ԿԲ-ն զգուշացնում է` «G Class invest»-ը գործում է առանց համապատասխան լիցենզիայի

18.09.2026 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #«G Class invest»

Կենտրոնական բանկի կողմից ստացված ազդակների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «G Class invest» բրենդային անվանմամբ (կայք՝ www.gcard.am, www.gclass.am) ներկայացող «ՋԱՎԱ ԹԻՄ» ՍՊ ընկերությունը հանդես է գալիս «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված արժեթղթերի ձեռքբերման հրապարակային առաջարկով:


Կենտրոնական բանկից հայտնում են, որ իրենց կողմից չի գրանցվել որեւէ փաստաթուղթ, որի հիման վրա Ընկերությունը ներկայացնում է նմանատիպ առաջարկ, ինչպես նաեւ Ընկերությանը չի տրամադրվել որեւէ տեսակի ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետեւաբար՝ վերջինս գործում է ԿԲ վերահսկողությունից դուրս:

«Զեղծարարություններից եւ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ներդրողներին հորդորում ենք զգոն լինել եւ ՀՀ տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկից օգտվելու դեպքում՝ նախքան հրապարակային եղանակով առաջարկվող արժեթուղթ ձեռքբերելը, համոզվել Կենտրոնական բանկի կողմից համապատասխան ազդագրի գրանցված եւ հրապարակված լինելու հարցում, եւ/կամ օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից կամ կարգավորման դաշտում գործող ընկերություններից»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:

Արժեթղթերի հրապարակային առաջարկ իրականացնող կազմակերպությունների ցանկին եւ համապատասխան ազդագրերին կարող եք ծանոթանալ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում «Հիմնական գործառույթներ» պատուհանի «Կարգավորում եւ վերահսկողություն» բաժնի «Արժեթղթերի շուկա» ենթաբաժնում, իսկ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ցանկը ներկայացված է նույն բաժնի «Լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում:

ԿԲ-ն կոչ է անում կապիտալի շուկայից դրամական միջոցներ ներգրավելու նպատակով արժեթղթերի հրապարակային առաջարկ իրականացնելու մտադրություն ունեցող անձանց գործունեությունն իրականացնել բացառապես օրենսդրության պահանջներին համապատասխան։
Դիտում՝ 541

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW