Հայկական կիվին՝ այլընտրանք ներկրվածին

16.11.2018 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#կիվի #Դիտավան #Սարիբեկյաններ
Տավուշի մարզի Դիտավան գյուղում 8 տարի առաջ տնկված կիվիի ծառերն այս տարի առատ բերք են տվել։ Սարիբեկյանների ընտանիքի աճեցրած խոշոր ու քաղցր պտուղը կարող է մարտահրավեր նետել դրսից ներկրվող կիվիին։ Banks.am-ի թղթակիցը եղել է Դիտավանում եւ խոսել տարածաշրջանին ոչ բնորոշ մի շարք մրգերի աճեցմամբ զբաղվող ընտանիքի անդամների հետ։

Այգու հիմնում

Դիտավան գյուղի բնակիչ Աշոտ Սարիբեկյանն իր առաջին այգին 2002-ին է հիմնել։

«Տարիներ անց որոշեցի թուզ աճեցնել։ Պտտվեցի գյուղով մեկ, լավագույն տեսակները բերեցի ու տնկեցի իմ այգում, որից հետո մեկնեցի ժամկետային զինվորական ծառայության։ Վերադարձիս, երբ տեսա, որ 2 տարեկան ծառերն արդեն բերք են տալիս, շատ ոգեւորվեցի ու շարունակեցի զբաղվել այգով»,- պատմում է Աշոտ Սարիբեկյանը։

Արդեն իսկ կուտակած փորձի շնորհիվ 2010-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ մայր այգի հիմնելու ծրագրի շահառու դարձավ Սարիբեկյանների ընտանիքը։ Ծրագրի շրջանակում այգում տնկվեցին կիվի, մանգո, ինչպես նաեւ արքայանարնջի եւ թզի՝ տարածաշրջանի համար նոր տեսակներ, գերմանական ու ճապոնական զկեռներ, ֆրանսիական ու ճապոնական տանձեր, կեռասի տեսակներ, հնդկական նուռ եւ այլն։

Աշոտ Սարիբեկյանը

Անհավանականը՝ իրական

Աշոտի հոր՝ Արծրունի Սարիբեկյանի խոսքով՝ սկզբում չէին հավատում, որ կիվին կաճի տեղի կլիմայի պայմաններում, թեեւ գիտեին, որ տեսակը ցրտադիմացկուն է։

«Մի քանի տարի շարունակ բերք չկար, հետո՝ 2014-ին, միայն մեկ կիվի նկատեցինք, հաջորդ տարի՝ արդեն երեք։ Դա մեզ շատ զարմացրեց»,- պատմում է նա։

Նախորդ բերքահավաքին ծառերի վրա 127 պտուղ են հաշվել, իսկ այս տարի պատկերը լրիվ այլ է՝ մոտ 200-250 կգ կիվի։


Արտասովոր մրգերը՝ տեղական շուկայում

Ծրագրի շրջանակում բերված տնկիներից մի մասը չհարմարվեցին, այդ թվում՝ որոշ հատապտուղներ։ Բացի այդ, տեղի բնակիչների կողմից անսովոր մրգերը հաճախ չեն ընդունվում։

«Երբ առաջին անգամ ճապոնական տանձը շուկա հանեցինք, մարդիկ սկսեցին խոսել, թե խաբում եմ իրենց ու տանձի անվան տակ խնձոր վաճառում։ Հետզհետե սովորեցին տանձի այդ տեսակի տեսքին, եւ այժմ կիլոգրամը 500-600 դրամով շատ արագ սպառվում է»,- նշում է Արծրունի Սարիբեկյանը։

Գնորդներ չգտնելու պատճառով Սարիբեկյանները դադարեցրին աճեցնել դեղին ազնվամորի, իսկ թե ինչպես կընդունվեն, օրինակ, մանգոն կամ հնդկական նուռը, դեռեւս չգիտեն. առատ բերքահավաք չեն ունեցել։

Արծրունի Սարիբեկյանը՝ ձեռքին հնդկական նուռ

Առանձնահատկություններ եւ դժվարություններ

Կիվիին ոչինչ չեն սրսկել, անգամ պարարտանյութ չեն օգտագործել, կարկուտից էլ պաշտպանել են խոշոր տերեւները։ Աշոտը վստահեցնում է՝ Դիտավանի կիվին ներկրվածից ավելի քաղցր ու հյութալի է։

Շուկա են հանձնում կիլոգրամը 750 դրամով, որտեղ գինը դառնում է 800-850 դրամ, մինչդեռ ներկրված կիվին վաճառվում է մոտ 1100 դրամով։

Այգում կիվիի ծառերն ավելացնել չեն շտապում։ Փոխարենը տնկիներ են աճեցնում եւ վաճառում, որովհետեւ պահանաջարկ արդեն իսկ կա։ Աշոտի խոսքով՝ նախորդ տարի մոտ 50 տնկի Երեւան են տարել։


Կիվիի հետ աշխատանքն այնքան էլ հեշտ չէ՝ հատկապես տնկիներն աճեցնելը։ Դժվարություններ կան նաեւ շուկան գրավելու հարցում։

«Երբ ասում ենք, որ Դիտավանի կիվի է, շատերը չեն հավատում, սակայն ճանաչման հետ մեկտեղ, մրգի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է։ Այս ամսվա վերջում կավարտենք բերքահավաքը, կպահեստավորենք նկուղում եւ Ամանորին ընդառաջ կփորձենք իրացնել արդեն լիարժեք հասունացած միրգը»,- ասում է Աշոտ Սարիբեկյանը՝ հավելելով, որ վաճառում են հիմնականում գյուղում եւ մարզկենտրոնի շուկայում։

Հայաստանի տարածքում կիվի աճում է նաեւ Նոյեմբերյանի որոշ այգիներում՝ հատուկենտ տնկված ծառերի վրա,  ինչպես նաեւ Արցախում։

Տեքստն ու լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 14436
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai