Ապիթերապիա՝ բուժիչ մեղուներն ու տուրիզմի զարգացումն Ալավերդիում

02.11.2018 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ArmBee Honey Farm #ապիթերապիա #Վիգեն Մնացականյան
Քուն՝ մեղվաընտանիքների վրա կամ ավելի կարճ՝ ապիթերապիա (մեղվաբուժություն): Սկսնակ գործարար Վիգեն Մնացականյանը, չնայած նրան, որ մասնագիտությամբ ոսկերիչ-արծաթագործ է ու նաեւ տնտեսագիտություն է ուսումնասիրում, սիրելի զբաղմունքն ու եկամտաբեր աշխատանքը մեղվաբուծությունն ու մեղվաբուժությունն է համարում: Ալավերդիում նա հիմնել է ArmBee Honey Farm ընկերությունը:

Որպես սկիզբ

«Մեղվաբուծություն սովորել եմ պապիս խորհրդով: Միշտ ասում էր՝ արի՛, զբաղվի՛ր, օգնի՛ր ինձ: Սկզբում մեղվաբուծությունն ինձ այնքան էլ չէր գրավում: Սկսեցի պարզապես օգնել պապիս, դարձա նրա օգնականը, հետո արդեն բանվորություն էի անում: Քիչ-քիչ սեր առաջացավ ու զգացի, որ ուզում եմ զբաղվել մեղուներով: Պապիս մահից հետո՝ 2014-ին, արդեն ինքնուրույն 2 մեղվաընտանիք դրեցի: Գնեցինք մեղվաբուծարանի ներկայիս տարածքը եւ լրջորեն գործի անցա: Հիմա արդեն 40 մեղվաընտանիք ունեմ, այլ տեղից չեմ բերել, ինքս բուծել եմ՝ սելեկցիայի միջոցով ստանալով իմ ուզած տեսակը»,- մեղվաբուծարան հիմնելու նախապատմությունն է ներկայացնում ArmBee Honey Farm-ի տնօրեն Վիգեն Մնացականյանը:


Ապիթերապիան կամ, որ նույնն է՝ մեղվաբուժությունը, Վիգենի համար երկար տարիներ ուսումնասիրության առարկա է եղել: Փորձել է կարդալ, իմանալ, թե որ երկրներում են առավել օգտագործում բուժման այս մեթոդը: Ասում է, որ մեղվաբուծարանը մեծացնելուն զուգահեռ՝ փորձել է ուսումնասիրել տարբեր բիզնես-նախագծեր՝ հասկանալու համար, թե մեղր վաճառելուց բացի մեղվաբուծության հետ կապված ինչ բիզնես կարելի է հիմնել:  

Գաղափար, ոգեւորություն, բիզնես

«Երկու տարի առաջ ճապոնացի գործարարներ էին եկել Ալավերդի՝ տեղի ներդրումային դաշտն ուսումնասիրելու նպատակով: Երբ նրանց ներկայացրի մեղվաբուժության հետ կապված իմ գաղափարը, նախ՝ զարմացան, հետո սկսեցին ոգեւորել, որ անպայման իրականացնեմ այն: Դա խթան դարձավ, որ գործնական քայլերի անցնեմ: Անցած տարի Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ  ԶԱԿ) սկսնակ գործարարների համար դասընթացներ էր իրականացնում եւ ցածր տոկոսներով վարկավորում լավագույն նախագծերը: Դա այն էր, ինչն ամենից շատ էի ուզում»,- պատմում է Վիգենը:


Դասընթացի ընթացքում գաղափարը դարձել է բիզնես-նախագիծ եւ ճանաչվել լավագույնը՝ ներկայացված բոլոր նախագծերից: Վարկի 1 մլն դրամից բացի, Վիգեն Մնացականյանը 1,5 մլն-ի չափով դրամաշնորհ է ստացել Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից: Այս գումարով կառուցել է 2 ապի-տնակներ եւ հիմնել մեղվաբուծության եւ մեղվաբուժության ԱրմԲի (ArmBee) կենտրոնը, որը բացվել է այս տարվա սեպտեմբերին:

Գործարարի համոզմամբ՝ Հայաստանում դեռեւս չկա նման կենտրոն, որտեղ տնակներում ապիթերապիա իրականացվի: Յուրաքանչյուր տնակում փայտաշեն 2 մահճակալ է դրված, որոնցում մեղվաընտանիքներն են: Դրանք ծածկված են պաշտպանիչ ցանցով, որպեսզի մեղուները դուրս չգան արկղերից: Իսկ մահճակալի վրա կան հատուկ անցքեր, որոնց միջոցով ծաղիկների նեկտարի ու մեղրի բույրը տարածվում են սենյակում: Մեղվաբույծն ասում է, որ սենյակում տարածված օդի օգտակարությունից բացի, կան միկրոալիքներ, որոնցով մեղուները շփվում են: Արդյունքում, 60 սմ բարձրության վրա առաջանում է բիոդաշտ, որը բուժիչ ներգործություն կարող է ունենալ մարդու օրգանիզմի վրա:


«Կան մի շարք հիվանդություններ (սիրտ-անոթային, շնչառության հետ կապված,  գերհոգնածություն, լարվածություն, սթրես եւ այլն), որ բուժվում են ապիթերապիայի արդյունքում: Իմունիտետի ամրապնդման եւ օրգանիզմի կազդուրման համար ապիթերապիան հիանալի միջոց է»,- բացատրում է Վիգենը:

Բուժման կուրսը կարող է տեւել օրական 1-2 ժամից մինչեւ 8 ժամ, նաեւ՝ գիշերը ապի-տնակում քնելով: Ի դեպ, ձմռան ամիսներին անգամ այստեղ հնարավոր է թերապիա իրականացնել. տնակներն իզոլացված են, ջերմությունը՝ բավարար:  

Ծառայություններ, գներ    

Ծաղկաբույրով ու ժրաջան փոքրիկ արարածների բզզոցով լցված տնակում 1 ժամ անցկացնելու արժեքը 3000 դրամ է, իսկ 3 ժամի համար հարկավոր է 7000 դրամ վճարել: Արժեքը ներառում է նաեւ թեյախմություն ու մեղրի համտես:

Նրանք, ովքեր ցանկանում են տեսնել մեղրաքամի պրոցեսը, ծանոթանալ մեղվաբուծության գաղտնիքներին ու հմտություններին, ապա կարող են մասնակցել վարպետության դասերի, որոնց արժեքը 2000 դրամ է: Տրամադրում են անհրաժեշտ հագուստ եւ մասնակից դարձնում աշխատանքի ամբողջ ընթացքին:

Գիշերակացը տնակում 10 000 դրամ արժե, ներառյալ՝ նախաճաշը, որն էկոլոգիապես մաքուր ու թարմ սնունդ է:


«Ունենք այգի, աճեցնում ենք բանջարեղեն, մրգեր, հենց դրանով էլ հյուրասիրում ենք այցելուներին: Բույսերի փոշոտումը 82%-ով մեղուների միջոցով է կատարվում  ու քանի որ այստեղ շատ են մեղվաընտանիքները, բերքի որակը միշտ բարձր է լինում»,- ասում է Վիգենը:

Մեղվաբուծարանում կա նաեւ առանձնացված սենյակ, որտեղ էլ կազմակերպվում է հյուրերի նախաճաշը: Այստեղ կարելի է նաեւ ընթերցել: Մեղվաբուծությանը վերաբերող գրքեր էլ կան: Իսկ սենյակի մի անկյունում ցուցադրված են մեղվաբույծին անհրաժեշտ գործիքները:  

Հետագայի համար

Վիգեն Մնացականյանը ցանկանում է մեղվաբուծարանը հանգստի յուրօրինակ վայր դարձնել, հատկապես որ տարածքը Ալավերդիի կենտրոնին շատ մոտ է, այստեղ հասնելը մատչելի է անգամ ոտքով:


B&B ձեւաչափին անցնել չի ուզում, որպեսզի բիզնեսը չկորցնի յուրահատկությունը: Փոխարենը գործակցում է Ալավերդիի տարածաշրջանի բոլոր հյուրատների եւ հյուրանոցների հետ՝ առաջարկելով այնպիսի բան, ինչն այլ տեղում հնարավոր չէ գտնել:

ArmBee Honey Farm կենտրոնի եռալեզու բուկլետներն ու այցեքարտերը կան տեղի հյուրանոցներում, դրանք շուտով կունենան նաեւ երեւանյան զբոսաշրջային գործակալությունները: Իսկ մինչ այդ ընկերությունը հասանելի է Facebok-ում, TripAdviser-ում, Booking-ում:

2019թ. համար գործարարը զբոսաշրջիկների մեծ հոսք է ակնկալում:

Տաթեւիկ Ճուղուրյան

Լուսանկարները՝ հեղինակի եւ անձնական արխիվից
Դիտում՝ 14670
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai