Բեզոարյան այծերը՝ վայոցձորյան տուրիզմի զարգացման խթան

09.11.2018 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բեզոարյան այծ #Շատին #Դիտակետ
Բեզոարյան այծերը Վայոց ձորում դարձել են տուրիզմի զարգացման լուրջ խթան։ Արդեն 9 տարի է՝ Շատին գյուղում՝ Եղեգիս գետի կիրճում, գործում է «Դիտակետ», որտեղից այցելուները հնարավորություն ունեն դիտելու բեզոարյան այծերին։

Ինչպես ստեղծվեց

«Դիտակետը» հագեցած է համապատասխան տեխնիկայով, ունի հանգստանալու համար նախատեսված տաղավար։ Մանկավարժ Մելիք Մաթեւոսյանը, որի տան տարածքում գործում է դիտարանը, Banks.am-ի հետ զրույցում ասում է, որ այն իր տեսակով նախադեպային է ամբողջ Վայոց ձորում։


Կառուցման աշխատանքները մեկնարկել են 2007-ին։ «Դիտակետը» կառուցվել է «Կենսառեսուրսների կայուն կառավարումը եւ համայնքների զարգացումը Հարավային Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Հայաստանի եւ Նորվեգիայի կառավարությունների կողմից։ Համաձայնագիր է կնքվել «Հայկական բարձրավանդակի կենսաբազմազանության պահպանման» հիմնադրամի հետ։ Պայմանագրով տարածքն անհատույց տրամադրվել է շահագործման։

Բեզոարյան այծերը տուրիստներին բերում են Շատին

Մելիք Մաթեւոսյանի խոսքով՝ կենդանիներն արդեն ընտելացել են մարդու ներկայությանը, հետեւաբար՝ երբեւիցե արտառոց շարժ չի նկատվում։ Այստեղից կարելի է հետեւել եւ տեսնել, թե ինչպես են այծերն իջնում ձոր՝ ջուր խմելու:

«Տարածքը հարմար է հենց այս տեսակի զարգացման համար։ Քարքարոտ եւ ժայռոտ տարածքը նրանց հնարավորություն է տալիս խույս տալ գազաններից, նրանք շատ ճարպիկ ձեւով կարողանում են մագլցել ժայռերը»,- ընդգծում է Մելիք Մաթեւոսյանը։


Դիտարանի ապահոված ֆինանսական միջոցներն ուղղվում են վերանորոգման աշխատանքներին։ Մուտքը վճարովի է հիմնականում այն ժամանակ, երբ այցելուները գալիս են տուրիստական կազմակերպության ուղեկցությամբ։

Վերջիններիս հետ նաեւ ակտիվորեն համագործակցում են. ««Դիտակետը» Բնության համաշխարհային հիմնադրամի ուշադրության կենտրոնում է։ Նշեմ նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության մասին, սակայն որեւէ ֆինանսական աջակցություն չենք ստանում»։


Տուրիստական հոսքը հիմնականում ապահովվում է հուլիսից մինչեւ սեպտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում։ Գալիս են Եվրոպայից, Միջին Արեւելքից, ԱՄՆ-ից։ Դիտարանի սեփականատերը վստահեցնում է՝ «հեռանում են՝ իրենց տեսածին համապատասխան էներգիա ստացած եւ վերադառնալու նպատակով»։

Հյուրատուն՝ «Դիտակետի» տարածքում

2009-ին դիտարանի տարածքում կառուցվել է հյուրատուն (B&B)։ Այսօր այն գործում է, սակայն առկա են որոշ խնդիրներ:

«Տարածքում հաճախակի առաջանում է խմելու ջրի խնդիր, որն իր բացասական ազդեցությունն է գործում հյուրատան գործունեության վրա,- ասում է Մելիք Մաթեւոսյանը, որը նպատակ ունի ընդլայնել հյուրատների քանակը, սակայն խոստովանում է՝ այն ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում. -Դա ապագայի հարց է։ Երբ կարողանանք լրացուցիչ հյուրատներ ավելացնել, այդ ժամանակ լիարժեքորեն կընկալվենք որպես բիզնես»։


Վերջին տարիներին գյուղի տարածքում նկատվում է արջերի քանակի աննախադեպ զարգացում, որն իր բացասական ազդեցությունն է թողել ոչ միայն գյուղատնտեսության, այլեւ այծերի քանակի վրա։ Մելիք Մաթեւոսյանը սա մտահոգիչ է համարում՝ավելացնելով, որ այն կարող է վնաս հասցնել նաեւ «Դիտակետի» գործունեությանը.

«Գարնանից մինչեւ ձյան հալվելն արջերը մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Նրանց թիվը բավականին շատ է, տարբեր տեղերից մոտենում են գյուղին։ Նայելով իրավիճակին՝ տեսնում ենք, որ արջերը տանում են բերքի 30-40%-ը, առանձին դեպքերում՝ նաեւ 100%-ը»։

Բեզոարյան այծերի դիտակետը միջին հաշվով ունենում է շաբաթական 2 այցելություն։ Դիտելու ամենահարմար ժամը 17:00-ից է սկսվում։ Ի դեպ, երբեմն արջերը եւս չեն վրիպում այցելուների ուշադրությունից։

Տեքստն ու լուսանկարները՝ Նելլի Պետրոսյանի
Դիտում՝ 10870
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai