Կայուն զարգացում. երկարաժամկետ արժեք կամ երբ բիզնեսը մեկ օրով չի ապրում

18.09.2026 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Կայուն զարգացումը բիզնեսում կարող է դրսեւորվել տարբեր քայլերով՝ ռեսուրսների խնայողությունից, աշխատողների անվտանգության ապահովումից մինչեւ համայնքների զարգացմանն ուղղված ներդրումներ ու կառավարման մոտեցումների փոփոխություն։ Ընդհանուր գաղափարը մեկն է՝ տնտեսական արժեք ստեղծել՝ միաժամանակ հաշվի առնելով բիզնեսի սոցիալական եւ բնապահպանական ազդեցությունը։

Հայաստանում այս օրակարգը նույնպես աստիճանաբար մտնում է բիզնեսի դաշտ՝ հատկապես այն ոլորտներում, որտեղ ընկերությունների գործունեությունն առնչվում է մարդկանց, համայնքներին եւ բնական ռեսուրսներին։ Թե ինչպե՞ս է այս մոտեցումը կիրառվում եւ կարո՞ղ է կայունությունը միաժամանակ լինել պատասխանատու բիզնեսի սկզբունք եւ երկարաժամկետ տնտեսական ռազմավարության մաս, Banks.am-ը զրուցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի եւ «Ջեյ Թի Այ Արմենիա» (JTI) ընկերության կորպորատիվ եւ հանրային կապերի ղեկավար Արամ Արարատյանի հետ։

Ռեսուրսների պահպանում, անվտանգություն, արդար վարձատրություն

Կայունությունն այսօր միայն բնապահպանական օրակարգի մաս չէ։ Ընկերությունները մտածում են ոչ միայն՝ ինչ են արտադրում կամ վաճառում, այլեւ՝ ինչպես են դա անում, ինչ ռիսկեր են կառավարում եւ ինչ ազդեցություն են թողնում իրենց գործունեության միջավայրի վրա։

Արմեն Ստեփանյանը

Արմեն Ստեփանյանի խոսքով՝ կայուն զարգացման հիմքում ռեսուրսների պահպանման եւ ապագա սերունդների համար դրանց հասանելիության ապահովումն է։

«Եթե այն դիտարկենք որպես բիզնես մոդել, ապա դրա դասական սահմանումը հետեւյալն է՝ գործունեություն ծավալելով՝ մեր ռեսուրսները պահպանենք այնպես, որ չստեղծենք խնդիրներ ապագայի համար, իսկ արդեն առաջացած խնդիրները լուծենք եւ շարժվենք առաջ։ Նման մոտեցումը պահանջում է համապատասխան կառավարման մոդել, որի հիմքում բնապահպանական եւ սոցիալական պատասխանատվությունն են։ Վերջինս միայն համայնքների հետ աշխատանքին չի վերաբերում։ Սոցիալական պատասխանատվության կարեւոր մաս են նաեւ աշխատակիցների առողջությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը»։

Արամ Արարատյանը

Հայաստանում ծխախոտային արտադրանքի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող JTI Armenia-ի կորպորատիվ եւ հանրային կապերի ղեկավար Արամ Արարատյանն էլ կայուն զարգացման իրենց մոտեցման մեջ առանձնացնում է երեք փոխկապակցված ուղղություն՝ արտադրանքի նորարարություն, մարդկանց հզորացում ու մոլորակի պաշտպանություն.

«Առաջին ուղղությունը ներառում է նոր սերնդի արտադրանքը, գործառնական թափոնների կրճատումը եւ արտադրանքի ամբողջ կենսափուլի ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցումը։ Երկրորդի դեպքում՝ մեր աշխատակիցների մասին հոգ տանելն է եւ այնպիսի ներառական միջավայրի ապահովումը, որը թույլ է տալիս իրացնել իրենց ամբողջական ներուժը։ Օրինակներից մեկը կարող եմ նշել մեր ARISE նախաձեռնությունը, որն ուղղված է երեխաների կրթության ապահովմանը եւ մանկական աշխատանքի կրճատմանը։ Սա լրացնում է մեր մյուս նախաձեռնությունները, որոնք ուղղված են աշխատակիցների ներառական փորձառությանը, առողջության եւ անվտանգության պաշտպանությանը, մարդու իրավունքների հարգմանը եւ համայնքային ներդրումներին, այդ թվում՝ Հայաստանում: Երրորդը՝ մոլորակի պաշտպանությունն է, որի հիմքում մինչեւ 2050 թվականը մեր ամբողջ արժեքային շղթայում ջերմոցային գազերի զրոյական զուտ արտանետումների հասնելու համառոտ հանձնառությունն է»։

Բիզնեսի շահն ու անտեսման ռիսկերը

Կայուն զարգացումը բիզնեսի համար միայն պատասխանատվության հարց չէ, այն կապված է նաեւ ընկերության դիմակայունության եւ երկարաժամկետ հաջողության հետ։ Արամ Արարատյանի խոսքով՝ իրենց գործունեությունը կապված է բնական ռեսուրսների, գյուղատնտեսական մատակարարման շղթաների եւ համայնքների հետ, հետեւաբար կայուն զարգացումն անմիջականորեն կապված է բիզնեսի դիմակայունության հետ։

«Այն ընկերությունները, որոնք կայուն զարգացումը կներառեն որոշումների կայացման գործընթացում, ավելի լավ կկարողանան կառավարել ռիսկերը, ներգրավել տաղանդներ, ամրապնդել շահագրգիռ կողմերի վստահությունը, իրականացնել նորարարություններ եւ երկարաժամկետ արժեք ստեղծել», - ասում է նա։


Մյուս կողմից էլ կայունության սկզբունքների անտեսումը կարող է ստեղծել բնապահպանական, անվտանգության, սոցիալական եւ ֆինանսական ռիսկեր։

Արմեն Ստեփանյանն այստեղ առանձին ուշադրություն է հրավիրում հանրության եւ համայնքի կողմից բիզնեսի գործունեության ընդունելիությանը, այսպես կոչված, «փափուկ» թույլտվությանը։

«Եթե քեզ չի ընդունում հանրությունը, կարող է թույլ չտալ շարունակել գործունեությունը, որքան էլ գումար կամ անհրաժեշտ լիցենզիա ունենաս։ Նման դեպքեր քիչ չեն թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում»,- ասում է նա:

Նրա կարծիքով՝ ռիսկերը նվազեցնելու համար կայուն զարգացումը չպետք է դիտարկվի որպես բիզնեսին կողքից ավելացված ծախս կամ առանձին նախաձեռնություն. «Այն բիզնեսները, որտեղ կայուն զարգացումը ինտեգրված է ընդհանուր որոշումների կայացման մեջ, այսօրվա աշխարհում ավելի շահեկան դիրքում են»։

ԶՊՄԿ կայուն զարգացման տնօրենն օրինակ է բերում հանքարդյունաբերությունը՝ ցույց տալու, որ նույն արդյունքը հնարավոր է ստանալ գործունեությունը տարբեր կերպ կազմակերպելով.

«Կարող ենք աշխատել՝ թողնելով աղտոտված գետեր եւ շրջակա միջավայրի խնդիրներ, կամ կարող ենք այնպես անել, որ գետը նույնիսկ շահագործման ընթացքում չաղտոտվի, ուր մնաց՝ շահագործումից հետո։ Կարող ենք շահագործման ընթացքում աշխատեցնել 13 տարեկան երեխաների, կարող ենք՝ ոչ։ Արդյունքում երկու դեպքում էլ կստանանք նույն մետաղը եւ կվճարենք նույն հարկերը, այստեղ հարցն այն է՝ ինչպես ենք կազմակերպում այդ գործունեությունը»։

Իրական մոտեցո՞ւմ, թե՞ ձեւական բնույթ

Կայուն զարգացումը ձեւական նախաձեռնությունից տարբերելու համար կարեւոր է հասկանալ՝ որքանով են ընկերության հայտարարություններն ու նպատակները արտացոլվում չափելի արդյունքներում եւ թափանցիկ հաշվետվողականության մեջ։

Ըստ Արմեն Ստեփանյանի՝ դա կարելի է գնահատել ընկերության հրապարակած հաշվետվություններով, որտեղ պետք է ներկայացվեն ոչ միայն ձեռքբերումները, այլեւ՝ խնդիրներն ու բացթողումները։


«Այդ դեպքում հնարավոր է տարեցտարի տեսնել՝ ընկերությունն առաջընթաց գրանցո՞ւմ է, թե՞ ոչ: Օրինակ, թափոնների կառավարման, կենսաբազմազանության, էլեկտրաէներգիայի սպառման, արտադրողականության, հարկերի եւ այլ ուղղություններով: Հաշվետվության տվյալների հավաստիությունը կարող է ստուգվել նաեւ անկախ երրորդ կողմի միջոցով։ Եթե, օրինակ, որեւէ ուղղությամբ արձանագրվել է greenwashing (կանաչ լվացում), դա նույնպես պետք է արտացոլվի հաշվետվության մեջ»։

JTI ընկերության կորպորատիվ եւ հանրային կապերի ղեկավարի խոսքով՝ իրենք կայուն զարգացման առաջընթացը գնահատում են ոչ միայն իրականացված նախաձեռնություններով, այլեւ՝ դրանց չափելի արդյունքներով՝ հստակ թիրախների, արդյունավետության ցուցանիշների, թափանցիկ հաշվետվողականության եւ երրորդ կողմի հավաստման միջոցով։

«Այս մոտեցումը թույլ է տալիս տեսնել ոչ միայն իրականացված նախաձեռնությունները, այլեւ՝ դրանց իրական արդյունքն ու առաջընթացը: Հետեւում ենք, մասնավորապես, էներգաարդյունավետության, ջրի եւ ռեսուրսների օգտագործման, արտանետումների ու թափոնների կառավարման ցուցանիշներին՝ կայուն զարգացումը միայն ձեւական պահանջի կատարման չվերածելու համար»,- ասում է նա։


Նշենք, որ Հայաստանում, եթե ֆինանսական հաշվետվողականությունը օրենսդրական պարտադիր պահանջ է, ապա կայուն զարգացման հաշվետվողականությունը մինչ այժմ հիմնականում կրում է կամավոր բնույթ։ Կայուն զարգացման հաշվետվողականության հարցում, սակայն, Հայաստանում իրավական դաշտն աստիճանաբար փոփոխվում է։ Մասնավորապես, 2025 թվականի հոկտեմբերի Երեւանում քննարկվել է Հայաստանում կայունության հաշվետվողականության պարտադիր համակարգի ներդրման հարցը, թե որ կազմակերպությունների համար պետք է նման հաշվետվողականությունը դառնա պարտադիր։ Դիտարկվել են հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները, խոշոր ընկերությունները, ինչպես նաեւ շրջակա միջավայրի վրա էական ազդեցություն ունեցող ոլորտները, այդ թվում՝ հանքարդյունաբերությունը։ Քննարկվել են նաեւ հաշվետվությունների ստանդարտացման, աուդիտի, թվայնացման եւ վերահսկողության մեխանիզմների ներդրման հարցերը։

Արմեն Ստեփանյանի կարծիքով՝ հաշվետվությունը մեծ բիզնեսի եւ նրա բազմաթիվ շահագրգիռ կողմերի միջեւ հաղորդակցության կարեւոր գործիք է.

«Մեկ փաստաթղթում հնարավոր է ներկայացնել ընկերության գործունեության վերաբերյալ տարբեր տվյալներ՝ աշխատակիցների թիվն ու կառուցվածքը, ղեկավարությունը, էլեկտրաէներգիայի սպառումը, վճարված հարկերը եւ այլ ցուցանիշներ՝ յուրաքանչյուր շահագրգիռ կողմի առանձին տեղեկացնելու փոխարեն»։

Միջազգային փորձը եւ հայկական բիզնեսի հնարավորությունները

Միջազգային փորձը հայկական բիզնեսի համար կարեւոր է հատկապես ESG (բնապահպանական, սոցիալական եւ կառավարման) սկզբունքների՝ կառավարման համակարգերում ներառման տեսանկյունից։ 

Արմեն Ստեփանյանը

«Կայուն զարգացումը չպետք է սահմանափակվի հայտարարություններով կամ մարքեթինգային հաղորդակցությամբ, այլ պետք է արտացոլվի կազմակերպության կառուցվածքում եւ որոշումների կայացման գործընթացում։ Միջազգային փորձից առաջին հերթին կարելի է վերցնել հաշվետվությունների հրապարակման եւ թափանցիկության մշակույթը։ Այսօր կայուն զարգացումից եւ ESG սկզբունքներից խոսելը շատ թրենդային է, ինչը, իհարկե, ողջունելի է, բայց կարեւոր է, որ այդ միտումը բերի նաեւ շոշափելի արդյունքներ»,- ասում է Արմեն Ստեփանյանը։

Արամ Արարատյանի խոսքով էլ՝ միջազգային փորձի մեկ այլ օրինակ է չափելի բնապահպանական նպատակների սահմանումը.

«JTI-ն-ն 2019–2025 թվականներին սեփական գործառնություններից առաջացող ջերմոցային գազերի արտանետումները կրճատել է 38%-ով, իսկ վերականգնվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը հասցրել 62%-ի»։

Ի վերջո՝ կայուն զարգացման հաջորդ փուլը հայտարարություններից դեպի չափելի արդյունքներ անցումն է։ Որքան ավելի թափանցիկ լինեն ընկերությունների նպատակները, արդյունքներն ու բացթողումները, այնքան կայուն զարգացումը կդառնա ոչ թե առանձին նախաձեռնությունների, այլ՝ բիզնեսի կառավարման առօրյա մաս։

Արփի Ջիլավյան
Դիտում՝ 188

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW