2018 թվականը՝ բիզնես, գաղափարներ, գործարարներ

28.12.2018 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#2018 #բիզնես #ամփոփում
2018-ը Հայաստանի կյանքում լի էր քաղաքական բուռն իրադարձություններով, որոնք, բարեբախտաբար, տնտեսական լուրջ ցնցումների չհանգեցրին:

Մյուս կողմից, տարվա ընթացքում քիչ չէին հետաքրքիր, տարբերվող գաղափարներն ու սոցիալական նախագծերը, որոնց մասին գրեց, շատ դեպքերում՝ նաեւ «բացահայտեց» Banks.am-ը:

Մենք թերթել ենք 2018-ի տնտեսական լրահոսի էջերը եւ առանձնացրել տարվա ընթացքում Banks.am-ի առավել ընթերցված, ուշագրավ ու կարեւոր հրապարակումները:

1. «ԶՐՈՅԻՑ»՝ ՆՈՐ ԽՈՐԱԳԻՐ BANKS-ՈՒՄ

2018-ի վերջին գործարկված այս շարքում պատմում ենք այն երիտասարդների մասին, որոնք ինքնուրույն հիմնել են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնել՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների:

- Մովսես Վարդանյանը 2015-ին սեփական ուժերով հիմնել է Tailor SHOP կարի արհեստանոցը, որն այժմ հաճախորդների խնդիր չունի: Կարում են աշխատանքային համազգեստներ, համույթների տարազներ եւ ընդունում հագուստի անհատական պատվերներ:


- Երիտասարդ գործարար Լեւոն Ստեփանյանը 2016-ին հիմնադրել է MYbookstore առցանց գրախանութը, որի միջոցով գիրքը հասանելի է դարձել բոլորին եւ հատկապես այն մարդկանց, որոնք ժամանակ չունեն այցելել գրախանութներ:


2. ԷԿԶՈՏԻԿԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տավուշի մարզի Դիտավան գյուղում 8 տարի առաջ տնկված կիվիի ծառերն այս տարի առատ բերք են տվել։ Սարիբեկյանների ընտանիքի աճեցրած խոշոր ու քաղցր պտուղը կարող է մարտահրավեր նետել դրսից ներկրվող կիվիին։


Արարատի մարզի Դաշտավան համայնքում «Արմոն» ՍՊԸ-ն վարձակալության է վերցրել 15 հա տարածք եւ առաջիկա տարիներին պատրաստվում է հիմնել կոկորդիլոսաբուծարան։


Արմավիրի մարզի Փշատավան համայնքում 2017-ի դեկտեմբերից ջայլամից մսից արտադրում են սուջուխ, բաստուրմա եւ ղավուրմա, որոնք դեռեւս միայն տեղական շուկայի համար են։

Բեզոարյան այծերը Վայոց ձորում դարձել են տուրիզմի զարգացման լուրջ խթան։ Շատին գյուղում՝ Եղեգիս գետի կիրճում, գործում է «Դիտակետ», որտեղից այցելուները հնարավորություն ունեն դիտելու բեզոարյան այծերին։


Վիգեն Մնացականյանն Ալավերդիում հիմնել է ArmBee Honey Farm ընկերությունը, որը զբաղվում է ապիթերապիայով՝ մեղվաբուժությամբ: Սկսնակ գործարարը ցանկանում է մեղվաբուծարանը հանգստի յուրօրինակ վայր դարձնել:


3. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ, ՏՈՒՐԻԶՄԻ ԽԹԱՆՈՒՄ

Լոռիի Դսեղ գյուղում գտնվող ՏՈՒԿ-ը՝ տուրիզմի ուրույն կենտրոնը, առաջարկում է վրանային ճամբար, հեծանվարշավ կամ քայլարշավ, ճամբարային հետաքրքիր առօրյա, յոգա, 3-անգամյա սնունդ, իսկ երեկոյան՝ խարույկ, կիթառ, երաժշտություն:


Հաղպատում 2018-ի սկզբից գործում է համանուն նորաստեղծ վրանային քաղաքը: «Կանչաքար»-ի այցելուները հիմնականում էքստերմալ տուրիզմի սիրահարներ են, որոնք գալիս են Լոռի՝ Դեբեդի վրա ռաֆթելու (էքստրեմալ թիավարություն) կամ քայլարշավի ու ձիարշավի նպատակով:


24-ամյա մանկավարժ-մշակութաբան Լիլիթ Խալաթյանը մայրիկի ցանկություն-երազանքը դարձրել է իրականություն․հայրենի Վայոց ձորում հիմնել է ռեստորան՝ համադրելով այն հյուրատան հետ։


Էջմիածնի Բալենիների փողոցում գտնվող «Մաչանենց տուրիզմ եւ արտ» սոցիալական ձեռնարկությունը գործում է արդեն 8 տարի եւ ներառում է թատրոններ, կրթական կենտրոններ, պատկերասրահներ, հյուրատուն, թանգարաններ, գինետուն:


4. ՀԻՄՔՈՒՄ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԸ


Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում 21 երիտասարդներ հիմնել են «Երազանքի տուն», որը դարձել է վարակիչ օրինակ եւ վերածվել «Երազանքի գյուղ» սոցիալական բիզնես նախագծի:


2018-ին Գյումրիի կենտրոնում բացվեց «Արեգակ» ներառական փուռ-սրճարանը։ Այստեղ կարող են աշխատել բոլորը՝ հաշմանդամություն ունեցող եւ ոչ հաշմանդամ երիտասարդներ, նաեւ ավագ սերնդի ներկայացուցիչներ։


2018-ի ամռանը Երեւանում բացվեց նոր գարեջրատուն, որի շահույթի 22 տոկոսն օգտագործվելու է Հայաստանի հեռավոր գյուղերում տարբեր ծրագրերի իրականացման համար: «22% Gastropub»-ը Հայկ Թորոյանի եւ Հայկ Մինասյանի համատեղ բիզնեսն է, որի հաջողության դեպքում ընկերները խոստանում են՝ կիրականանան սոցիալական մի շարք նախաձեռնություններ:


«Նեթվորք արշավներ»-ը թեեւ շահույթ հետապնդող ծրագիր է, սակայն այդ շահույթը նախագծի ղեկավարների գրպանի համար չէ: Առաջին արշավից հետո որոշել են հավաքված գումարը տրամադրել որեւէ զինհաշմանդամի, ինչն էլ բարեհաջող իրագործել են «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի օգնությամբ:


5. ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

2018-ին FMD K&L ընկերությունը Երեւանում բացեց տարածաշրջանում առաջին բիոտեխնոլոգիական կենտրոնը: Այն առավելապես կենտրոնանում է առաջին անհրաժեշտության խնամքի միջոցների՝ շամպունների, քսուքների փորձարկումների հետազոտությունների վրա:


Հայաստանյան Green Lad ընկերությունը՝ ֆրանսիական Novintiss ընկերության հետ համագործակցության արդյունքում ստեղծել է Թումանյան 35 հասցեում գտնվող «Ջազզվե» սրճարանի եւ «Կամար» բիզնես կենտրոնի «Կանաչ պատերը»:


«Երեւանյան լիճ սմարթ պարկ» ծրագիրը «Ձեւափոխի՛ր» մրցույթի շրջանակում առաջարկեց բարեկարգել Երեւանյան լճի տարածքը՝ համալրելով այն Հայաստանում արագ զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների սմարթ լուծումներով:


Proper ընկերությունը Հայաստանում մեկնարկեց Precious Plastic Armenia նախագիծը, որը նպատակ ունի սկսել պլաստիկի փոքր ծավալների վերամշակում եւ դրանից ստանալ կայուն եւ մրցունակ արտադրանք:


6. ԲԻԶՆԵՍԸ՝ ՍԱՀՄԱՆԻՆ


Տավուշի մարզի սահմանամերձ-սահմանապահ Բերքաբեր համայնքում վերահիմնված «Խաղաղության այգու» առաջին բերքը՝ արքայանարինջը, արդեն հասցրել է «չորանալ», միջազգային ցուցահանդեսի մասնակցել ու ճանաչում ձեռք բերել։


Սահմանապահ Բերքաբերում՝ «Սահման» ՀԿ աջակցությամբ եւ «ԱՐՓԱ» հիմնարկի ֆինանսավորմամբ իրականացվող համատեղ ծրագրով բիզնես է հիմնվել՝ «Նանսոն» ապրանքանիշի ներքո հանդես եկող կարի արտադրությունը։ Նպատակը համայնքում նոր աշխատատեղեր ու կայուն եկամտի աղբյուր ստեղծելն է:


***

2018-ին համաշխարհային բիզնես միջավայրում նշանակալի դերակատարում ունեցող հայտնի հայ գործարարները ստեղծեցին «Կառուցի՛ր Հայաստան» հիմնադրամը:


Կառույցի նպատակն է՝ սահմանել բիզնես հայրենադարձության հայեցակարգային ուղղությունները, մշակել կարճաժամկետ/երկարաժամկետ ռազմավարություն, ապա համապատասխան ծրագրերի ու նախագծերի իրականացմամբ հետամուտ լինել դրանց իրագործմանը:

Տաթեւ Հովհաննիսյան
Դիտում՝ 11728
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai