Տավուշի մարզի սահմանամերձ-սահմանապահ Բերքաբեր համայնքում շուրջ մեկ տարի առաջ վերահիմնված «Խաղաղության այգու» առաջին բերքը՝ արքայանարինջն արդեն հասցրել է «չորանալ», միջազգային ցուցահանդեսի մասնակցել ու ճանաչում ձեռք բերել։Այգուց ստացած բերքն իրացնելու նպատակով ծառատունկից ընդամենն ամիսներ անց նույն համայնքի բնակիչ Արա Խուդավերդյանը «Սահման» ՀԿ-ի եւ «Օրգանական գյուղատնտեսության աջակցութան նախաձեռնություն» ծրագրի օգնությամբ չրի արտադրամաս է հիմնել: Արդյունքում՝ ստացված արքայանարնջի օրգանիկ չիրը ներկայացվել է Դուբայում կայացած միջազգային ցուցահանդեսին, իր համային հատկությունների շնորհիվ հետաքրքրություն ու պահանջարկ առաջացրել ամերիկյան եւ ռուսաստանյան մասնակիցների կողմից։ «Սա արքայանարնջի յուրահատուկ տեսակ է, որն աճում է միայն Բերքաբերում։ Արտադրական փուլում ստանում ենք օրգանիկ չիր, որի հավաստող միջազգային սերտիֆիկատի ձեռք բերմանն ուղղված քայլերն արդեն ընթացքի մեջ են։ Նախորդ տարեվերջին մասնակցեցինք Դուբայում կայացած Menope 2017 միջազգային ցուցահանդեսին ու «Բերքաբեր» ապրանքանիշի ներքո ներկայացրինք մեր արտադրանքը»,- Banks.am-ին պատմել է Արա Խուդավերդյանը։Նրա փոխանցմամբ՝ ողջ ապրանքաքանակն արդեն իրացվել է, բայց ի սկզբանե նպատակ են ունեցել ոչ թե ապրանքի իրացումը խթանել, այլ` ճանաչումը:«Պահանջարկից ու արձագանքից հասկանում ենք, որ մեր քայլերը հաջողվել են։ Բերքաբերի օրգանիկ չրով մեծապես հետաքրքրված են ԱՄՆ-ում»,-հավելել է արտադրության տնօրենը:Նա նաեւ նշել է, որ այս տարի պատրաստվում են մեծացնել արտադրական ծավալները ու դուրս գալ մեծ շուկաներ: Հավելենք, որ արքայանարնջի այգին հիմնվել է Բերքաբերի հայ-ադրբեջանական սահմանագոտում դեռեւս խորհրդային տարիներին` Ջողազի ջրամբարի դիմաց: Ջրամբարն այնտեղ պայմանական սահմանաբաժանն էˋ մի կողմում հայկական Բերքաբերն է, մյուսում` ադրբեջանական Մըզըմ գյուղը, բարձունքումˋ հակառակորդի դիրքերը: «Խաղաղության այգի» անվանումն այն ստացել է նախորդ տարի:Անդրադառնալով հարցին, թե եղել են արդյոք խոչընդոտներ` հակառակորդի դեմ դիմաց գտնվող այգու մշակման կամ բերքահավաքի ժամանակ՝ Արան նշել է, որ «այգին երբեք անմշակ չեն թողել»։Սիրանուշ ԵղիազարյանԼուսանկարները` Արա Խուդավերդյանի անձնական արխիվից Tweet Դիտում՝ 4617