Բանկերն անհրաժեշտ են վստահություն հաղորդելու համար

04.12.2019 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Քրիս Սքիներ #Financial Services Club
«Բանկային տեսություն» ամսագրի օնլայն պարբերականը հրապարակել է Financial Services Club-ի նախագահ Քրիս Սքիների (Chris Skinner)՝ թվային դարաշրջանում բանկերի փոխակերպման մասին դասախոսությունը, որը նա կարդացել էր Finopolis 2019 ֆինանսական նորարարությունների ամենամյա համաժողովի ընթացքում:  

Ներկայացնում ենք այդ ելույթի առավել ուշագրավ հատվածները:

***

Բիլ Գեյթսը 1990-աններին կանխատեսել էր. «Մեզ անհրաժեշտ է բանկինգ, սակայն դրա հետ մեկտեղ մեզ այլեւս անհրաժեշտ չեն լինելու բանկերը»: Նա սխալվում էր:  

Պարզվեց, որ բանկերն անհրաժեշտ են: Միայն ոչ թե այն բանկերը, որոնք գոյություն ունեին Microsoft-ի հիմնադրի հայտարարության ժամանակներում, այլ՝ լրջորեն փոփոխված: Բիլ Գեյթսը, ինչպես եւ տեխնոլոգիական ընկերությունների շատ ներկայացուցիչներ, ֆինանսական հարցերում մի փոքր միամիտ են եւ տեսնում են աշխարհի պարզեցված պատկերը: Այո՛, վճարումներ կատարելու համար մեզ բանկերն այսօր անհրաժեշտ չեն: Վերջիններս անհրաժեշտ չեն նաեւ վարկավորման հարցում: Բանկերի անհրաժեշտությունը չկա անգամ ներդրումների համար:  

Բանկերն անհրաժեշտ են մեզ վստահություն հաղորդելու տեսանկյունից, քանի որ դրանք հանդիսանում են ծառայությունների վստահելի աղբյուր եւ ամբողջ ֆինանսական համակարգի վստահության ծայրահեղ կարեւոր տարր: Բանկերը ստանում են լիցենզիա, գործում են տարբեր երկրների կարգավորիչների եւ կառավարությունների կոշտ հսկողության ներքո: Դրա համար նրանց վստահում են: Բանկերն այս աշխարհում հանդես են գալիս որպես վստահելի միջնորդ:  

Սակայն, ցավոք սրտի, բանկերը հաճախ կատարում են այդ դերը ծայրաստիճան անարդյունավետ՝ շարունակելով կառուցել իրենց ֆիզիկական ենթակառուցվածքն այնպես, ինչպես դա անում էին շատ ու շատ տարիներ առաջ:

***

Ես արդեն քիչ բաների վրա եմ զարմանում, սակայն երբ առիթ է լինում աշխատել ֆինտեխի հետ, ապշում եմ, թե ոնց կարելի է այդպես լավ միավորել ֆինանսներն ու տեխնոլոգիաները: Ֆինտեխը սկիզբ է առել մոտավորապես տասը տարի առաջ: Այսօր արդեն կան նոր գաղափարներով հազարավոր ֆինտեխ ընկերություններ, դրանցից շատերը ստանում են միլիարդավոր ներդրումներ եւ լիովին փոխում մեր պատկերացումը ֆինանսական ծառայությունների մասին:


Ֆինտեխ երեւույթի ծավալները պատկերացնելու համար կարելի է դիմել թվերին: 2018թ. գլոբալ ֆինտեխ շուկայում ներդրումները գերազանցել են $111,8 մլրդ-ը, մինչդեռ 2017թ. այդ ցուցանիշը կազմել է $50,8 մլրդ: Մեկ տարվա ընթացքում աճը կազմել է 120%: Այս ժամանակահատվածում ներդրում է ստացել ավելի քան 12 000 ստարտափ եւ «հասունացել է» 40 ընկերություն, որոնք գնահատվել են մեկ եւ ավելի միլիարդ դոլար: Բնականաբար, բանկիրները, տեսնելով այս ամենը, փորձում են արձագանքել: Եվ, միեւնույնն է, փորձագետները նշում են, որ ֆինանսական հատվածը շարունակում է աշխատել ոչ ամենաարդյունավետ կերպով:

Բանկերը պետք է դադարեն լինել ֆինանսական ծառայությունների սովորական ագրեգատորներ եւ հսկիչներ ու «անել ամեն ինչ բոլորի համար»: Անհրաժեշտ է դառնալ նրանց գործընկերը, որը մասնագիտանում է բիզնեսի մեկ բնագավառում, սակայն դա անում է շատ լավ:

***

Ստարտափներ ու ֆինտեխ՝ դա լավ է: Վատ է, որ նրանք չունեն պատմություն ու  կապիտալ: Փոխարենը, ամեն ինչ կա, այսպես կոչված, BigTech-ի՝ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մոտ: Սակայն նույն այդ BigTech-ը վճարումներ կատարելիս ավելի առաջ չի գնում ֆինանսական աշխարհում: Նրանց կյանքը բանկայինից ավելի արագ է: Կարգավորումն ու պահանջներին համահունչ գործելը նրանց թույլ չեն տալիս կյանքի կոչել սեփական առավելությունը, որը բանկերի նկատմամբ արագությունն է: Երկրորդ արգելակող գործոնն այն է, որ իմաստ չկա, որ BigTech-ը բանկերի հետ նույն դաշտում մրցակցի. բանկերը հանդիսանում են փողերի խոշորագույն աղբյուր BigTech-ի համար:
 
Ինչո՞ւ պետք է BigTech-ն իր համար փոս փորի: Ավելի ճիշտ կլինի կառուցել գործընկերային հարաբերություններ այն պայմանով, որ բանկերը կփոխակերպվեն եւ կդադարեն դիտարկել թվայնացումը ոչ ավելին, քան գործընթաց կամ նախագիծ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 19935
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW