Տոմաշ Վեսելի. «Courtyard By Marriott-ի համար երկինքը սահմաններ չունի»

05.04.2024 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Ապրիլի 6-ից Երեւանի Տերյան 5 հասցեում իր դռները կբացի Marriott International-ի հերթական հյուրանոցը՝ Courtyard by Marriott-ը, որն առանձնանում է իր ջերմ դիզայնով եւ առաջարկած ծառայությունների բազմազանությամբ:

Բացմանն ընդառաջ՝ Banks.am-ը զրուցել է հյուրանոցի գլխավոր մենեջեր Տոմաշ Վեսելիի հետ ծառայությունների բարձր որակի եւ Երեւան բերված նոր մշակույթի մասին:

-Պրն. Վեսելի, խնդրում եմ ներկայացրեք Courtyard by Marriott Yerevan-ը՝ ի՞նչ առանձնահատկություններ ունի այն, եւ ի՞նչ կարող են ակնկալել հյուրերը հյուրանոցում անցկացրած իրենց օրերից:

- Courtyard by Marriott-ը ոգեշնչված է հյուրերի համար լավագույնն անելու ձգտմամբ:
Մենք ունենք 1285 հյուրանոցներ աշխարհի 60 երկրներում, որոնցից հերթականն արդեն Երեւանի սրտում է:

Մենք ձգտում ենք հզորացնել մեր հաճախորդներին մի կողմից հոգալով նրանց կարիքները, եւ մյուս կողմից՝ տրամադրելով այնպիսի միջավայր, որը նրանց կօգնի լիցքաթափվել, նոր էներգիա ստանալ, նաեւ ունենալ արդյունավետ աշխատանքային հանդիպումներ: Դրա համար հյուրանոցն ունի բոլոր պայմանները՝ սպա սրահ, բարձրակարգ սարքավորումներով հագեցած մարզասրահ, բարձրակարգ սնունդ եւ խմիչքներ մատուցող ռեստորան եւ բար, հարմարավետ հանդիպումների սրահներ եւ co-working տիրույթ, որտեղ մեր հյուրերը կարող են ընդունել իրենց հաճախորդներին:

Հյուրանոցն ունի 172 համար, ընդորում՝ մեկ  «Executive» եւ ինը «one-bedroom suite»-ներ:

Նախասրահը բաղկացած է երկու մասից. առաջին մասը դասական ձեւաչափով է, իսկ երկրորդ մասում աշխատանքային օրվա ավարտին կոկտեյլներ վայելելու «Go & Sip» սրահն է:

Տոմաշ Վեսելին

Առաջին հարկում տեղակայված է մեր «GIA» ռեստորանը, որը ներկայացնում է միջերկրական եւ միջին արեւելյան խոհանոցները: Այն շուրջօրյա է՝ նախատեսված ոչ միայն հյուրանոցի հյուրերի, այլ նաեւ տեղացի հաճախորդների համար:

Տարատեսակ հանդիպումների եւ հանդիսությունների անցկացման համար ունենք չորս սրահ, որոնցից ամենաընդարձակը նախատեսված է մինչեւ 180 անձով միջոցառումների համար:  

Հյուրանոցի ամբողջ դիզայնը ջերմ է, տաք գույներով, եւ այստեղ մարդիկ իրենց լիարժեքորեն կարող են զգալ ինչպես տանը:

- Ինչո՞վ է Courtyard by Marriott-ն առանձնանում քաղաքի մյուս հյուրանոցներից, ինչպիսի՞ հատուկ ծառայություններ է այն առաջարկում հյուրերին:

- Նախ եւ առաջ, մենք փորձելու ենք փոխել հյուրանոցների մասին տեղի բնակչության պատկերացումը: Այստեղ մարդիկ հակված են մտածելու, որ հյուրանոցները միայն զբոսաշրջիկների համար են, դրանք թանկ են եւ անհասանելի: Կարծում եմ, բնակչության հանդեպ անարդար վերաբերմունք է, ուստի մեր նպատակներից մեկն է մեր դռները բացել նաեւ տեղացի հյուրերի համար: Ճկուն քաղաքականության եւ ջերմ միջավայրի միջոցով այնպես ենք անելու, որ տեղացիները լինեն մեր ռեստորանի եւ բարի հիմնական հաճախորդները, որպեսզի այն դառնա քաղաքի բնակիչների սիրելի վայրերից մեկը: Բարձր որակի ծառայության հետ մեկտեղ, առաջարկելու ենք այնպիսի գներ, որ տեղացիները ծախսեն նույնքան գումար, որքան քաղաքի ռեստորաններից մեկում կծախսեին:

Մեր հյուրանոցի առավելություններից է նաեւ Marriott Bonvoy ծրագրի մասը կազմելը: Այն համաշխարհային ծրագիր է, որն ընդգրկում է Marriott-ի բոլոր բրենդները: Դառնալով ծրագրի անդամ՝ հաճախորդը իր հավատարմությանը համապատասխան միավորներ է կուտակում ու ստանում Marriott բրենդի ամբողջ աշխարհով սփռված հյուրանոցներից օգտվելու առավելություններ: Marriott Bonvoy-ի անդամները մեզ համար ընտանիքի անդամի նման են:

- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կշահեն Երեւանն ու Հայաստանը Courtyard by Marriott-ի այստեղ գտնվելուց ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային առումով:

- Հայաստանը մեծ պոտենցիալ ունի մի շարք պատճառներով. առաջինը, որը բացահայտել եմ սեփական փորձով, այն շատ անվտանգ է, երկրորդը՝ կանաչ զբոսաշրջության մեծ հնարավորություններ ունի: Քանի որ Հայաստանն այնքան էլ խիտ բնակեցված չէ, ինչպես շատ այլ երկրներ, զբոսաշրջիկը կարող է գտնել բազում ամայի ու վայրի տարածքներ, ինչն ինքնին գեղեցիկ է եւ հետաքրքրություն է առաջացնում:

Տոմաշ Վեսելին

Մենք ընդգծելու ենք այս բոլոր առավելությունները, եւ դրանց համադրելով մեր ծառայությունների բարձր որակը՝ ավելի գրավիչ ենք դարձնելու Հայաստանը զբոսաշրջիկների համար: Աշխարհով մեկ սփռված մեր հավատարիմ հաճախորդների համար Հայաստանը եւս կդառնա ճամփորդելու հետաքրքրական ուղղություն մեր հյուրանոցի առկայության շնորհիվ:

Մենք նաեւ մեծ կարեւորություն ենք տալիս կայուն զարգացմանը, դա «Marriott»-ի մշակույթի կարեւոր մասն է: Հաշվի առնելով այն, որ աշխարհով մեկ ունենք 8,800 հյուրանոցներ՝ մենք մեծ պատասխանատվություն ենք կրում շրջակա միջավայրի վրա մեր ազդեցության համար: Այդ պատճառով էլ մշտապես աշխատում ենք միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ՝ փորձելով նաեւ օրինակ ծառայել ոլորտի մյուս ներկայացուցիչների համար:

Մեր հյուրանոցներում հրաժարվել ենք պլաստիկի օգտագործումից, տարանջատում ենք թափոնները, կառավարում ենք սննդային մնացորդները, օգտագործում ենք նորագույն էներգախնայող համակարգեր, սահմանափակում ջրի անխնա օգտագործումը, եւ սրանք ընդամենը օրինակներ են: Ի վերջո, մենք միայն այս մեկ երկրագունդն ունենք, եւ վստահաբար արդեն բավարար վնաս ենք պատճառել դրան:  

Այս մոտեցումները սովորեցնում ենք նաեւ մեր աշխատակիցներին, եւ սա եւս մեկ ներդրում է տեղի համայնքի մտածելակերպում:

- Տեղյակ եմ, որ աշխատակիցների զգալի մասը տեղացիներ են: Կասե՞ք, թե ինչպես եք ընտրում թիմի անդամներին, ի՞նչ ունակություններ պետք է ունենան նրանք:

- Այո, մեր աշխատակիցների մեծ մասը տեղացիներ են, միեւնույն ժամանակ մենք կարեւորություն ենք տալիս նաեւ բազմամշակույթ թիմի առկայությանն ու գենդերային հավասարությանը:

Հյուրընկալության ոլորտում առանցքային է հյուրերին ուրախություն պատճառելը, որի համար բարձր որակավորում ունեցող թիմ է պետք: Այդ պատճառով ինքս եմ հարցազրույց վարում յուրաքանչյուր պոտենցիալ աշխատակցի հետ՝ սկսած մաքրուհիներից:

Գիտելիքը հնարավոր է ձեռք բերել, մինչդեռ բնավորությունը փոխելը բարդ է եւ քիչ հավանական, ուստի մեզ համար առաջնային են մարդկային որակները, իսկ մասնագիտական հմտությունները կարող ենք սովորեցնել: Մենք փնտրում ենք էներգիայով լցված մարդկանց, որոնք սիրում են սովորել ու զարգանալ: Նրանք պետք է լինեն ստեղծագործ եւ ունենան հաղորդակցության եւ հուզական կապ ստեղծելու լավ հմտություններ:

Միեւնույն ժամանակ, մեր թիմի յուրաքանչյուր անդամ ստանում է Marriott բրենդի հետ աճելու հնարավորություն: Նրանք կարող են ճամփորդել բրենդի հետ միասին՝ աշխատելով աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մեր հյուրանոցներում:

Տոմաշ Վեսելին

Հյուրընկալության ոլորտում աշխատելու առավելություններից է նաեւ բաժինների բազմազանությունը, ուստի կարելի է սկսել մատուցողի աշխատանքից, իսկ հետո դառնալ ֆինանսական բաժնի ղեկավար: Մենք ունենք բազմաթիվ դասընթացներ եւ աշխատանքային մշակույթի բարձր չափանիշներ, որոնցով կարելի է անընդհատ սովորել եւ ինքնակատարելագործվել:

Առհասարակ Marriott-ը հայտնի է նրանով, որ այստեղի աշխատակիցները շատ երկար են մնում բրենդի հետ՝ մինչեւ 30 եւ ավելի տարիներ: Ինչպես պարոն Մարիոթն է ասել՝ եթե աշխատակիցները երջանիկ են, կերջանկացնեն նաեւ ձեր հաճախորդներին: Սա ճշմարտություն է եւ մենք հետեւում ենք դրան:

- Որպես հյուրանոցի գլխավոր մենեջեր՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք հյուրանոցի աշխատանքային ընթացքի եւ հետագա զարգացման վերաբերյալ:

- Միայն մեկ բան եմ ակնկալում՝ լինել համար մեկը, այլ կերպ լինել չի կարող: Հույս ունեմ, որ հաճախորդների գոհունակության առումով տարածաշրջանում առաջատարի դեր կստանձնենք: Այս նպատակին հասնելու համար հետեւողական հարցումներն ու վերլուծությունները մեր առաջնահերթությունների շարքում են:

Հյուրընկալության ոլորտի գեղեցկությունը նաեւ նրանում է, որ այն մշտապես զարգանում է, ուստի մենք եւս շարունակաբար զարգացնելու ենք մեր առաջարկած ծառայությունները: Մեզ համար երկինքը սահմաններ չունի:

Տոմաշ Վեսելիի զրուցել է Գայանե Ենոքյանը
Դիտում՝ 21274
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW