Ամիթ Սերուն Սթենֆորդի համալսարանի Բիզնեսի բարձրագույն դպրոցի ֆինանսների պրոֆեսոր է։Ամիթ Սերու Վայոմինգ նահանգի Ջեքսոն Հոլ քաղաքում տեղի ունեցած կենտրոնական բանկերի ներկայացուցիչների եւ տնտեսագետների ամենամյա հավաքի թեման «ֆինանսական նորարարությունն» էր։ Հանդիպման առանցքային հարցերից մեկն այն էր, թե ինչպես կարող են նոր տեխնոլոգիաները, մասնավորապես՝ արհեստական բանականությունը (ԱԲ), ազդել ֆինանսական կայունության վրա։Տնտեսագետներն ու քաղաքականություն մշակողները վաղուց են փորձում հասկանալ, թե ինչպես պետք է քաղաքականությունն արձագանքի տեխնոլոգիական ցնցումներին։ Առնվազն 1970-ականներին Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Լուկասի կատարած աշխատանքներից ի վեր տնտեսագետները գիտակցում են, որ տնային տնտեսություններն ու բիզնեսները փոխում են իրենց վարքագիծը, երբ փոխվում է նրանց շրջապատող տնտեսական միջավայրը՝ լինի դա քաղաքականության էական փոփոխությունների, թե տեխնոլոգիական փոփոխությունների հետեւանքով։ Չի կարելի պարզապես ենթադրել, որ նախկին տվյալներում դիտարկված կապերը կմնան անփոփոխ, քանի որ մարդիկ եւ ընկերությունները հարմարվում են նոր պայմաններին։Որոշակի առումով ԱԲ-ն անում է այն, ինչ ակնկալվում է տեխնոլոգիական հեղափոխությունից։ Այն թափանցում է իրական տնտեսության բոլոր ոլորտներ՝ էապես փոխելով ամեն ինչ՝ ճարտարագիտությունից եւ վաճառքից մինչեւ ֆինանսներ եւ մարդկային ռեսուրսներ։ ԱԲ-ն նաեւ վերաձեւավորում է արդյունաբերության ոլորտները՝ արագացնելով այն տեմպը, որով շուկա նոր մուտք գործող ընկերությունները կարող են ընդլայնվել եւ մրցակցել արդեն գործող ընկերությունների հետ։ Հավանաբար, այս բոլոր փոփոխությունները կազդեն ապագայում մեր դիտարկած տվյալների վրա, ինչն էլ իր հերթին կփոխի այդ տվյալների հիման վրա տնային տնտեսությունների ու ընկերությունների վարքագծի վերաբերյալ մեր ձեւավորած պատկերացումը։Սակայն ԱԲ-ն նաեւ մարտահրավեր է նետում մեր կարողությանը՝ կանխատեսելու, թե ինչպես կարձագանքեն շուկայի մասնակիցները ֆինանսական կարգավորմանը։ Ինչպես Ջեքսոն Հոլում նշել է Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Մարկուս Բրուններմայերը, մարդկանց եւ ԱԲ-ի միջեւ հարաբերությունները բնութագրվում են «ըմբռնման անհամաչափությամբ». ԱԲ-ն հասկանում է մեզ, մինչդեռ մենք այնքան էլ լավ չենք հասկանում, թե ինչ կարող են անել ԱԲ գործակալները նպատակին հասնելու համար՝ առանձին եւ հատկապես՝ միասին գործելիս։ Թեեւ մենք կարող ենք գործակալների համար սահմանել կանոններ եւ սցենարներ, որոնց նրանք պետք է հետեւեն, մենք չենք կարող հաշվի առնել նրանց վարքագծի բոլոր հնարավոր դրսեւորումները։ Այս անհամաչափությունն ավելի է ընդգծվում, երբ բազմաթիվ գործակալներ գործում են մեծ մասշտաբով։ Լուսանկարը՝ REUTERS Կանոններն ու խթանները կարող են փոխել դրանց ազդեցության տակ գտնվողների վարքագիծը։ Բանկերը եւ այլ ֆինանսական հաստատությունները հաճախ արձագանքում են կարգավորմանը այնպիսի եղանակներով, որոնք քաղաքականություն մշակողները չէին կանխատեսել: Նույնը վերաբերում է նաեւ կարգավորող մարմիններին եւ վերահսկողներին, որոնք մեկնաբանում եւ կիրառում են այդ կանոնները, քանի որ նրանց որոշումները նաեւ արտացոլում են կազմակերպչական խթաններն ու նորմերը: Սա ակնհայտ է դառնում, երբ նույն իրավիճակը դիտարկող տարբեր կարգավորող մարմիններ տարբեր եզրահանգումների են հանգում։ Այնուամենայնիվ, երկու դեպքում էլ ինստիտուցիոնալ սահմանափակումները դժվարացնում են մարդկանց հնարավորությունները, եւ, հետեւաբար, այն արձագանքների շրջանակը, որոնք քաղաքականություն մշակողները պետք է կանխատեսեն: ԱԲ գործակալները կարող են ընտրել հնարավոր ուղիների շատ ավելի լայն շրջանակից, ինչի հետեւանքով նրանց վարքագիծն ավելի դժվար է կանխատեսել։Այս խնդրի օրինակ է վերջերս տեղի ունեցած դեպքը, երբ OpenAI-ի գործակալները կոտրեցին Hugging Face-ի համակարգը։ Իրենց նպատակին հասնելու համար ԱԲ գործակալները շրջանցեցին սահմանված կանոնները. նրանք գտան հաղորդակցվելու, տեղեկատվությունը համախմբելու եւ, ի վերջո, նախատեսված միջավայրից դուրս գտնվող համակարգեր ներթափանցելու չարտոնված եղանակներ։ Նմանատիպ խնդիր կարելի է պատկերացնել նաեւ ֆինանսական ոլորտում, քանի որ բանկերը, հեջ ֆոնդերն ու առեւտրային ընկերությունները ԱԲ գործակալներ օգտագործելու զգալի խթաններ ունեն ՝ կարգավորող սահմանափակումները շրջանցելու եւ շահույթ ստանալու եղանակներ գտնելու համար։ Սա չի նշանակում, որ հնարավոր չէ սահմանել պաշտպանիչ մեխանիզմներ, օրինակ՝ գործակալներից կազմված «կարմիր թիմ», որը կփնտրի նման գործունեությունը։ Սակայն քաղաքականություն մշակողները նպատակներն ու կանոնները սահմանելու են՝ չիմանալով, թե գործակալները ինչ եղանակներով կարող են արձագանքել դրանց։Անկախ նրանից՝ դա մեզ դուր է գալիս, թե ոչ, ԱԲ-ն արդեն օգտագործվում է ֆինանսական շուկաների տարբեր մասնակիցների կողմից՝ բանկերից մինչեւ հեջ ֆոնդեր։ Այս գործակալներին գնալով ավելի հաճախ են հանձնարարելու գտնել գումար վաստակելու նոր ուղիներ։ Հետեւաբար, կարգավորող մարմինները, որոնց գործառույթն է ապահովել շուկայի կայունությունը, ստիպված կլինեն ընդունել ԱԲ-ն՝ կանոնները շրջանցելու փորձերին հակազդելու համար։Հաջողության հասնելու համար քաղաքականություն մշակողները պետք է գիտակցեն պարզեցման կարեւորությունը։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում կարգավորող մարմինները ֆինանսական համակարգը դարձրել են շատ ավելի բարդ, իսկ դրանում կողմնորոշվելը՝ շատ ավելի ծախսատար։ Հազարավոր էջեր կազմող կանոններն ու կարգավորող մարմինների հայեցողությունը բազմաթիվ հնարավորություններ են ստեղծում ԱԲ գործակալների համար՝ հետեւելու օրենքի տառին՝ միաժամանակ խաթարելով դրա բուն նպատակը։ Ավելի պարզ եւ դիմացկուն կանոնները, օրինակ՝ կապիտալի ավելի բարձր պահանջները, կարող են ավելի արժեքավոր դառնալ հենց այն պատճառով, որ ԱԲ-ն մարդկանցից ավելի լավ է կարողանում շահարկել բարդ համակարգը։ Լուսանկարը՝ REUTERS Պարզեցված կանոնները կարգավորիչ արձագանքի միայն մի մասն են կազմում։ Կարգավորող մարմինները պետք է նաեւ որոշեն, թե որքան տեղեկատվություն պետք է տրամադրեն շուկայի մասնակիցներին։ Եթե կարգավորող մարմինները բանկերին տրամադրեն իրենց ամբողջական մոդելները, ապա բանկերի ԱԲ համակարգերը կօպտիմալացնեն իրենց գործունեությունը՝ հաշվի առնելով այդ մոդելները։ Մյուս կողմից՝ թափանցիկության չափազանց ցածր մակարդակը կարող է շփոթություն առաջացնել եւ զսպել ֆինանսական ոլորտում օրինական նորարարությունները։Սակայն նույնիսկ պարզեցված կանոններն ու թափանցիկության ճիշտ մակարդակը բավարար չեն լինի, եթե կարգավորող մարմինները չկարողանան համընթաց քայլել իրենց վերահսկողության տակ գտնվող կառույցների հետ։ Այդ կառույցները գնալով ավելի շատ կգործեն մեքենայական արագությամբ՝ օգտագործելով հաշվողական հզորություն, որը նրանց թույլ կտա գնահատել անհամար ռազմավարություններ, որոնք մարդիկ երբեք չէին կարողանա յուրաքանչյուրն առանձին ուսումնասիրել։ Կարգավորող մարմինները ստիպված կլինեն ստեղծել սեփական ԱԲ գործակալները, որոնք կարող են փորձարկել կանոնները նախքան դրանց ընդունումը, փնտրել այդ կանոնները շրջանցելու հնարավոր եղանակները եւ վերահսկել շուկաները՝ հայտնաբերելու այնպիսի վարքագիծ, որը մարդիկ կարող են նկատել միայն ավելի ուշ։Այս ամենը, ինչպես նաեւ ֆինանսական կարգավորման ոլորտում ԱԲ-ի արդյունավետ ներդնումը, կպահանջի մտածված մոտեցում, ջանասիրություն եւ, թերեւս ամենակարեւորը՝ կարգավորող մարմինների ժամանակը։ Ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված ջանքերում հենց ժամանակը, այլ ոչ թե հաշվողական հզորությունը, կարող է լինել ամենասակավ ռեսուրսը։Թարգմանությունը՝ Լիլիթ ԽաչատրյանիԱյս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է«Յունիբանկի» գործընկերությամբ: Յունիբանկը դարձել է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր:Copyright: Project Syndicate, 2026.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 285