Ineco Group-ը մուտք է գործում ԵՄ բանկային շուկա՝ ձեռք բերելով սլովենական LON բանկի բաժնետոմսերի մեծամասնությունը

16.09.2026 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ineco Group #LON

Ineco Group-ը՝ Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ Inecobank-ի մայր ընկերությունը, թեւակոխում է իր միջազգային զարգացման կարեւորագույն փուլերից մեկը՝ ստորագրելով Սլովենիայի Hranilnica LON բանկի բաժնետոմսերի մեծամասնության ձեռքբերման պայմանագիր (SPA)։


Այս գործարքով Ineco Group-ը մուտք է գործում Սլովենիայի եւ Եվրոպական միության բանկային շուկա՝ իր միջազգային ընդլայնումը տեղափոխելով նոր մակարդակ։ 

Hranilnica LON-ը շուրջ երեք տասնամյակ շուկայում գործող կայացած սլովենական բանկ է՝ ամուր հեղինակությամբ եւ բանկային գործունեություն իրականացնելու ամբողջական արտոնագրով։

Գործարքի ավարտը նախատեսվում է Սլովենիայի բանկի (Bank of Slovenia), Եվրոպական կենտրոնական բանկի (European Central Bank), ինչպես նաեւ համապատասխան պետական եւ կարգավորող այլ մարմինների անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո։ 

«Այսօր Ineco Group-ը թեւակոխում է իր միջազգային զարգացման կարեւորագույն փուլերից մեկը։ Իր նշանակությամբ սա, թերեւս, մեր անցած ճանապարհի ամենանշանակալի իրադարձությունն է եւ միաժամանակ պատմական պահ նաեւ Հայաստանի համար։ Մենք մուտք ենք գործում շուրջ 550 միլիոն բնակչություն ունեցող շուկա՝ զարգացման եւ աճի բոլորովին նոր հնարավորություններով», - նշել է Ineco Group-ի գործադիր տնօրեն Դավիթ Բալոյանը։

LON բանկի բաժնետոմսերի մեծամասնության ձեռքբերումը Ineco Group-ի՝ երեք տարի առաջ մեկնարկած միջազգային շուկայում ընդլայնման ռազմավարության շարունակությունն է։ Այսօր խումբն արդեն գործունեություն է ծավալում ավելի քան 10 շուկայում։
 
«Այս գործարքը երեք տարի առաջ մեկնարկած մեր միջազգային ընդլայնման ռազմավարության շարունակությունն է։ Այսօր Ineco Group-ն արդեն գործունեություն է ծավալում Կենտրոնական Ասիայից մինչեւ Եվրոպական միություն։ Մեր հավակնությունն է շարունակել աճի այս ուղին եւ ժամանակի ընթացքում մեր ծառայություններն ու պրոդուկտները հասանելի դարձնել միլիոնավոր հաճախորդների», - հավելել է Դավիթ Բալոյանը։ 

Գործարքի վերաբերյալ ավելի վաղ պաշտոնական հաղորդագրություն է տարածել նաեւ Hranilnica  LON-ը։ Բանկի գործադիր տնօրեն դոկտոր Իմրե Բալոգը (Dr. Imre Balogh) ընդգծել է գործարքի կարեւորությունը LON-ի հետագա զարգացման համար՝ նշելով, որ այն կնպաստի բանկի ամրապնդմանը եւ աճի նոր հնարավորություններ կստեղծի ինչպես Սլովենիայում, այնպես էլ Եվրոպական միության շուկաներում։ 

Ineco Group-ի մասին
 
Ineco Group ՓԲԸ-ն Հայաստանում գործող ֆինանսական ծառայությունների խումբ է։ Խմբի կազմում են Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Inecobank-ը, ներդրումային ծառայություններ մատուցող Dimension Investments-ը, ինչպես նաեւ տարածաշրջանի առաջատար ՏՏ ընկերություններից մեկը՝ Highway-ը։ 

Hranilnica LON d.d.-ի մասին

1992 թվականին հիմնադրված Hranilnica LON d.d.-ն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Կրան քաղաքում, Սլովենիայի 11-րդ խոշոր առեւտրային բանկն է՝ շուրջ 350 միլիոն եվրո ընդհանուր ակտիվներով։

Բանկը սպասարկում է շուրջ 20,000 հաճախորդի մասնաճյուղերի՝ ամբողջ երկիրն ընդգրկող ցանցի եւ ժամանակակից թվային հարթակների միջոցով՝ մատուցելով բանկային ծառայություններ ֆիզիկական անձանց, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ կորպորատիվ հաճախորդներին։

LON-ի գործունեության հիմքում ֆինանսական կայունության ապահովումը, վարկային ռիսկերի արդյունավետ կառավարումն ու կապիտալի ամուր դիրքի պահպանումն են։
Դիտում՝ 1425

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW