Կիպրոսը որպես դարպաս՝ դեպի Եվրամիության միասնական շուկա

26.04.2024 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Կիպրոս
«Հայաստան-Կիպրոս. Բիզնես հնարավորություններ» ֆորումի մասնակիցներն այսօր քննարկել են համատեղ կապերի ամրապնդումը, համագործակցության նոր ուղղություններն ու հնարավորությունները։

Երեւանում տեղի ունեցած ֆորումը կազմակերպել է «Հայ գործարարների ասոցիացիան»։

Ֆորումին մասնակցել են Կիպրական առեւտրի արդյունաբերության պալատի ներկայացուցիչները, շուրջ 10 տարբեր ոլորտի ընկերության հիմնադիրներ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեւորգ Մանթաշյանն ասել է, որ բացի ֆորումի գործարար եւ տնտեսական հետաքրքրություններից, կարեւոր են նաեւ համընդհանուր նպատակները եւ հաջողության հասնելու ուղղությամբ ջանքերի ամրապնդումը։

«Ամենակարեւորը՝ ձեւավորել միություններ, որոնք ամուր կլինեն եւ կբերեն հաջողությունների։ Այսօրվա հարափոփոխ աշխարհում էլ ավելի ակներեւ է, որ արժեքների վրա հիմնված միություններն ամենահաջողակն են։

Մեր պետության ամրության հենասյուներից մեկը գործարարներն են, որոնց վրա հույս ենք դնում։ Մեր ամենօրյա ջանքերն ուղղված են այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ բոլոր գործարարները մեր օգնությամբ կարողանան բացահայտել դեռ չբացահայտված տաղանդները, զարգացնել դրանք եւ զբաղվել հանրօգուտ աշխատանքով, որը կծառայի ի շահ մեր հանրապետության եւ հասարակության բոլոր անդամների»,- ասել է նա։

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանն ասել է, որ Հայաստանն ու Կիպրոսն ունեն համատեղ առեւտրի եւ բիզնեսի համագործակցության հսկայական պատմություն եւ ֆորումը կնպաստի միմյանց շուկաները կրկին վերագտնելուն։

Նարեկ Կարապետյանը


«Ժամանակ է նաեւ բացահայտելու նոր հնարավորությունները: Հաջորդող երկու օրերին կիպրական կողմը հանդիպումներ կունենան հայկական ընկերությունների հետ: Մշակութային ընդհանրությունները կօգնեն միմյանց հետ ստեղծել լավ գործընկերություն, կազմակերպել լավ համագործակցություն։ Ես նման հնարավորություններ տեսնում եմ։ Վերջին 3 տարում Հայաստանում տնտեսական աճ է գրանցվել։ Այս տարվա առաջին երեք ամիսներին ունենք 13% տնտեսական աճ։ Հայաստանում բիզնեսով զբաղվելը զգալի առավելություններ ունի։ Եթե լինեք այս գործընթացում՝ դուք նույնպես օգուտ կքաղեք»,- ասել է նա։

Կիպրոսի Առեւտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Մարիոս Չակիսը նշել է, որ Հայաստանում են կիպրական ընկերությունների գործարար պատվիրակության հետ, որպեսզի ուսումնասիրեն միասին աշխատելու հնարավորությունները:

«Կիպրոսում հայերն ունեն շատ դինամիկ համայնք, որն ունի խորն արմատներ։ Հայերը շատ ակտիվ են եւ դրական են ազդում տնտեսական զարգացմանը, մեր երկրի աճին։ Սա շատ լավ հնարավորություն է պատշաճ կերպով օգտագործելու համայնքի ներկայությունը՝ հեշտացնելու գործարար կապերը Կիպրոսում։ Կիպրոսը փոքր երկիր է, շուկան փոքր է: Իսկ արտադրող ընկերությունները կենսունակ լինելու համար պետք է գլոբալ լինեն»,- ասել է նա:

Մարիոս Չակիսը


Մարիոս Չակիսի խոսքով՝ ներկայում Կիպրոսում շատ մեծ պահանջարկ ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստարտափները, հետազոտությունները, հայերն այս ոլորտում շատ հաջողակ են եւ համագործակցության շատ հեռանկարներ կան։

«Մյուսը կանաչ փոխակերպումն է՝ ավելի ցածր արտանետումներ, մաքուր տեխնոլոգիաներ, վերականգնվող էներգիայի աղբյուրներ, վերամշակված նյութերի ավելի լավ օգտագործում եւ այլն։ Այսպիսով, եկեք կենտրոնանանք համագործակցության այս երկու հիմնական ոլորտների շուրջ։ Եվրամիության կողմից այս ուղղությունները մեծ ուշադրության են արժանանում։ Կիպրոսը՝ լինելով Եվրամիության եւ եվրոգոտու անդամ, կարող է դառնալ դարպաս Եվրամիության միասնական շուկա մուտք գործելու համար»,-ասել է նա:

Նատալյա Կարդաշը


Successful Business Leaders Club ակումբի հիմնադիր Նատալյա Կարդաշի խոսքով՝ «Հայաստան-Կիպրոս. Բիզնես հնարավորություններ» ֆորումը կատարյալ է երկու երկրների գործարարների միջեւ հաղորդակցություն հաստատելու համար։

«Մենք ցանկանում ենք ունեն երկուստեք ներդրումներ եւ համագործակցություններ, հայ-կիպրական համագործակցության համար բազում հեռանկարներ կան։ Կիպրոսի հետ համատեղ՝ այս պոտենցիալի իրագործումը նաեւ հնարավորություններ է բացելու դեպի եվրոպական երկրներ դուրս գալու համար»,- ասել է նա։
Նատալյա Կարդաշը հայտնել է, որ կիպրական կողմը կարող է փորձագիտական մեծ ներուժ առաջարկել, եւ փոխադարձաբար հետաքրքրված է նաեւ հայկական փորձով։

«Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ հարաբերությունները զարգանում են։ Կիպրոսը Եվրոպական միությունից ամենամոտ երկիրն է Հայաստանին, եւ հույսով ենք, որ այդ մոտ լինելու փաստը ոչ միայն հեռավորության, այլեւ նմանությունների մասին կլինի»,- ասել է Նատալյա Կարդաշը։

Գոհար Ղումաշյանը

 
«Հայ գործարարների ասոցիացիայի» գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանն ասել է, որ ասոցիացիան արդեն մի քանի տարի է՝ զարգացնում է միջազգային համագործակցությունն ու երկկողմանի համաժողովներ է կազմակերպում։

«Կիպրոսի հետ կապված սա մեր առաջի հանդիպումն է։ Մեր գործարարները հետագայում պատասխան այցով կմեկնեն Կիպրոս, այնտեղ գործարարներին եւ հնարավորության հնարավորություններին ծանոթանալու համար»,- ասել է նա։

Գոհար Ղումաշյանը նշել է, որ «Հայ գործարարների ասոցիացիան» այս տարի տոնում է իր 5-ամյակը եւ այդ տարիները եղել են փոքրիկ, բայց մեծ նվաճումներ բերող։

«Ասոցիացիայի նպատակներից մեկն է լինել այն համագործակցության յուրահատուկ կամուրջ, որի շնորհիվ յուրաքանչյուր հայ գործարար կկարողանա դուրս գալ համաշխարհային շուկա։ Վերջին 1 տարվա արդյունքում մենք ունեցել ենք համագործակցության պայմանագրեր Հոնկոնգի, Իտալիայի, Ռուսաստանի մեր գործընկերների հետ, որի արդյունքում խթանել են Հայաստանից արտահանումը եւ ներդրումների ներգրավումը։ Կիպրոսը մեր շուկաների ցանկում նոր է։ Այն, բացի հետաքրքիր շուկա լինելուց, կարող է լինել նաեւ համագործակցության կամուրջ Հայաստանի եւ եվրոպական մի շարք երկրների միջեւ»,- ասել է նա։

Անի Խչոյան
Դիտում՝ 1902
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai