2026 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում «Դայմենշն» ներդրումային ընկերությունը հաջողությամբ իրականացրել է հայկական վեց ընկերության կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումներ։ Ընդհանուր 8.8 մլրդ ՀՀ դրամ ծավալով թողարկումները տեղաբաշխվել են ամբողջությամբ եւ նախապես սահմանված ժամկետներից շուտ։ «Դայմենշն» ներդրումային ընկերությունից հայտնել են, որ թողարկողները ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներ՝ ագրոարդյունաբերությունից եւ առողջապահությունից մինչեւ ենթակառուցվածքային շինարարություն, արդյունաբերական արտադրություն եւ մանրածախ առեւտուր։ Նրանց թվում են նաեւ հանրության կողմից լայնորեն ճանաչված բրենդներ։ «Տեղաբաշխումների ոլորտային բազմազանությունը ներդրողներին հնարավորություն է տալիս կապիտալի շուկայի միջոցով մասնակցել իրական տնտեսության տարբեր հատվածների զարգացմանը, իսկ ընկերություններին՝ օգտվել ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներից եւ ընդլայնել ֆինանսավորման գործիքակազմը»,- ասվում է հաղորդագրությունում:«Մենք բարձր ենք գնահատում այս գործարքների ազդեցությունը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման եւ ֆինանսական շուկայի նոր մշակույթի ձեւավորման վրա։ Ընկերության մուտքը կապիտալ շուկա ենթադրում է ֆինանսական թափանցիկության եւ հաշվետվողականության ավելի բարձր մակարդակ, անկախ աուդիտորների ներգրավում եւ կորպորատիվ կառավարման համապատասխան մեխանիզմների ներդրում։ Այս չափանիշները բարձրացնում են վստահությունն առանձին ընկերությունների նկատմամբ եւ, ավելի լայն առումով, նպաստում ավելի թափանցիկ ու ինստիտուցիոնալ գործարար միջավայրի ձեւավորմանը։ Մեր գործունեության արդյունքները ցույց են տալիս, որ շուկան պատրաստ է աջակցել նշված ճանապարհն ընտրող ընկերություններին:Այս համատեքստում առանձնահատուկ կարեւորություն ունեցավ կառավարության՝ «Թողարկման եւ վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը», որի շրջանակում տրամադրվող օժանդակությունը նվազեցրեց ընկերությունների՝ կապիտալի շուկա մուտք գործելու ծախսերը եւ արդյունավետ խթան հանդիսացավ թողարկողների ներգրավման ու շուկայի հետագա զարգացման համար։ Հայաստանի կապիտալի շուկան ակտիվ է․ հուսով ենք, որ նմանատիպ ծրագրերը շարունակական բնույթ կկրեն եւ հետագայում եւս կնպաստեն նոր ընկերությունների մուտքին կապիտալի շուկա»,- նշել է «Դայմենշն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գրիգոր Հարությունյանը։«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին«Դայմենշն» ՓԲԸ-ն ներդրումային ընկերություն է, որն առաջարկում է ծառայությունների եւ լուծումների լայն շրջանակ ներդրումային բանկինգի, ակտիվների կառավարման, բրոքերային ծառայությունների եւ արժեթղթերի պահառության ոլորտներում։ Ընկերությունը լիցենզավորվել եւ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 609