Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի հարցազրույցը Banks.am-ին- Պարոն Եղիազարյան, Evocabank-ը նոյեմբերի 12-ին կայանալիք Robust Armenia 2025 կոնֆերանսի գործընկերն է: Այս տարի կոնֆերանսն անց է կացվելու «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրի ներքո: Հաշվի առնելով այն փաստը, որ Evocabank-ը Հայաստանում «կանաչ վարկավորման» առաջատարներից է, ի՞նչ եք կարծում՝ որքանով են Հայաստանում գիտակցում էներգաարդյունավետության կարեւորությունը:- Վերջին տարիներին Հայաստանում թե՛ պետական մակարդակով, թե՛ մասնավոր հատվածում նկատելի առաջընթաց է գրանցվել էներգաարդյունավետության կարեւորության ճանաչման եւ ընկալման հարցում։ Այս ձեռքբերումն, իհարկե, մասամբ պայմանավորված է միջազգային մակարդակում տարվող ակտիվ աշխատանքով, որը շրջակա միջավայրի պաշտպանությանն առաջնային նշանակություն է տալիս եւ ստիպում է, որ երկրի տարբեր շահառուներ, լինեն պետական, թե մասնավոր, հաշվի նստեն դրա հետ իրենց գործողություններում։ Միաժամանակ, առօրյա կյանքում մենք բոլորս ականատես ենք լինում կլիմայական փոփոխություններից բխող ռիսկերին, ինչը ստիպում է մեր գործողությունները վերաձեւակերպել այնպես, որ այդ ռիսկերը դարձնենք հնարավորինս կառավարելի, իսկ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը հասցնենք նվազագույնի։Իրականում բավականին բարդ է գնահատել, թե այս կամ այն գործունեությունը ինչպես է ազդում շրջակա միջավայրի վրա, եւ հենց այստեղ կարեւոր առաջընթաց էր այս տարի Կառավարության կողմից կանաչ տաքսոնոմիայի հաստատումը։ Այս փաստաթուղթը հնարավորություն է տալիս հստակ տարբերակել, թե ինչն է համարվում կանաչ ներդրում, եւ ինչը՝ ոչ: Այն կարող է ծառայել նաեւ որպես գործիք ֆինանսական եւ բիզնես ոլորտների համար՝ իրենց կապիտալը ուղղորդելու դեպի էկոլոգիապես մաքուր նախագծեր։ Բացի այդ, աշխարհում առաջատար կազմակերպություններ (օրինակ` IFC-ն, EBRD-ն) արդեն կանաչ ֆինանսների իրենց չափանիշներն են ներդնում, եւ վերջիններիս գործընկերները, այդ թվում` մենք, ինտեգրում ենք այդ ստանդարտները մեր գործառնություններում: Մասնավոր հատվածում էներգաարդյունավետությունը այլեւս ոչ միայն բնապահպանական, այլ նաեւ տնտեսական եւ ռազմավարական նշանակություն ունի՝ ուղղակիորեն ազդելով ընկերությունների շահութաբերության, մրցունակության եւ հեղինակության վրա։ Հայաստանում նկատվում է մասնավոր հատվածի աճող հետաքրքրվածություն էներգաարդյունավետ լուծումների նկատմամբ, սակայն այս գործընթացում առաջատարը, որպես կանոն, բանկային համակարգն է։ Բանկերը ոչ միայն կարեւոր կապուղի են միջազգային ֆինանսական կառույցների հետ, այլեւ աջակցում են միջազգային ստանդարտների տեղայնացմանը՝ դարձնելով դրանք գործնականում կիրառելի տեղական շուկայում։Ֆիզիկական անձանց մակարդակում նույնպես նկատվում է հետաքրքրվածության աճ էներգաարդյունավետ համակարգերի ներդրման հանդեպ։ Դրա օրինակն են օրեցօր ավելացող էլեկտրական մեքենաների քանակը, ինչպես նաեւ առանձին տնային տնտեսությունների կողմից արեւային էներգիայի համակարգերի տեղադրումը։ Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ հասարակությունն աստիճանաբար մեծացնում է իր տեղեկացվածությունը էներգաարդյունավետության ու դրանից բխող տնտեսական եւ շրջակա միջավայրի օգուտների մասին։Եվ, ի վերջո, չպետք է մոռանալ, որ Հայաստանը հաջորդ տարի հյուրընկալելու է Կենսաբազմազանության COP17 համաժողովը, որը հստակ մեսիջ է ամբողջ աշխարհին, որ կենսաբազմազանության եւ ընդհանրապես շրջակա միջավայրին առնչվող հարցերը Հայաստանում իսկապես հաշվի են առնվում: Սակայն այստեղ անհրաժեշտ է, որ մասնավոր հատվածը դառնա կառավարության հուսալի գործընկեր՝ կենսաբազմազանության պահպանման նախաձեռնությունները կյանքի կոչելու եւ դրանց արդյունավետությունը բարձրացնելու գործում։ Կարեն Եղիազարյանը Լուսանկարը՝ Evocabank Այս համատեքստում մենք կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսավորումն ընդգրկել ենք IFC-ի հետ գործընկերության օրակարգում եւ ներկայում ուսումնասիրում ենք արդյունավետ համագործակցության հնարավոր ուղիները։ Մենք, կարծես թե, այս ուղղությամբ Հայաստանում առաջիններից ենք, եւ մեզ համար առաջնային է, որ նման համագործակցությունը ոչ միայն ապահովի ֆինանսավորում բիզնեսի համար, այլ նաեւ նպաստի լավագույն միջազգային փորձի ներդրմանը եւ մասնավոր հատվածի ներառմանը բնապահպանական ծրագրերի իրականացման մեջ։Այսպիսով՝ էներգաարդյունավետության կարեւորության ճանաչումը Հայաստանում դարձել է համապարփակ գործընթաց, որն ընդգրկում է թե՛ պետական քաղաքականությունը, թե՛ բիզնես ոլորտը եւ թե՛ առանձին քաղաքացիներին, ինչը ստեղծում է հիմք կայուն, գիտակցված եւ տնտեսապես արդյունավետ վերափոխումների իրականացման համար։- Եթե ավելի լայն խոսենք, ապա կարո՞ղ ենք ասել, որ հայկական բիզնեսը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել կայուն զարգացման խնդիրներին, «կանաչ տնտեսությանը»:- Հայաստանում կանաչ տնտեսության եւ էներգաարդյունավետության կոնցեպտը դեռ նոր է զարգանում։ Չնայած վերջին տարիներին պետական եւ մասնավոր հատվածներում նկատելի առաջընթացին, դեռեւս առկա են բազմաթիվ բացեր, որոնք պահանջում են համակարգային մոտեցում՝ երկրում կանաչ տնտեսության իրական անցումը ապահովելու համար։Վարկավորման շրջանակում մենք մշտական երկխոսության մեջ ենք տեղական բիզնեսների ու առանձին անհատների հետ, փորձում ենք հասկանալ իրենց կարիքները, առաջնահերթությունները: Այսօր կարող ենք փաստել, որ բիզնեսներն այս առումով գնալով ավելի գիտակից են դառնում, չնայած դեռ վաղ է ասել, որ անհատներն ու տնային տնտեսություններն ամբողջովին պատկերացնում են խնդիրն ու դրա լուծմանն ուղղված քայլերը: Խնդիրն առաջին հերթին, թերեւս, այն է, որ կանաչ լուծումները հաճախ հավելյալ ֆինանսական ներդրումներ են պահանջում, ինչը բիզնեսների համար առավել հասանելի է, իսկ անհատների համար` դեռեւս ոչ առաջնահերթ:Մեկ օրինակ միայն նշեմ. մեր աճող լիզինգի պորտֆելի գրեթե 90%-ը ձեւավորվում է կանաչ սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորումից: Այս եւ համանման հանգամանքները հաշվի առնելով` կարող ենք փաստել, որ բիզնեսները սկսում են գիտակցել, որ կայուն ֆինանսները ոչ միայն «հաճելի է ունենալ», այլեւ ավելի ու ավելի կարեւոր են կապիտալի բաշխման, ռիսկերի կառավարման, կորպորատիվ ռազմավարության համար։Էվոկաբանկում եւս բնապահպանական ու սոցիալական գործոնները հաշվի ենք առնում բիզնես գործընթացների կազմակերպման ողջ շրջափուլում: Այսպես ասած ESG (Environmental, Social, and Governance) համակարգը մեր ուշադրության կենտրոնում է, եւ մենք քաջ գիտակցում ենք մեր` որպես բանկի դերը բնապահպանական ու սոցիալական ռիսկերի հասցեագրման գործում:Վարկավորման գործընթացում մենք առանձնահատուկ կերպով գնահատում ենք յուրաքանչյուր ֆինանսավորվող նախագծի բնապահպանական ու սոցիալական ռիսկերը, եւ համեմատաբար բարձր ռիսկայնության, բայց կառավարելի բոլոր նախագծերի ֆինանսավորման պարագայում վարկառուների համար մշակվում է հատուկ գործողությունների ծրագիր` չեզոքացնելու հնարավոր բացասական ռիսկերը: Այս մոտեցումը թույլ է տալիս ոչ միայն ապահովել ֆինանսավորման անվտանգությունը, այլեւ խթանել նախագծերի կայուն զարգացումը եւ պատասխանատու բիզնեսի վարքագիծը` բնապահպանական ռիսկերի ճիշտ քարտեզագրման եւ կառավարման շնորհիվ։- Վերջերս բանկը հայտնեց OPEC միջազգային զարգացման հիմնադրամից $30 միլիոն սինդիկացված վարկ ներգրավելու մասին, որի նպատակներից մեկը կլիմայական պայմանների հետ կապված ներդրումների խթանումն է: Ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանեն վարկավորման հայտ ներկայացնող հայկական ընկերությունները:- Այո՛, կանաչ ֆինանսավորումն իսկապես մեր արտաքին գործընկերների հետ համագործակցության առանցքային ուղղություններից է, եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի հետ կնքված վարկը դրա լավագույն օրինակներից է։ Ըստ այս համաձայնագրի՝ վարկի մի մասը ենթակա է հատկացման կլիմայական պայմաններին առնչվող ենթավարկերի տրամադրմանը։Նման ներդրումները կարող են ներառել առանձին ընկերությունների կողմից իրականացվող էներգաարդյունավետ լուծումներ, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի համակարգեր, ինչպիսիք են արեւային ֆոտովոլտային կայանքները։ Բնականաբար, որոշ դեպքերում հստակ սահմանված են այս կամ այն կոնկրետ գործողությունները, որոնք կարող են դասակարգվել որպես կլիմայական պայմաններին առնչվող ներդրումներ, այնուամենայնիվ, հիմնական սկզբունքն այն է, որ տրամադրվող ֆինանսավորումը պետք է նպաստի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանը եւ կլիմայի փոփոխության նկատմամբ դիմադրողականության բարձրացմանը։Հետեւաբար, եթե մեր հաճախորդների կողմից առաջարկված նախագծերը համապատասխանում են այս չափանիշներին, իրականացվում է ֆինանսավորում ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի հետ կնքված վարկի շրջանակում:- Մոտ մեկ տարի առաջ՝ 2024թ. դեկտեմբերին, Evocabank-ը համագործակցության պայմանագիր ստորագրեց Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի հետ՝ $10 միլիոնի վարկ ներգրավելու մասին՝ կլիմայական փոփոխություններին առնչվող եւ կանանց կողմից ղեկավարվող ընկերությունների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովման նպատակով: Ս.թ. մայիսին էլ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ 19.4 միլիոն եվրոյի համաձայնագրեր ստորագրեցիք՝ ուղղված Հայաստանի ձեռնարկություններին աջակցություն տրամադրելուն եւ կանաչ տնտեսությանն անցմանը: Խնդրում ենք ներկայացնել, թե ինչպիսի՞ն է այս ծրագրերի ընթացքը, որքանո՞վ ակտիվ են ընկերությունները դիմում վարկային միջոցների համար:- Մենք համագործակցում ենք տարբեր գործընկերների հետ կլիմայի փոփոխության հետ կապված եւ ընդհանրապես կանաչ ֆինանսավորման ուղղությամբ: Ես ուրախ եմ նշել, որ այս թիրախային ոլորտում վարկավորումը մեծ պահանջարկ ունի մասնավոր հատվածում, եւ մենք որեւէ դժվարության չենք հանդիպում ներգրավված միջոցների տեղաբաշխման հարցում: Ընդհանրապես, արտաքին ֆինանսավորում ներգրավելուց առաջ մենք վերլուծում ենք մեր վարկային պորտֆելը, որպեսզի ավելի լավ հասկանանք շուկայի կարիքները եւ գնահատենք վարկավորման հնարավորությունները կոնկրետ ուղղություններով։Ինչ վերաբերում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ կնքած պայմանագրին, ապա այստեղ մեր հաճախորդները կարող են օգտվել GEFF գործիքի ներքո տրամադրվող քեշբեքերից, երբ ներդրումներ են կատարում կոնկրետ ուղղություններով: Օրինակ, մասնավոր բիզնեսները, որոնք պատրաստվում են ներդրումներ կատարել էլեկտրական մեքենաների ձեռքբերման կամ արեւային էներգիայի համակարգերի տեղադրման ուղղությամբ, կարող են ստանալ վարկի գումարի 10-15% չափով քեշբեք:Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Էվոկաբանկի կանաչ ֆինանսավորման նախաձեռնությունները չեն սահմանափակվում միայն այս ծրագրերով: Մենք ակտիվորեն ներգրավված ենք ինչպես Հայաստանի վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության հիմնադրամի, այնպես էլ Գերմանահայկական հիմնադրամի կողմից առաջարկվող նախաձեռնություններում: Հաշվի առնելով բանկերի կարեւոր դերը այս նպատակների առաջխաղացման գործում, մենք ձգտում ենք ապահովել առավել մատչելի ֆինանսավորում այս ոլորտներում՝ միաժամանակ խրախուսելով իրական հատվածի մասնակիցներին ներդրումներ կատարել շրջակա միջավայրի պաշտպանության եւ էներգաարդյունավետ նախագծերում:«Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» կոնֆերանսը կայանալու է 2025թ. նոյեմբերի 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:30-ից 13:00-ը: Հավելյալ տեղեկատվության եւ համագործակցության համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով: Tweet Դիտում՝ 31112