«Դանդաղ գլոբալիզացիայի» թաքնված գինը

04.05.2024 | 08:43 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Բոկոնիի համալսարանի Եվրոպական քաղաքականության մշակման ինստիտուտի տնօրեն Դանիել Գրոսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Դանիել Գրոս

Բաց բազմակողմ առեւտրային համակարգը, որն առանձնացրեց առեւտուրը աշխարհաքաղաքականությունից, առանցքային դեր խաղաց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տնտեսության զարգացման գործում: Բայց առեւտրային քաղաքականությունն գնալով ավելի հաճախ է ձեւավորվում աշխարհաքաղաքական նկատառումներով, եւ տեսանելի է դառնում նոր հարացույց:

Այս միտումը սկսվեց 2018-ին, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չինական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանեց. նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պահպանեց դրանք եւ ստիպեց Չինաստանին սեփական մաքսատուրքերը սահմանել Միացյալ Նահանգներից ներմուծման վրա:


Այնուհետեւ՝ 2022-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա ներխուժումից հետո, Մեծ յոթնյակի երկրները եւ Եվրամիությունը լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ՝ փաստացի արգելելով արտահանումը Ռուսաստան եւ ռուսական ապրանքների ներմուծումը:

«Դանդաղ գլոբալացում»

Համաշխարհային առեւտրի անկման փոխարեն, ինչպես շատերն էին սպասում, այս առեւտրային խոչընդոտներն ու սահմանափակումները պարզապես դանդաղեցրին գլոբալացումը՝ վերածելով այն «դանդաղ գլոբալացման»։ Հատկանշական է, որ չնայած Ուկրաինայի պատերազմին եւ վերջին մի քանի տարվա մատակարարման շղթայի խափանումներին, առեւտուրը որպես ՀՆԱ-ի տոկոս 2022-ին հասավ ռեկորդային մակարդակի՝ ընդգծելով միջազգային առեւտրային համակարգի ճկունությունը: Փաստորեն, 2022 թվականից ի վեր բեռնարկղերով փոխադրումների գների աճը կարել է վերագրել աշխարհով մեկ առաքվող ապրանքների ծավալի անսպասելի աճին:

Գայթակղիչ է պնդել, որ աշխարհաքաղաքական դրդապատճառներ ունեցող քայլերը չնչին տնտեսական ազդեցություն են ունեցել, սակայն համաշխարհային առեւտրի ճկունությունը գուցե ապակողմնորոշիչ է: Թեեւ վերջին առեւտրային խոչընդոտները հանգեցրին առեւտրի ավելի մեծ ծավալների, դրանց մեծ մասը կապված է զգալի ծախսերի հետ:

Առաջին հայացքից այն կարծիքը, որ մաքսատուրքերը կարող են խթանել առեւտուրը, պարադոքսալ է թվում: Սակայն 2018 թվականից ի վեր ԱՄՆ-ի կողմից սահմանված գրեթե բոլոր մաքսատուրքերը եւ առեւտրային սահմանափակումները հատուկ ուղղված են Չինաստանի դեմ՝ անձեռնմխելի թողնելով ներմուծումը այլ երկրներից: Հետեւաբար, ներմուծումը Չինաստանից կտրուկ նվազել է, մինչդեռ Վիետնամի նման երկրներից՝ աճել: ԱՄՆ առաքվող շատ սպառողական ապրանքներ այժմ հավաքում են Վիետնամում եւ Հարավարեւելյան Ասիայի այլ երկրներում:

Սակայն այս ներմուծումները դեռեւս կախված են Չինաստանից միջանկյալ մատակարարումներից: Հետեւաբար, առեւտրի ծավալներն աճել են, քանի որ, թեեւ Ասիայից սպառողական ապրանքների ներմուծումը ԱՄՆ մնացել է նույն մակարդակի վրա, Չինաստանի միջանկյալ ապրանքների արտահանումն իր ասիական հարեւաններին աճել է: Նմանապես եւ Մեքսիկան, որն առաջ է անցել Չինաստանից՝ որպես ԱՄՆ ապրանքների առաջատար արտահանող. 2018-ից սկսած Մեքսիկայի ներմուծումը Չինաստանից աճել է գրեթե 40%-ով:

Խտրական գործելակերպը խթանում է առեւտուրը

Էլեկտրական մեքենաների (ԷՄ) շուկան ցուցադրում է, թե ինչպես է խտրական գործելակերպը խթանում առեւտուրը: Չինական ԷՄ-ների մաքսատուրքերը մոտ 30% են, իսկ ԱՄՆ կանոնակարգերը զրկում են հարկային արտոնություններից այն ԵՄ-ները, որոնց բաղադրիչներն արտադրված կամ հավաքված են նշված «մտահոգիչ սուբյեկտներում»՝ փաստացիորեն բացառելով չինացի արտադրողներին ամերիկյան շուկայից: Ի հակադրություն դրան՝ եվրոպական ԷՄ-ները զգալիորեն ավելի ցածր մաքսատուրքեր ունեն՝ 2,5%, եւ Գնաճի նվազեցման օրենքի համաձայն կարող են 7500 ԱՄՆ դոլարի սուբսիդավորում ստանալ: Հետեւաբար, չինական ԷՄ-ների արտահանումը տեղափոխվել է Եվրոպա, մինչդեռ եվրոպական ավտոարտադրողները հաջողություն են գրանցել ԱՄՆ-ում:


