Իպոլիտ Ֆոֆակը Աֆրիկյան արտահանման-ներմուծման բանկի նախկին գլխավոր տնտեսագետն է։Ապադոլարացման եւ բազմաբեւեռ դրամավարկային կարգի անցման հստակ նշաններից մեկը ոսկու կրկին աճող կարեւորությունն է համաշխարհային ֆինանսական շուկաներում։ Ներդրողները գնալով ավելի հաճախ են այս մետաղը դիտարկում որպես ռազմավարական ակտիվ, իսկ կենտրոնական բանկերը ֆինանսական եւ աշխարհաքաղաքական ռիսկերի նկատմամբ իրենց դիմակայունությունը ամրապնդելու նպատակով ռեկորդային ծավալներով ոսկի են գնում։ Անցյալ տարի գրանցվել է ոսկու պահուստների չորրորդ ամենախոշոր աճը։ Նիդեռլանդների կենտրոնական բանկը, պատճառաբանելով «աշխարհաքաղաքական անկայունությունը», որոշեց իր ոսկու պահուստների մեծ մասը դուրս բերել Միացյալ Նահանգներից, եւ սա այս միտման ընդամենը վերջին օրինակն է։Օգոստոսին, որը սովորաբար հանգիստ ամիս է համարվում, ԱՄՆ երկարաժամկետ պետական պարտատոմսերի կտրուկ վաճառքից և դրա հետևանքով եկամտաբերությունների աճից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը միջամտեց պարտատոմսերի շուկային, ինչն էլ ավելի ամրապնդեց ոսկու՝ որպես ամենահուսալի, ապահով ակտիվի ընկալումը․ նրա միջամտությունը հանգեցրեց դոլարի կտրուկ անկմանը և ոսկու գների զգալի աճին։ Սքոթ Բեսենթը Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հունիսին Եվրոպական կենտրոնական բանկը հաստատեց, որ ոսկին գերազանցել է ԱՄՆ գանձապետական պարտատոմսերին եւ դարձել աշխարհի առաջատար պահուստային ակտիվը։ Այս դիրքը, ըստ ամենայնի, հետագայում կամրապնդվի եւ ավելի լայն տարածում կստանա։ Պաշտոնական դրամավարկային եւ ֆինանսական հաստատությունների ֆորումի կողմից վերջերս անցկացված հարցման համաձայն՝ առաջիկա տասը տարիներին ավելի շատ կենտրոնական բանկեր նախատեսում են նվազեցնել իրենց դոլարային պահուստները, քան ավելացնել դրանք։ Համաշխարհային ոսկու խորհրդի՝ կենտրոնական բանկերի ոսկու պահուստների վերաբերյալ 2026 թվականի հարցումը եւս նմանատիպ արդյունքներ է արձանագրում. հարցվածների 74%-ն ակնկալում է, որ առաջիկա հինգ տարիներին դոլարային պահուստները կլինեն չափավոր կամ զգալիորեն կնվազեն։Իհարկե, քիչ հավանական է, որ մոտ ապագայում որեւէ նոր համաշխարհային դրամական գերիշխող արժույթ փոխարինի դոլարին, հատկապես թվային այս դարաշրջանում, որը բնորոշվում է տեխնոլոգիաների արագ տարածմամբ եւ տնտեսական ուժի ավելի լայն բաշխմամբ։ Փոխարենը, դոլարից աստիճանական նահանջը վկայում է ավելի բազմազան միջազգային դրամական համակարգի ձեւավորման մասին, որտեղ մի քանի արժույթներ՝ դոլարը, եվրոն եւ յուանը, կարեւոր դեր են խաղում, հատկապես կենտրոնական բանկերի պահուստներում։ Նման համակարգում ոսկին, որպես քաղաքականապես չեզոք պահուստային ակտիվ, կապող օղակ է ծառայում մրցակցող դրամական բլոկների միջեւ։Կենտրոնական բանկերը, սուվերեն հարստության ֆոնդերը եւ ինստիտուցիոնալ ներդրողները սկսել են բարձր եկամտաբերության փոխարեն առաջնահերթություն տալ կապիտալի պահպանմանը։ Դրա հիմնական պատճառն այն է, որ բարձր եկամտաբերություն ապահովող ներդրումները կորցնում են իրենց գրավչությունը, եթե հակամարտության կամ անկայունության ժամանակաշրջաններում ակտիվների անհասանելի դառնալու վտանգ կա: Ոսկու եւ դոլարի առեւտրակշռված փոխարժեքի միջեւ կապը սովորաբար բացասական է, իսկ ոսկին չի ենթադրում ինքնիշխան կոնտրագենտի ռիսկ, ինչը այն դարձնում է ավելի հուսալի հեջ՝ «սանձարձակ Ամերիկայի» և աշխարհաքաղաքական ցնցումների հետ կապված մարտահրավերներից պաշտպանվելու համար։Աշխարհաքաղաքական ռիսկերը միջազգային դրամական համակարգը համաշխարհային առեւտրին եւ անդրսահմանային ներդրումներին նպաստող չեզոք ենթակառուցվածքից վերածել են ռազմավարական մրցակցության ասպարեզի՝ հիմնովին փոխելով ռիսկի եւ եկամտաբերության հավասարակշռությունը եւ ազգային անվտանգությունը երկրորդական մտահոգությունից վերածելով ներդրումային որոշումների կայացման նախապայմանի: Ոսկու նկատմամբ մեծ պահանջարկն արտացոլում է համաշխարհային ֆինանսների ավելի լայն փոխակերպումը, որը արտահայտվում է ֆինանսական պահանջներից դեպի նյութական ակտիվների սեփականություն, արդյունավետությունից դեպի դիմադրողականություն, ինչպես նաեւ մեկ պահուստային արժույթից կախվածությունից դեպի ավելի դիվերսիֆիկացված ու ռազմավարական առումով հավասարակշռված դրամական կարգ անցմամբ։Սուվերեն ռիսկի այս վերագնահատումն, անկասկած, ազդել է Չինաստանի Ժողովրդական բանկի պահուստային ռազմավարության վրա: Հուլիսին Չինաստանի Ժողովրդական բանկը (PBOC) 21-րդ ամիսն անընդմեջ ավելացրեց իր ոսկու պաշարները՝ հասցնելով դրանք 76.08 միլիոն տրոյական ունցիայի: Միեւնույն ժամանակ, Չինաստանը Հոնկոնգում ավելացնում է ֆիզիկական ոսկու իր պաշարները։ Հոնկոնգը վերջերս փորձնական հիմունքներով գործարկել է ոսկու գործարքների քլիրինգի եւ հաշվարկների համակարգ եւ սահմանափակել է մանրածախ ներդրողների հասանելիությունը թանկարժեք մետաղների առեւտրին։ Լուսանկարը՝ Kremlin.ru Չինաստանի անցումը ֆիզիկական ոսկու կուտակմանն ընդգծում է ոսկու գործառույթի էվոլյուցիան՝ ֆինանսական ակտիվից վերածվելով ռազմավարական դրամական ակտիվի: Դոլարային ակտիվներից կախվածությունը նվազեցնելուց բացի, երկրի արժութային պահուստների կառավարման գործում ոսկու դերի ընդլայնումը կարող է նաեւ ամրապնդել վստահությունը յուանի նկատմամբ եւ բարձրացնել վստահությունը Չինաստանի Ժողովրդական բանկի (PBOC) հաշվեկշռի նկատմամբ։ Սա, կարծես, նաեւ ուղղված է յուանի ավելի լայն կիրառման խթանմանը՝ այդ թվում երկկողմ արտարժութային սվոփ պայմանագրերի, առեւտրային հաշվարկների մեխանիզմների եւ պարտքային արժեթղթերի թողարկման միջոցով, հատկապես այն պայմաններում, երբ յուանով արտահայտված պարտքային գործիքների շուկան՝ ներառյալ օֆշորային «դիմ սամ» եւ ներքին շուկայի «պանդա» պարտատոմսերը, արագորեն ընդլայնվում է։Սակայն Չինաստանի՝ յուանի կիրառումը խթանելու ձգտումը չի նշանակում, որ այդ արժույթը կարող է փոխարինել դոլարին: Յուանը շարունակում է ենթարկվել կապիտալի շարժի վերահսկողության եւ չունի ֆինանսական բավարար խորություն՝ համաշխարհային մակարդակում դոլարի հետ մրցակցելու համար։ Նմանապես, եվրոյի միջազգայնացմանն ուղղված վերջին նախաձեռնությունները, մասնավորապես՝ կենտրոնական բանկերի համար նախատեսված Եվրոհամակարգի ընդլայնված ռեպո գործիքի ընդլայնումը եւ եվրոյով արտահայտված պարտքային արժեթղթերի թողարկման աճը, համեմատաբար հաջողակ են եղել։ 2025 թվականին եվրոն դարձել է միջազգային կանաչ եւ կայուն պարտատոմսերի շուկայում առաջատար արժույթը։ Այնուամենայնիվ, եվրոն դեռեւս չի կարող ստանձնել դոլարի համաշխարհային դերը՝ կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ խոչընդոտների, մասնավորապես՝ միասնական հարկաբյուջետային քաղաքականության եւ խոր ու անխոչընդոտ գործող կապիտալի շուկաների բացակայության պատճառով։ Այդուհանդերձ, ոսկին լրացնում է մրցակից արժույթների դերի աճը եւ նպաստում դիվերսիֆիկացմանը՝ հանդես գալով որպես արժեքի պահպանման ընդհանուր միջոց, որն ընդունել՝ անկախ աշխարհաքաղաքական կողմնորոշումից կամ դրամավարկային այլ պայմանավորվածություններից։ Այսպիսով, ոսկու դերի աճն արտացոլում է տարածաշրջանային ինտեգրացիան խորացնելու եւ առեւտրում ու ներդրումներում դոլարից կախվածությունը նվազեցնելու ջանքերը, այդ թվում՝ BRICS անդամ երկրների միջեւ տեղական արժույթներով հաշվարկների ներդրման, եւ Ասիայում ու այլ տարածաշրջաններում անդրսահմանային վճարային համակարգերի զարգացման միջոցով։ Լուսանկարը՝ Kremlin.ru Թվային տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն են տալիս շրջանցել ավանդական թղթակցային բանկային ցանցերը, նոր հարթություն են հաղորդում ոսկու վերականգնվող կարեւորությանը: Կենտրոնական բանկերի թվային արժույթները եւ իրական ժամանակում գործող վճարային ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս ստեղծել ապակենտրոնացված դրամավարկային համակարգ, որտեղ բազմաթիվ արժույթներ գոյակցում են՝ ձեւավորելով թվային դարաշրջանի նոր գլոբալ ֆինանսական համակարգի հիմքը: Այնուամենայնիվ, տեխնոլոգիան չի կարող փոխարինել վստահության անհրաժեշտությունը. ոսկին շարունակում է ապահովել համընդհանուր վստահելիություն, որը կառուցվածքային փոփոխությունների ժամանակաշրջաններում վստահության հիմքն է։Թեեւ այն տարածված տեսակետը, թե դոլարին «այլընտրանք չկա», դեռեւս պահպանվում է, երբեք չի ակնկալվել, որ ապադոլարացման գործընթացը կընթանա կտրուկ կերպով։ Դրամավարկային ազդեցության համաշխարհային վերաբաշխումը գրեթե անկասկած կլինի աստիճանական եւ կուտակային՝ արտացոլելով տնտեսական ուժերի վերադասավորումը։Ոսկու՝ որպես աշխարհաքաղաքական եւ ֆինանսական ցնցումներից պաշտպանող միջոցի օգտին փաստարկը մնում է անժխտելի․ ոսկին ամենաչեզոք պահուստային ակտիվն է՝ բոլոր երկրների կողմից վստահություն վայելող եւ ոչ մեկի կողմից չվերահսկվող։ Սակայն սա ոսկու նկատմամբ հետաքրքրության աճի միակ պատճառը չէ։ Հսկայական տեխնոլոգիական հեղափոխության եւ համաշխարհային տնտեսության վերադասավորման պայմաններում իշխանությունները նաեւ ձգտում են ամրապնդել իրենց դրամավարկային ինքնիշխանությունը եւ դադարեցնել կախվածությունը որեւէ մեկ պահուստային արժույթից։Միջազգային դրամավարկային համակարգի այս կառուցվածքային վերափոխումն է ոսկու նկատմամբ պահանջարկի առավել խորքային եւ երկարաժամկետ շարժիչ ուժը։ Սա հուշում է, որ ոսկու նկատմամբ բարձր պահանջարկը, որը դրամավարկային բազմաբեւեռությանն անցնելու բնական կամուրջն է, պահպանվելու է։ Ինչպես իրավացիորեն նկատում է Շեքսպիրի «Ցիմբելին» (Cymbeline) պիեսի հերոս Կլոտենը ոսկու մասին՝ «Ի՞նչ չի կարող այն գնել կամ չեղարկել»:Թարգմանությունը՝ Լիլիթ ԽաչատրյանիԱյս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է«Յունիբանկի» գործընկերությամբ: Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա:Copyright: Project Syndicate, 2026.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 1032