Ներդրումները եվրոպական ֆինտեխում դարպաս են բացում դեպի ԱՄՆ

05.04.2019 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#OakNorth #N26
Եվրոպայի ֆինտեխ ոլորտում ներդրումները թափ են հավաքում. տարվա սկզբից միայն երկու ֆինտեխ ընկերությունների հաջողվել է ներգրավել $740 մլն-ի ընդհանուր ներդրում:

Մասնավորապես, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ոլորտում մասնագիտացող բրիտանական OakNorth ընկերությունը հայտարարել է $440 մլն-ի, իսկ գերմանական N26 մոբայլ բանկը հայտնել է $300 մլն ծավալով ներդրումների ներգրավման մասին:

OakNorth-ում ներդրողների շարքում են ճապոնական SoftBank-ի Vision Fund վենչուրային ֆոնդը եւ սինգապուրյան Clermont Group բիզնես խումբը: Ներդրումային այս ռաունդի արդյունքում OakNorth-ի ներգրաված ընդհանուր ֆինանսավորումը կազմել է ավելի քան $1 մլրդ, ինչը գերազանցում է եվրոպական մեկ այլ ֆինտեխ ընկերության ցուցանիշները: Այսօրվա դրությամբ OakNorth-ը համարվում է աշխարհում ամենալավ ֆինանսավորվող ֆինտեխ ընկերություններից:


Ֆինանսավորումը կօգտագործվի ԱՄՆ-ում վարկային ծառայությունների գործարկման համար, ինչը հնարավորություն կտա ամերիկյան վարկատուներին էապես ընդլայնել բիզնեսի վարկավորման հնարավորությունները՝ միաժամանակ բարձրացնելով ՓՄՁ-ների համար նախատեսված իրենց վարկային ակտիվների արդյունավետությունն ու որակը:

OakNorth-ի ծառայությունները նաեւ օգնում են իր գործընկերներին վերլուծել եւ վերահսկել իրենց վարկային պորտֆելները. դա ընկերության ուժեղ կողմերից է, ինչը հնարավորություն է տվել OakNorth-ին 2015-ի սեպտեմբերին գործարկումից ի վեր շահավետ կերպով տրամադրել բրիտանական ընկերություններին ավելի քան $3,7 մլրդ-ի ֆինանսավորում՝ առանց որեւէ դեֆոլտի կամ վճարումների ուշացման: Ընկերության գործունեության շնորհիվ Մեծ Բրիտանիայում ստեղծվել է շուրջ 11 000 նոր աշխատատեղ:

Ֆինանսավորման շրջանակում OakNorth-ը կշարունակի զարգացնել OakNorth Analytical Intelligence (ON AI) հարթակը, որն օգտագործվում է ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ասիայում ավելի քան $800 մլրդ համախառն ակտիվներ տնօրինող բանկերի կողմից:


Ինչ վերաբերում է գերմանական N26 մոբայլ բանկին, ապա $300 մլն ծավալով ներդրումային ռաունդը գլխավորել է նյույորքյան Insight Venture Partners մասնավոր ներդրումային ընկերությունը: Ֆինանսավորման գործընթացին մասնակցել են նաեւ Սինգապուրյան բարեկեցության սուվերեն ֆոնդը (GIC) եւ մի քանի գործող ներդրողներ: Այսօրվա դրությամբ ընկերությունն ապահովել է ընդհանուր առմամբ ավելի քան $500 մլն-ի ներդրում եւ գնահատվում է $2,7 մլրդ:

N26-ը կառուցում է գլոբալ մոբայլ բանկ եւ տրամադրում է մոբայլ բանկային հաշիվ՝ առանց թաքնված միջնորդավճարների: Ներկայում ընկերությունն աշխատում է եվրոպական 24 երկրի շուկաներում: Վերջին 12 ամիսների ընթացքում այն ավելի քան եռապատկել է իր հաճախորդների թիվը՝ մինչեւ 2,3 մլն:

N26-ը մտադիր է օգտագործել ստացված միջոցները գլոբալ էքսպանսիայի խթանման համար՝ մեկնարկելով այդ գործընթացը 2019-ի առաջին կիսամյակում ԱՄՆ-ում իր մոբայլ բանկային ծառայության գործարկմամբ: ԱՄՆ-ում նա կաշխատի Նյու Յորքում տեղակայված իր N26 Inc. դուստր ընկերության միջոցով:  


2015-ի հունվարին՝ իր առաջին պրոդուկտի գործարկումից ի վեր, N26 բանկը մշակել է ավելի քան €20 մլրդ-ի գործարք: Այսօրվա դրությամբ N26-ի հաճախորդները հաշիվների վրա ունեն շուրջ €1 մլրդ:

Ընկերության երեք գրասենյակներում՝ Բեռլինում, Նյու Յորքում եւ Բարսելոնայում, աշխատում է ավելի քան 700 մարդ: Ունենալով եվրոպական լիարժեք բանկային արտոնագիր, տիրապետելով առաջադեմ տեխնոլոգիաներին եւ գործելով առանց մասնաճյուղային ցանցի՝ N26 բանկը վերափոխել է բանկային համակարգը 21-րդ դարի համար եւ հասանելի է Android-ի, iOS-ի եւ համակարգիչների համար:

Մոտակա տարիներին ընկերությունը ձգտելու է ունենալ ավելի քան 100 մլն հաճախորդ ամբողջ աշխարհով:

Banks.amհիշեցնում է, որ համաձայն CB Insights ընկերության հետազոտության՝ 2018-ին ֆինտեխ ընկերությունները վենչուրային ներդրողներից ամբողջ աշխարհում ներգրավել են ռեկորդային $39,57 մլրդ, ինչը 120%-ով գերազանցում է 2017-ի ցուցանիշները: Նշվում էր, որ Եվրոպայում գործարքների քանակը նվազել է, սակայն ֆինանսավորումը կազմել է ռեկորդային $3,53 մլրդ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 23118
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW