PayPal-ը մուտք է գործում չինական շուկա

06.11.2019 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#PayPal #GoPay #Չինաստան
Չինաստանի ժողովրդական բանկը հավանություն է տվել ամերիկյան PayPal հոլդինգի կողմից տեղական Guofubao Information Technology (GoPay) վճարային օպերատորի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի գնմանը:  

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, դա թույլ կտա PayPal-ին դառնալ առաջին արտասահմանյան ընկերությունը, որն ունի թվային վճարումներ տրամադրելու ծառայության լիցենզիա Չինաստանում:

Գործարքի պայմանների համաձայն՝ PayPal-ը ձեռք կբերի GoPay-ի բաժնետոմսերի 70%-ը: Գործարքը վերջնականապես կավարտվի 2019թ. չորրորդ եռամսյակում. դրա գումարը չի բացահայտվում:

Գործարքի ավարտից հետո PayPal-ն իրավունք կստանա զբաղվել գործունեության բոլոր այն տեսակներով, որոնց լիցենզիան ունի GoPay-ը: Այս օպերատորը չինական շուկայում աշխատում է 2011թ. դեկտեմբերից, այդ ընթացքում ազգային կարգավորիչը նրան թույլատրել է յուանով մոբայլ եւ օնլայն վճարումներ իրականացնել Չինաստանում ու արտասահմանում, ինչպես նաեւ զբաղվել դեբետային քարտերի թողարկմամբ:

GoPay-ի գնումը թույլ կտա PayPal-ին դառնալ առաջին արտասահմանյան ընկերությունը, որը հնարավորություն կունենա աշխատել օնլայն վճարումների չինական շուկայում: Մինչ այդ չինական շուկա դուրս գալու փորձեր էին կատարում ամերիկյան Visa եւ Mastercard վճարային հսկաները, սակայն արդեն ավելի քան երկու տարի է՝ նրանց չի հաջողվում թույլտվություն ստանալ ազգային կարգավորչից:

«Մեզ համար մեծ պատիվ է դառնալ առաջին արտասահմանյան վճարային հարթակը, որը լիցենզիա է ստացել Չինաստանում օնլայն վճարումների ծառայություններ մատուցելու համար: Մենք ակնկալում ենք գործընկերային հարաբերություններ հաստատել չինական ֆինանսական հաստատությունների եւ տեխնոլոգիական հարթակների հետ»,- նշել է PayPal-ի գլխավոր տնօրեն Դեն Շուլմանը (Dan Schulman):

Ինչպես գրում է պարբերականը, ամերիկյան ընկերությունները վաղուց են փորձում դուրս գալ ֆինանսական ծառայությունների չինական շուկա, սակայն դա դեռեւս հաջողվել է միայն American Express-ին: 2018թ. Չինաստանի ժողովրդական բանկը հավանություն է տվել չինական գործընկերոջ՝ LianLian group-ի հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ American Express-ի հայտին:

Ընդ որում, American Express-ի դեպքում խոսքն օնլայն վճարումների համակարգի կազմակերպման մասին չէ. ընկերությանը թույլատրել են զբաղվել ներքին հաշվարկների համակարգի եւ քլիրինգային ծառայության ստեղծմամբ: American Express-ի հնարավորությունները չինական շուկայում սահմանափակված են նաեւ նրանով, որ երկրի ներսում բոլոր գործարքների մշակմամբ զբաղվում է Union Pay ազգային վճարային համակարգը:

PayPal-ին դժվարին մրցակցություն է սպասում WeChat Pay, AliPay եւ Tencent օնլայն վճարումների խոշորագույն ազգային ծառայությունների հետ: Այդուհանդերձ, աշխարհի խոշորագույն շուկաներից մեկը մուտք գործելը ընկերության համար մեծ հեռանկարներ է բացում. TechCrunch-ի տվյալներով՝ 2017-2023 թթ. մոբայլ վճարումների շուկան Չինաստանում կաճի 21,8%-ով՝ մինչեւ $96,73 տրլն: Վճարային օնլայն ծառայությունների ակտիվ օգտատերերի ընդհանուր քանակն այդ ժամանակահատվածում կաճի 562 մլն-ից մինչեւ 956 մլն:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 14302
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW