Ջեյմս Կ. Գալբրեյթը Օսթինի Տեխասի համալսարանի Լինդոն Ջոնսոնի անվան հանրային գործերի դպրոցի կառավարման եւ բիզնես հարաբերությունների ամբիոնի վարիչն է։Ջեյմս Կ. ԳալբրեյթՏնտեսագիտության՝ որպես ակադեմիական առարկայի եւ քաղաքականության մշակման գործիքի լեգիտիմությունը առնվազն 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր շարունակական հարձակումների է ենթարկվում: Սակայն քննադատներից քչերն են փորձում անդրադառնալ այս գիտակարգի ծագմանը եւ դրա հիմքում ընկած նպատակին։ Քեմբրիջի համալսարանի իրավագիտության մասնագետ Անտարա Հալդարը իր նոր՝ “Everyman: The Untold Story of Economics” («Յուրաքանչյուր մարդ. տնտեսագիտության չպատմված պատմությունը») գրքում ուշադրություն է հրավիրում հենց այս երկու հարցերի վրա։Նրա աշխատությունը հիասքանչ է՝ տարբեր առումներով։ Դա այլաբանական կերպարներով (Նեո, Թինա, Տեկ, Ֆին, Դավոս եւ այլն) առակ է՝ կառուցված երեք գործողությամբ պիեսի ձեւով եւ շարադրված գրական տարբեր ոճերի միախառնմամբ՝ հարգանքի տուրք մատուցելով, ի թիվս այլոց, Ջոն Սթեյնբեքին, Օսկար Ուայլդին եւ Էռնեստ Հեմինգուեյին։ Արդյունքն այնպիսին է, որ ավանդական տնտեսագետների ձանձրալի կոնֆորմիզմը պարզապես խամրում է դրա ֆոնին։ Այս աշխատությունը տնտեսագիտության յուրօրինակ «պատմություն» է, որն իր նմանը չունի՝ հավասար չափով համատեղելով երեւակայությունն ու ճշմարտությունը։Հալդարը պատմում է երկու ընտանիքի մասին։ Առաջինը վերադառնում է Ադամ Սմիթի «անտեսանելի ձեռքի» փոխաբերությանը, որը Սմիթն օգտագործել է իր «Ազգերի հարստություն» աշխատության մեջ եւ որը հետագայում մեկնաբանել են Ֆրիդրիխ ֆոն Հայեկը, Լայոնել Ռոբինսը, Միլթոն Ֆրիդմանը եւ Մոն Պելերինի ընկերությունը։ Երկրորդը սկիզբ է առնում Քեյնսից, անցնում նրա «Կրկեսով» (Ռոբինսոնով, Կանով, Կալդորով եւ Սրաֆֆայով), ապա Փոլ Սամուելսոնի միջոցով կրկին շրջվում դեպի Հայեկ՝ ի վերջո մարելով, քանի որ այդպես էլ չի կարողանում մատուցել Քեյնսի խոստացած «ոսկե հորթը»։Հալդարի պատմած պատմությունը անգլո-ամերիկյան ակադեմիական տնտեսագիտության հիմնական ուղղությունների մասին է (եւ, որոշ չափով, դրա հետգաղութային ծայրամասերի՝ Հարավային Ասիայի եւ Լատինական Ամերիկայի մասին), որի վրա իրենց ազդեցությունն են թողել Կենտրոնական Եվրոպայից 20-րդ դարի կեսերին արտագաղթած գաղափարապես կոշտ դիրքորոշում ունեցող փախստականները։ (Հատկանշական է, որ Մարքսն ու նրա հետեւորդները դուրս են մնացել այս պատմությունից։) Հետեւաբար, խոսքը «Նեոյի»՝ homo economicus-ի վերելքի եւ մինչ օրս դեռեւս չավարտված անկման մասին է։ 20-րդ դարի սկզբին Թորշտեյն Վեբլենն արդեն նկարագրել էր այս վերացարկված, բարոյական նկատառումներից զուրկ հոմունկուլուսին որպես «հաճույքների եւ ցավերի կայծակնային հաշվիչ, որը երջանկության ցանկության միատարր գնդիկի պես տատանվում է այն խթանների ազդեցության ներքո, որոնք նրան տեղաշարժում են տարածության մեջ, բայց թողնում են անփոփոխ»։Հալդարի «Նեոյի» հայրը Ֆրիդմանն է, իսկ պապը՝ Հայեկը, որն իր հերթին հենվել է Ադամ Սմիթի գաղափարների վրա, թեեւ «Բարոյական զգացմունքների տեսության» հեղինակը կարող է համարվել նաեւ Քեյնսի հեռավոր նախնին։ Ենթադրաբար, Սմիթի երկու մեծ աշխատությունների միջեւ տարբերությունը նրանց՝ հարաբերությունների նկատմամբ ունեցած մոտեցման մեջ է. «Ազգերի հարստություն» աշխատության մեջ առաջընթացը բխում է սեփական շահից եւ շուկայի կախարդական ուժից, մինչդեռ «Բարոյական զգացմունքների տեսությունում» Սմիթն ավելի շատ մտահոգված է սոցիալական կապերով։Հարաբերությունների վրա հիմնված մոտեցման մյուս կողմնակիցները, մասնավորապես՝ Վեբլենը, ինչպես նաեւ ամերիկացի պրագմատիստներն ու ինստիտուցիոնալիստները, այս պատմության մեջ տեղ չեն գտել։ Հիմնական պատմության եզրերին հայտնվում են այլախոհներ, որոնք սարսափած էին Նեոյի, ինչպես նաեւ Թինայի (Մարգարետ Թետչերի «այլընտրանք չկա»), Թեքի (տեխնոլոգիա) եւ Ֆիննի (ֆինանսներ) հասցրած վնասից։ Նրանց թվում են փոխաբերական քույրերը՝ Ջինին (անհավասարության չափանիշ) եւ Պալման (որի անունը վերցված է Քեմբրիջի տնտեսագետի ստեղծած հարաբերակցությունից), ինչպես նաեւ «աշխարհ կառուցող» Թարան («իրական այլընտրանքներ կան»)։ Լուսանկարը՝ REUTERS Այս հեքիաթային էակները շփոթված Եվային (Eve R. Y. Man) հույս են տալիս, որ հնարավոր է ունենալ ավելի լավ մտավոր մոդել եւ ավելի լավ աշխարհ։ Ինչպես Պալման ասում է Եվային. «Դու չես կորել. նա [Նեոն] քեզ դիտավորյալ է ապակողմնորոշել։ Նրա համար դու լաբիրինթոսում գտնվող առնետ ես, որին գազարով ու փայտով են կառավարում»։Տնտեսագետ եւ տնտեսական պատմաբան Կարլ Փոլանյին Հալդարի եւ նրա հերոսուհիների համար ոգեշնչման առանցքային աղբյուր է։ Հալդարը նրան պատկերում է որպես «նիհար, ակնոցավոր» կերպար՝ «աչքերում չարաճճի փայլով եւ ջերմության, մարդկայնության եւ անսպառ հետաքրքրասիրության աուրայով»։ Նա կողքից ձայն է բարձրացնում՝ 1946 թվականին Քեյնսի «թոռան» երեւակայական մկրտության ժամանակ՝ զգուշացնելով «աշխարհի գլխիվայր շրջված վիճակի» մասին, երբ փողի «հորինվածքը» թելադրում է աշխատանքի եւ հողի «փաստերը»։Հալդարի պատկերացմամբ՝ Փոլանյին կանխատեսում է, որ «մարդկային հոգեկանը» ապստամբելու է Նեոյի ստեղծածի դեմ, եւ երեխային որպես նվեր առաջարկում է «համայնքում արմատավորված լինելը»՝ մի գաղափար, որի հետ Հալդարն ինքը լիովին համամիտ է։Հալդարի հիմնական բարոյական ուղերձը հստակ է։ Նեոն պարզապես հորինվածք էր, նրա մտավոր հաղթանակը՝ քիմերա, իսկ նրա ոգեշնչած քաղաքականությունը հանգեցրեց անկայունության, խոցելիության, անհավասարության եւ ճգնաժամի։ Նրա ընկեր Ֆինը սրտի կանգ է ունեցել, իսկ Նեոն ինքը, թեեւ դեռեւս լիովին վերահսկում է ակադեմիական ոլորտը, կորցրել է իր դիրքը իրական աշխարհում՝ զիջելով այն Թեկին՝ Յոզեֆ Շումպետերի գաղափարական ժառանգորդին։ «Ստեղծագործական ոչնչացումն» այսօր մեծ տարածում ունի. որքան անկառավարելի, սանձարձակ եւ դաժան է այն, այնքան լավ։Եվ այնուամենայնիվ, կասկածի եւ, գուցե, արդարության ուժերը՝ Ջինին, Պալման եւ Թարան, արթուն են։ Կկարողանա՞ն նրանք հաղթել եւ Եվային վերադարձնել դեպի Փոլանյիի գաղափարների լույսը։ Թե՞ կհաղթի դեմագոգների առաջնորդած դժգոհ ամբոխը։ Խոստովանում եմ, որ նույնիսկ վերջում ես վստահ չէի, գուցե այն պատճառով, որ պատմությունը դեռ ավարտված չէ։ Բայց կասկած չունեմ, որ Հալդարը Նեոյին հզոր հարված է հասցրել, որից նա հեշտությամբ չի վերականգնվի, եթե այս գիրքը լայն տարածում գտնի։Եզրափակելով՝ կանդրադառնամ մի փոքր վիճելի մանրուքի։ Խոսքը Նեոյի արարման առասպելի առանցքային փոխաբերության՝ անտեսանելի ձեռքի մասին է։ Հալդարն այն նկարագրում է որպես «ուժ խորհրդանշող պատկեր, որը տարօրինակ ներդաշնակություն է հաղորդում միմյանց հետ այլապես չկապված մարդկանց գործողություններին»։ Սակայն սա սխալ է, եւ այդ սխալը հեշտությամբ կարող է աննկատ մնալ, քանի որ այստեղ, ինչպես մեջբերումների մեծ մասում, բնագրի մի հատված բաց է թողնված։ Սմիթի ամբողջական ձեւակերպումը հետեւյալն է․ Լուսանկարը՝ REUTERS «Արտասահմանյան արդյունաբերությանն աջակցելու փոխարեն նախընտրելով ներքին արդյունաբերության աջակցությունը՝ նա հետապնդում է միայն իր սեփական անվտանգությունը, իսկ այդ արդյունաբերությունն այնպես ուղղորդելով, որ դրա արտադրանքը հնարավորինս մեծ արժեք ունենա, նա հետապնդում է միայն իր սեփական շահը։ Եվ այս դեպքում, ինչպես շատ այլ դեպքերում, անտեսանելի ձեռքով առաջնորդվելով՝ նա նպաստում է մի նպատակի իրագործմանը, որը նրա մտադրությունների մաս չէր կազմում»։Այլ կերպ ասած՝ անտեսանելի ձեռքն աշխատում է հենց այն պատճառով, որ մարդիկ միմյանց հետ կապված են, այս դեպքում՝ որպես հայրենակիցներ։ Սմիթի մոտ «ազգը» համայնք է։ Երկու Սմիթ չկա, եւ նրա երկու գրքերը միմյանցից տարանջատված երկվորյակներ չեն։ Սմիթին Նեոյի (եւ Դավոսի) հովանավոր սուրբ հռչակելը նրա գաղափարական առեւանգումն էր։ Հնարավոր է՝ երբ Փոլանյիի եւ նրա դաշնակիցների ոգին վերջապես հաղթի, Սմիթը կազատագրվի նրանց ճիրաններից եւ կկարողանա վերադառնալ այն տնտեսագետների շարքերը, որոնք իրավամբ կարող են նրան ընդունել որպես իրենցից մեկը։Թարգմանությունը՝ Լիլիթ ԽաչատրյանիԱյս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է«Յունիբանկի» գործընկերությամբ: Copyright: Project Syndicate, 2026.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 568