեեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տրանսպորտային բիզնեսը հասել էր իր գագաթնակետին, բեռնատար մեքենաների, բեռնատար նավերի եւ ինքնաթիռների զարգացումը էապես թուլացրեց երկաթուղային արդյունաբերության դիրքերը։ New York Central-ի բաժնետոմսերը վաճառքի հանվեցին, իսկ մի քանի սնանկացումներից հետո ընկերությունը 1971 թվականին ի վերջո անցավ պետական Amtrak ընկերության վերահսկողության ներքո։ Մանhեթենի One Vanderbilt Tower երկնաքերի վերին հարկում Լուսանկարը՝ REUTERS 20-րդ դարի կեսերին ընտանիքի բազմաթիվ նշանավոր կալվածքներ վաճառված էին կամ վերածվել էին թանգարանների, քանի որ ժառանգների պարտքերը շարունակաբար աճում էին։ Տարածված, գուցե նաեւ փոքր-ինչ չափազանցված միտք կա այն մասին, որ 1973 թվականի հանդիպման ժամանակ, երբ հավաքվել էին Վանդերբիլթների ընտանիքի 120 ժառանգներ, նրանցից ոչ ոք արդեն միլիոնատեր չէր։Մեր օրերի ամենահայտնի ՎանդերբիլթըՎանդերբիլթների ընտանիքի այսօրվա ամենահայտնի ներկայացուցիչը վեցերորդ սերնդի ժառանգ, հաղորդավար Անդերսոն Կուպերն է։ Սերելով ժամանակին ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը համարվող Կորնելիուս Վանդերբիլթի ընտանիքից՝ Կուպերը սերնդեսերունդ փոխանցվող հարստություն չի ժառանգել։ Ըստ էության, նրա ժամանակ Վանդերբիլթներից մնացած կարողության մեծ մասն արդեն գոյություն չուներ։ Անդերսոն Կուպերը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լուսանկարը՝ REUTERS Կուպերը հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես է մայրն իրեն ասել, որ նա չի կարողանալու ոչ մի ցենտ ծախսել Վանդերբիլթների ժառանգությունից: Անդերսոն Կուպերը հետագայում տարբեր առիթներով նշել է, որ ուրախ էր դրա համար, քանի որ ժառանգություն ստացած գումարը «սպանում է նախաձեռնողականությունը» եւ «անեծք» է։ Վանդերբիլթների վերելքն ու անկումն պարզ ճշմարտության ապացույցն է՝ հարստություն ստեղծելը դժվար է, սակայն էլ ավելի բարդ է այն սերնդեսերունդ պահպանելը եւ չվատնելը։ ***Վանդերբիլթների պատմությունն ակնառու օրինակ է այն հարցերի, որոնք ծանոթ են խոշոր կապիտալ տնօրինող բազմաթիվ ընտանիքների. ում եւ ինչպես փոխանցել կարողությունն ու բիզնեսը, ինչպես պահպանել ընտանիքի միասնությունն ու արժեքները, որ գործիքները կօգնեն չկորցնել կապիտալը սերունդների միջեւ։ Խնդրեցինք դրանք մեկնաբանել Wilco-ի ռազմավարական ծրագրերի գծով տնօրեն Կարինա Հարությունովային, որը մասնագիտացած է ընտանեկան կառավարման (family governance) եւ իրավահաջորդության պլանավորման հարցերում։Դժվարությունները համընդհանուր ենԿապիտալը գրանցման հասցե չունի, իսկ ընտանիքների բարեկեցության պլանավորման եւ փոխանցման դժվարությունները համընդհանուր են։ Սերունդների բախումը, հայացքների տարբերությունը, երկխոսության, միասնական սկզբունքների եւ ներընտանեկան վեճերի լուծման իրավական մեխանիզմների բացակայությունը, ցավոք, չի նպաստում հաջորդ սերունդներին առաջին հերթին ոչ նյութական արժեքների, ավանդույթների եւ ընտանեկան պատմությունների փոխանցմանը։ Մինչդեռ հենց ընտանիքի պատմության իմացությունը, վստահությունը եւ կապիտալի ու բիզնեսի ճակատագրի վերաբերյալ նախապես ձեւակերպված մոտեցումներն են ապագա բարեկեցության եւ ընտանեկան անդորրի հիմք հանդիսանում։Այս հիմքը կառուցելու համար համաշխարհային պրակտիկայում գոյություն ունի ընտանեկան կառավարում կամ family governance։ Սա վերացական հասկացություն չէ, այլ հստակ համակարգ. ընտանեկան խորհուրդներ, ընտանեկան սահմանադրություններ, որոշումների կայացման կանոնակարգեր, հակամարտությունների կարգավորման մեխանիզմներ։ Առավել համակարգված տարբերակում՝ ընտանեկան գրասենյակ (family office), որը պրոֆեսիոնալ կերպով կառավարում է կապիտալը, ներդրումները եւ ընտանիքի շահերը՝ որպես մեկ ամբողջություն։ Wilco-ում մենք աշխատում ենք ինչպես այն ընտանիքների հետ, որոնք նոր են սկսում նման ենթակառուցվածք կառուցել՝ օգնելով ամենասկզբից դնել հիմնաքարերը, այնպես էլ արդեն գործող ընտանեկան գրասենյակների հետ, որոնք փորձագիտական աջակցության կարիք ունեն ընտանեկան կառավարման եւ իրավահաջորդության կոնկրետ հարցերում։Գրագետ իրավահաջորդությունը միայն մասնավոր գործ չէԱրեւմուտքում family governance-ը հարյուրամյակների պատմություն ունի, իսկ մեր տարածաշրջանում ընտանիքին որպես գործընկերության մոտենալու մշակույթը՝ կառավարմամբ, կոմիտեներով եւ սահմանված կանոններով, դեռ նոր է ձեւավորվում։Կարեւոր է հասկանալ, որ խոսքը միայն առանձին ընտանիքների ճակատագրի մասին չէ։ Այն, թե ձեռնարկատերերի առաջին սերունդն ինչպես կփոխանցի իր կապիտալը, մեծապես կորոշի՝ արդյո՞ք այդ կապիտալը կշարունակի աշխատել տարածաշրջանի տնտեսության մեջ, թե աստիճանաբար կփոշիանա։ Գրագետ իրավահաջորդությունը միայն մասնավոր գործ չէ, եւ խոշոր կապիտալի պարագայում այն կարող է ազդել երկրի կամ տարածաշրջանի տնտեսության վրա։Հասկանալ նպատակըՉկա մեկ միասնական իրավական գործիք, որը կլուծեր բոլոր հարցերը, կգործեր ինքնավար եւ պարբերական վերանայման կարիք չէր ունենա։ Առաջին հերթին կարեւոր է հասկանալ կառուցվածքավորման նպատակը. թե ժառանգատուն ինչպիսի տնօրինում է ակնկալում իր ակտիվների եւ ընտանիքի համար իր հեռանալուց հետո։ Մանhեթենի One Vanderbilt Tower երկնաքերի վերին հարկում Լուսանկարը՝ REUTERS Օրինակ՝ կտակում արժե մանրամասն նկարագրել, թե որ գույքը եւ բիզնեսը պետք է անցնեն ոչ թե ուղղակիորեն ժառանգներին, այլ հատուկ ստեղծվող կազմակերպությանը՝ ֆոնդին կամ թրաստին, թե ով է իրականացնելու դրա կառավարումը, եւ ժառանգներից ում, ինչ չափով ու ինչ պայմաններով է այն վճարումներ կատարելու։ Դա կապահովի ոչ միայն ակտիվների անվտանգությունը, այլեւ կպաշտպանի հենց ժառանգներին՝ տարիքային անփորձությունից, բիզնես- հմտությունների պակասից եւ կողմնակի «բարյացակամ» խորհրդատուներից։Ընդ որում, կոնկրետ գործիքի ընտրությունը մեծապես պայմանավորված է այն իրավասությամբ, որտեղ կենտրոնացված է կապիտալը։ Օրինակ՝ ԱՊՀ երկրներում ամենատարածված մեխանիզմներից մեկը ֆոնդն է։Պլանավորման գործիքներըԻնչպես ասվում է՝ ճշմարտությունը ժամանակի դուստրն է։ Միայն ժամանակն է ունակ ի ցույց դնել այս կամ այն որոշման արդարացիությունը։ Կյանքը բազմազան է եւ բավականին փոփոխական, ժամանակակից մարդը չի կարող լիովին ապահովագրել իր ընտանիքը, սակայն նրան հասանելի են պլանավորման այնպիսի գործիքներ, որոնք ունակ են զգալիորեն նվազեցնել ռիսկերի քանակը՝ իր նախորդների համեմատ։ Անորոշությու՞ն, թե՞ կանխատեսելիություն. ընտրությունը մերն է։ Tweet Դիտում՝ 148