ԵՄ-ում էլ է գրանցվել նման տեղաշարժ: Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներից հետո եվրոպական արտահանումները դեպի Թուրքիա եւ Կենտրոնական Ասիայի երկրներ, օրինակ՝ Ղազախստան ու Ղրղզստան, կտրուկ աճել են: Միեւնույն ժամանակ աճել են նաեւ այս երկրների ու Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները:

Արտադրության եւ լոգիստիկայի ավելի բարձր ծախսեր

Պատժամիջոցները կամ խտրական մաքսատուրքերը շրջանցելու նման մեթոդները հանգեցնում են արտադրության եւ լոգիստիկայի ավելի բարձր ծախսերի, քանի որ ապրանքներն այժմ պետք է առաքվեն միջանկյալ երկրներ՝ նախքան ԱՄՆ փոխադրվելը: Պատժամիջոցներն ու խտրական մաքսատուրքերը այդպիսով խթանում են առեւտուրը եւ նվազեցնում բարեկեցությունը:

Այս վնասակար հետեւանքները ընդգծում են «առավել նախընտրելի երկիր» սկզբունքի կարեւորությունը, որը երկար ժամանակ եղել է համաշխարհային առեւտրային համակարգի հիմնաքարը: Առեւտրի ազատականացման համաձայնեցված ջանքերը, նախ՝ Մաքսատուրքերի եւ առեւտրի մասին ընդհանուր համաձայնագրի, այնուհետեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության միջոցով, ոչ խտրական մոտեցման շնորհիվ մեծացրել են առեւտրի ծավալները եւ ընդհանուր բարեկեցությունը: Ի հակադրություն՝ այսօրվա աշխարհաքաղաքականությամբ պայմանավորված խտրական մաքսատուրքերը եւ առեւտրային խոչընդոտները բացահայտորեն ուղղված են կոնկրետ երկրներին, որոնք դիտվում են որպես թշնամի կամ պոտենցիալ սպառնալիք:

Ո՞վ է վճարում գինը

Ո՞վ է վճարում գինը: Տնտեսական տեսությունը (եւ ողջախոհությունը) հստակ պատասխան է տալիս. խտրական առեւտրային սահմանափակումներ դնող երկրները կրում են ծախսերը, իսկ մնացած աշխարհը շահում է: Հետեւաբար, մաքսատուրքերի պատերազմը բացասաբար է անդրադառնում ԱՄՆ-ի եւ Չինաստանի վրա, իսկ Վիետնամն ու Մեքսիկան շահում են՝ որպես միջնորդ: Նմանապես եւ Թուրքիան ուԿենտրոնական Ասիայի երկրները շահում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից, իսկ ԵՄ-ն փակում է հաշիվը:


Ծախսերի եւ օգուտների այս բաշխումը բացատրում է, թե ինչու Թրամփի առաջարկած մաքսատուրքերը Չինաստանի դեմ քիչ միջազգային հակազդեցության է հանդիպում: Ի վերջո, ԵՄ-ն, Մեքսիկան կամ Վիետնամը շարժառիթներ չունեն առարկելու ԱՄՆ քաղաքականությանը, որն օգտակար է իրենց արդյունաբերությանը: Հետեւաբար պետք չէ հուսալ, որ միջազգային ճնշումը հետ կպահի ԱՄՆ-ի կամ Չինաստանի պես խոշոր տերություններին աշխարհաքաղաքական ռազմավարություններին առաջնահերթություն տալուց՝ հանուն առեւտրի ազատականացման: Այս միտումին դիմակայելու համար շատ կարեւոր է քաղաքական առաջնորդներին տեղեկացնել առեւտրային խոչընդոտների բացասական հետեւանքների մասին:

Որպես աշխարհի խոշոր տնտեսական տերություններից ամենաբացն ու աշխարհաքաղաքական առումով ամենաքիչ հավակնոտը՝ ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, առաջինը կհասկանա դա: Սակայն ԱՄՆ-ի եւ Չինաստանի համար խաղադրույքները շատ ավելի մեծ են: ԱՄՆ-ն, մասնավորապես, ամենաշատը կտուժի, եթե շարունակի իր առեւտրային պատերազմը Չինաստանի հետ: Սա կանխելու համար ԱՄՆ-ը պետք է փոխի իր քաղաքականությունը եւ վերադառնա ոչ խտրական սկզբունքներին, որոնք վաղուց համաշխարհային առեւտրային քաղաքականության հիմքում են:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 3168
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW