S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշները

24.08.2026 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ /

S&P Global Ratings գործակալությունը հաստատել է արտարժույթով եւ ազգային արժույթով Հայաստանի երկարաժամկետ ու կարճաժամկետ սուվերեն վարկանիշները «BB-/B» մակարդակում:


Երկարաժամկետ վարկանիշների գծով կանխատեսումը մնում է «դրական»:

S&P Global Ratings-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Դրական կանխատեսումն արտացոլում է արտաքին պահուստների ավելացման եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակական առաջընթացի հաշվին արտաքին կայունության դինամիկա ձեւավորելու Հայաստանի ներուժը: Միասին վերցված՝ այս գործոնները ժամանակի ընթացքում կարող են նվազեցնել երկրի խոցելիությունը վճարային հաշվեկշռի ու աշխարհաքաղաքական ռիսկերի մասով:

Մենք կարող ենք վերանայել կանխատեսումը՝ հասցնելով «կայուն» մակարդակի, եթե տարածաշրջանային աշխարհաքաղաքական ռիսկերը զգալիորեն սրվեն կամ տեղի ունենա Ռուսաստանից աշխատուժի եւ կապիտալի ներհոսքի կտրուկ կրճատում, ինչը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսական, բյուջետային ցուցանիշների եւ վճարային հաշվեկշռի վրա:

Մենք կարող ենք բարձրացնել վարկանիշները, եթե Հայաստանի վճարային հաշվեկշիռը շարունակի կայունություն դրսեւորել անվտանգային եւ աշխարհաքաղաքական ռիսկերի պայմաններում: Դրան կարող է նպաստել արտարժույթային պահուստների հետագա կուտակումը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման առաջընթացին զուգահեռ»:

S&P Global Ratings-ը նշում է, որ TRIPP նախագիծը «կարող է ուժեղացնել տարածաշրջանային կապակցվածությունը եւ միջնաժամկետ հեռանկարում աջակցել առեւտրին ու ներդրումներին»:

«Թեեւ շրջանակային համաձայնագիրն արդեն սահմանում է նախաձեռնության կառավարման հիմնական սկզբունքները եւ ինքնիշխանության հարցերը, դրա իրականացումը գտնվում է վաղ փուլում. կոնկրետ նախագծային ուղղությունները, ֆինանսավորումը եւ կոնցեսիաների մանրամասն պայմանները դեռեւս որոշված չեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ S&P-ի կանխատեսման՝ Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը 2026 թվականին կդանդաղի մինչեւ 4,9%՝ 2025 թվականի 7,1%-ի համեմատ:

«Այնուամենայնիվ, բարձր ներդրումային ակտիվությունը պետք է աջակցի տնտեսության աճին: Ակնկալվում է, որ 2027–2029 թթ. աճի տեմպերը միջինում կկազմեն 5%՝ շնորհիվ սպառման եւ ներդրումային ակտիվության», - ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայաստանի միջազգային պահուստները 2026 թվականին շարունակել են էապես ամրապնդվել: Համախառն արտարժութային պահուստները հունիսին հասել են ռեկորդային $6,9 միլիարդի՝ 46%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Աճն ապահովվել է գործոնների համադրությամբ՝ պետական եվրոպարտատոմսերի տեղաբաշխմամբ, Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի գնումներով, ինչպես նաեւ արտերկրից ֆինանսական եւ ներդրումային կապիտալի ուժեղ ներհոսքով: S&P-ի կանխատեսումներով՝ Հայաստանի արտարժութային պահուստները ընդհանուր առմամբ կայուն կմնան»,- նշում է գործակալությունը:
Դիտում՝ 627

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW