Կյունգ Լին Սեուլի ազգային համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր է։ Նա Հարավային Կորեայի նախագահի Ազգային տնտեսական խորհրդատվական խորհրդի նախկին փոխնախագահն է։Կյունգ ԼիՎերջին երկու տասնամյակների ընթացքում համաշխարհային տնտեսությունը կտրուկ փոխվել է, ինչը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամով, Մեծ Բրիտանիայի՝ 2016 թվականին Եվրամիությունից դուրս գալու որոշմամբ եւ Միացյալ Նահանգների ու Չինաստանի միջեւ սրվող մրցակցությամբ: Արժույթի միջազգային հիմնադրամի՝ այս տարվա ապրիլին հրապարակված «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» վերջին զեկույցը ցույց է տալիս, թե նման ցնցումներն ինչպես են ազդել զարգացող եւ զարգացած տնտեսությունների վրա։Երբ Goldman Sachs-ի տնտեսագետ Ջիմ Օ’Նիլը 2001 թվականին շրջանառության մեջ դրեց «BRIC» տերմինը, նրա մատնանշած չորս զարգացող տնտեսությունները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը, համարվում էին հսկայական աճի ներուժ ունեցողներ երկրներ։ Սակայն, անցած քառորդ դարի ընթացքում այս երկրների տնտեսական առաջընթացը խիստ անհավասար է եղել։Սկսենք զարգացող ամենախոշոր տնտեսությունից։ Չինաստանի հարաբերական տնտեսական հզորությունը, որը չափվում է նրա՝ ընթացիկ գներով հաշվարկված ՀՆԱ-ով ԱՄՆ-ի ՀՆԱ-ի հետ համեմատ, գագաթնակետին հասավ 2021 թվականին՝ կազմելով 76.6%։ 2022 թվականին այն նվազեց մինչեւ 70,4%՝ հիմնականում COVID-ի զրոյական տարածման քաղաքականության եւ անշարժ գույքի շուկայում անկման հետեւանքով, իսկ անցյալ տարի՝ մինչեւ 63,8%։ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ 2027 թվականին այդ ցուցանիշը փոքր-ինչ կաճի՝ հասնելով 64,9%։ Չինաստանի՝ արտահանման վրա հիմնված աճի մոդելի սահմանափակումները, ինչպես նաեւ երկրի վերելքը զսպելուն ուղղված ԱՄՆ-ի նպատակաուղղված ջանքերը, էականորեն սահմանափակում են անվանական ՀՆԱ-ի աճը։ Դա վկայում է այն մասին, որ հարաբերական տնտեսական հզորության տեսանկյունից մենք, հնարավոր է, արդեն ականատես ենք եղել «Չինաստանի վերելքի գագաթնակետին» (peak China)։Սակայն, երբ խոսքը գնում է կենսամակարդակի մասին, որը չափվում է գնողունակության համարժեքով (PPP) ճշգրտված մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով, Չինաստանը շարունակում է կրճատել ԱՄՆ-ի հետ ունեցած տարբերությունը։ 2021-2026 թվականներին Չինաստանի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ԱՄՆ-ի ցուցանիշի նկատմամբ աճել է 29.2%-ից մինչեւ 33.5%, ընդ որում եկամուտների տարբերությունը տարեկան կրճատվել է մոտ մեկ տոկոսային կետով։ Եթե այս միտումը շարունակվի, 2030-ականների սկզբին կամ կեսերին Չինաստանի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի ԱՄՆ-ի ցուցանիշի 40%-ը։ Դա հարաբերական առումով Չինաստանին կդնի բարձր եկամուտ ունեցող տնտեսությունների շարքում։Բացարձակ չափանիշներով, Չինաստանն այս նշաձողին կհասնի նույնիսկ ավելի շուտ։ 2025 թվականին Չինաստանի մեկ շնչին բաժին ընկնող համախառն ազգային եկամուտը կազմել է 14,230 դոլար, իսկ 2026 թվականին, ըստ կանխատեսումների, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 14,874 դոլարի՝ զգալիորեն գերազանցելով Համաշխարհային բանկի բարձր եկամուտ ունեցող տնտեսությունների համար սահմանված 14,375 դոլարի շեմը։ Այսպիսով, Չինաստանն, ըստ ամենայնի, կարողացել է խուսափել միջին եկամտի մակարդակում հայտնվելու վտանգավոր թակարդից։ Լուսանկարը՝ REUTERS Հնդկաստանը կոնվերգենցիայի հակառակ ուղեծրի վրա է՝ տնտեսական մասշտաբով մոտենալով ԱՄՆ-ին, սակայն դանդաղ առաջընթաց գրանցելով կենսամակարդակի բարելավման առումով։ 2000 թվականին Հնդկաստանն աշխարհի 13-րդ խոշորագույն տնտեսությունն էր՝ կազմելով համաշխարհային ՀՆԱ-ի 1.4%-ը։ 2022 թվականին այն բարձրացել էր հինգերորդ հորիզոնական՝ զիջելով միայն ԱՄՆ-ին, Չինաստանին, Գերմանիային եւ Ճապոնիային։ Թեեւ ռուփիի թուլացման եւ ՀՆԱ-ի տվյալների վերանայման հետեւանքով Հնդկաստանը հետ ընկավ Մեծ Բրիտանիայից եւ 2025-2026 թվականներին մնաց վեցերորդ տեղում, կանխատեսվում է, որ այն կրկին կբարձրանա վարկանիշային աղյուսակում եւ մյուս տարի կդառնա աշխարհի չորրորդ խոշորագույն տնտեսությունը։Ի տարբերություն Չինաստանի, Հնդկաստանի՝ գնողունակության համարժեքով ճշգրտված մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն վերջին տասնամյակում աճել է միայն չափավոր՝ 2016 թվականին ԱՄՆ-ի մակարդակի 10,4%-ից այս տարի հասնելով 13,6%-ի։ Տարեկան միջին աճը կազմում է ընդամենը 0.3 տոկոսային կետ։Ռուսաստանի տնտեսության չափը ԱՄՆ-ի տնտեսության համեմատ 2013 թվականին հասել էր իր գագաթնակետին՝ կազմելով 13.6%։ Դա տեղի ունեցավ Ղրիմի անօրինական բռնակցումից մեկ տարի առաջ, ինչը հանգեցրեց Արեւմուտքի կողմից մի շարք պատժամիջոցների կիրառմանը: 2016 թվականին այդ ցուցանիշը նվազել էր մինչեւ 6.8%, սակայն վերջին հինգ տարիների ընթացքում, չնայած Ուկրաինայի պատերազմին, կայունացել է՝ տատանվելով 7%-ից մինչեւ 8,8%-ի սահմաններում: Ռուսաստանի՝ գնողունակության համարժեքով ճշգրտված մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն նույնպես մնացել է կայուն՝ այդ ժամանակահատվածում տատանվելով 54.7%-ից մինչեւ 55.6%-ի սահմաններում: Իսկ Բրազիլիան հետընթաց է գրանցել ինչպես հարաբերական տնտեսական չափի, այնպես էլ կենսամակարդակի առումով: 2011 թվականին նրա հարաբերական ՀՆԱ-ն կազմում էր ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 16,8%-ը, սակայն 2019 թվականին նվազել էր մինչեւ 8,7%, իսկ ներկայումս կազմում է 8,1%։ Նմանապես, Բրազիլիայի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2011 թվականի 30.8%-ից նվազել էր մինչեւ 25.9%՝ 2019 թվականին, եւ այդ ժամանակվանից պահպանվել է նույն մակարդակում: Հարավային Աֆրիկան, որը BRICS-ին միացել է 2010 թվականին, նույնպես վերջին տասնամյակի ընթացքում հարաբերական եկամտի շարունակական անկում է գրանցել։ Երկու երկրներն էլ, ըստ ամենայնի, ամուր խրվել են միջին եկամտի թակարդում։ Լուսանկարը՝ REUTERS Խոշոր զարգացած տնտեսությունները նույնպես զիջում են իրենց դիրքերը ԱՄՆ-ի նկատմամբ՝ թե՛ տնտեսական հզորության, թե՛ եկամուտների առումով: Գերմանիայի հարաբերական ՀՆԱ-ն 2008 թվականին հասել էր գագաթնակետին՝ կազմելով ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 26%-ը, սակայն այս տարի նվազել է մինչեւ 16,8%՝ եվրոյի թուլացման, էներգակիրների գների ցնցումների, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական արտադրության, ավտոմոբիլային եւ կիսահաղորդչային ոլորտներում մրցունակության անկման հետեւանքով։ Գերմանիայի՝ գնողունակության համարժեքով ճշգրտված մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2011 թվականին հասել էր ԱՄՆ մակարդակի 97%-ին, սակայն դրանից հետո կայուն նվազել է՝ 2020 թվականին հասնելով 91,1%-ի, իսկ 2026 թվականին՝ 81%-ի։Ճապոնիան, իր հերթին, 1990-ականներից ի վեր հետ է մնում: Նրա հարաբերական ՀՆԱ-ն այդ տասնամյակի սկզբին ԱՄՆ-ի մակարդակի 74%-ից կտրուկ նվազել է՝ այս տարի հասնելով 13.5%: Նույն ժամանակահատվածում Ճապոնիայի՝ գնողունակության համարժեքով ճշգրտված մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ԱՄՆ-ի մակարդակի 86%-ից նվազել է մինչեւ 63%՝ 2026 թվականին։ Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա նրա հարաբերական տնտեսական արտադրանքը 2007 թվականին ԱՄՆ-ի մակարդակի 21.5%-ից նվազել է մինչեւ 13.2%՝ 2026 թվականին, իսկ հարաբերական մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2016 թվականի 81,3%-ից նվազել է մինչեւ 71,6%՝ 2026 թվականին։Որոշ ժամանակ աշխարհի զարգացած տնտեսությունները (բացառությամբ ԱՄՆ-ի) արագորեն զիջում էին դիրքերը զարգացող գործընկերներին։ G7-ի եւ BRICS-ի միջեւ ՀՆԱ-ի տարբերությունը 2000 թվականի 57 տոկոսային կետից կրճատվել էր մինչեւ 25 տոկոսային կետ՝ 2016 թվականին, երբ G7-ի մասնաբաժինը կազմում էր համաշխարհային ՀՆԱ-ի 47.3%-ը, իսկ BRICS-ի մասնաբաժինը՝ 22.5%։ 2016 թվականից ի վեր BRICS-ի՝ G7-ին հասնելու դինամիկան կանգ է առել ոչ թե այն պատճառով, որ G7-ն ավելի լավ արդյունքներ է գրանցել, այլ այն պատճառով, որ բոլորն են ավելի վատ արդյունքներ գրանցել։ Լուսանկարը՝ REUTERS Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ը շարունակում է առաջ անցնել մյուս խոշոր տնտեսություններից։ Թեեւ համաշխարհային ՀՆԱ-ում նրա մասնաբաժինը 2001 թվականին գրանցված 31,4% գագաթնակետից նվազել է, վերջին հինգ տարիների ընթացքում այն պահպանվել է 25%-ից բարձր մակարդակում եւ 2026 թվականին կազմում է 26%-ից մի փոքր բարձր։ Չնայած համաշխարհային կոնվերգենցիայի մասին բազմաթիվ խոսակցություններին, վերջին տասնամյակում ԱՄՆ-ն ավելի է առաջ անցել, մինչդեռ աշխարհի մեծ մասը դժվարանում է հասնել նրան։Թարգմանությունը՝ Լիլիթ ԽաչատրյանիԱյս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է«Յունիբանկի» գործընկերությամբ: Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում:Copyright: Project Syndicate, 2026.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 105