Դոն Լամբերտ. «Lավատես ենք Հայաստանի աճի հեռանկարի հարցում»

09.05.2024 | 22:26 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Մայիսի 2-ից 5-ը Թբիլիսիում կայացած Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կառավարիչների տարեկան հանդիպման շրջանակում Banks.am-ը բացառիկ հարցազրույց է վարել ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի հետ:

- Մենք Թբիլիսիում ենք, որտեղ ԱԶԲ-ն անցկացնում է իր տարեկան հանդիպումը։ Առաջիկա օրերին էլ ՎԶԵԲ-ն իր ամենամյա միջոցառումը կանցկացնի Երեւանում։ Հասկանում եմ, որ սա զուգադիպություն է, բայց նաեւ որոշակի սիմվոլիզմ եմ տեսնում. սա ապացույց է, որ երկրագնդի այս հատվածն ավելի հետաքրքիր է դառնում խոշոր դերակատարների, միջազգային ֆինանսական հաստատությունների համար:

- Համաձայն եմ։ Եթե նայեք այս տարածաշրջանին, ապա կտեսնեք, որ այն առաջատար է շատ առումներով: Տեսնելով Վրաստանի վերջին 10 տարիների փորձը, տեսնելով, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, հասկանում ենք, որ այս երկրները բացում են իրենց տնտեսությունը, փորձում են ասպարեզ բերել լավագույն փորձը, հատկապես թվայնացման ոլորտում: Այս երկրները հանդես են գալիս որպես առաջնորդներ եւ որպես օրինակներ:

- Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը տպավորիչ տնտեսական աճ է գրանցել։

- Հայաստանի հետ մեր գործընկերության շրջանակներում դիտարկվող հարցերից մեկը մարդկային կարողությունների եւ կառավարման զարգացումն է, քանի որ հենց դա է տնտեսությունն առաջ տանող ուժը: Այստեղ շատ բնական պաշարներ չկան, բայց եթե նայեք մաթեմատիկայի, գիտության, ֆիզիկայի, շախմատի ավանդույթներին, ապա կհասկանաք, որ մարդկային կարողությունները մեծ են, եւ հենց դա է լինելու զարգացման ճանապարհը:

- Դուք Հայաստան եք եկել 2023 թվականի հուլիսին՝ մոտ մեկ տարի առաջ: Ո՞րն էր ձեր ամենամեծ բացահայտումը:

- Միանգամից նկատեցի կառավարության լուրջ վերաբերմունքը կլիմայի փոփոխության ադապտացման հարցում: Տեսել եմ, որ քաղաքականություն մշակողները շատ լուրջ են վերաբերվում օդի ջերմաստիճանի բարձրացմանը: Հայաստանն ավելի զգայուն է այս հարցում, քան աշխարհի մյուս երկրները: Այն կիսաչոր երկիր է, որը դեռեւս բավական կախված է գյուղատնտեսությունից:

2023 թվականն առաջին տարին էր, երբ մենք տեսանք գլոբալ ջերմաստիճանի բարձրացում միջինում 1,5 աստիճանով: Ուստի, կլիմայի փոփոխությունն ապագայի հարց չէ, այն տեղի է ունենում հենց հիմա։ Ու ես շատ տպավորված եմ, թե որքան լուրջ է Հայաստանի կառավարությունը վերաբերվում այդ հարցին:

- ԱԶԲ-ի կառավարիչների ամենամյա հանդիպման ժամանակ հայտարարվեց Ասիական զարգացման հիմնադրամի (ԱԶՀ)՝ 5 մլրդ դոլարով համալրման մասին, եւ անսպասելի էր տեսնել Հայաստանը ներդրում արած երկրների թվում:

- Դա իսկապես նշանակալից է, քանի որ երբ Հայաստանը միացավ ԱԶԲ-ին, այն Ասիական զարգացման հիմնադրամի շահառուներից էր: ԱԶՀ միջոցները սովորաբար ուղղվում են ամենաքիչ զարգացած երկրներին: Եվ շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանը սկսել է իր ներդրումն անել։ Եվ դա իսկապես վկայում է Հայաստանի աճի, ինչպես նաեւ ԱԶԲ-ի հետ գործընկերության եւ մեր կատարած ներդրումների մասին, հատկապես՝ ենթակառուցվածքներում:

- 2025 թվականին կլրանա 20 տարին, ինչ Հայաստանը անդամակցեց ԱԶԲ-ին։ Փորձենք գնահատական տալ այս երկու տասնամյակներին:

- Առաջին հերթին, մենք կարեւոր ներդրում ենք ունեցել ենթակառուցվածքների եւ հատկապես տրանսպորտի ոլորտում։ Մենք շատ հպարտ ենք այն աշխատանքով, որը կատարել ենք Հյուսիս-Հարավ միջանցքի եւ դեպի Վրաստան գնացող M6 մայրուղու հետ կապված: Ակնկալում ենք մասնակցել Հյուսիս-Հարավ միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի աշխատանքներին։ Աշխատում ենք նաեւ Պուշկինի եւ Դիլիջանի թունելների վրա: Նախագծային աշխատանքներ ենք կատարում՝ դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար:

Երկրորդ ոլորտը մասնավոր հատվածի զարգացումն է: Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր է, եւ այդ երկրների պարագայում մենք մեր աջակցությունն ուղղում ենք մասնավոր հատվածի միջոցով զարգացում ապահովելուն միտված ծրագրերին: Հայաստանում մեր համախառն գործունեության մոտ մեկ քառորդը մասնավոր հատվածում է: Եթե համեմատեք մասնավոր հատվածում մեր ներդրումները երկրի ՀՆԱ-ի հետ, ապա Հայաստանը մեզ համար երկրորդ ամենամեծ շուկան է։ Ակնհայտ է, որ այն, ինչ մենք ներդրել ենք այստեղ, ավելի քիչ է, քան Հնդկաստանում կամ Չինաստանում, բայց եթե համեմատենք ՀՆԱ-ի հետ, ցուցանիշը բավականին բարձր է:

Դոն Լամբերտը


Երրորդ տեղում պետական ֆինանսների կառավարման բարեփոխումներն են: Մենք ունեցել ենք բավականին հաջողված նախագծեր, որոնց միջոցով աջակցել ենք պետական ներդրումների կառավարման համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին, կապիտալի շուկաների աճի ապահովմանը: Կառավարությունից, հատկապես ֆինանսների նախարարությունից ստացված արձագանքը վկայում է, որ այս աջակցությունն իսկապես օգտակար է եղել, եւ մենք անհամբեր սպասում ենք հետագա համատեղ աշխատանքներին:

- 2024 թվականի ապրիլին հաստատվել է «Կանաչ ֆինանսավորման առաջխաղացում հանուն կայուն զարգացման» ծրագիրը: Կարո՞ղ եք մանրամասներ հաղորդել:

- Շատ ոգեւորված եմ այս ծրագրով։ Այն տեխնիկական աջակցության ծրագիր է առեւտրային բանկերի համար։ Մի քանի բանկ կընտրենք, որոնք հետաքրքրված են կանաչ բանկային համակարգերի ներդրմամբ՝ օգնելով նրանց մշակել կանաչ բանկային ռազմավարություն եւ պրոդուկտներ, կազմակերպել գործընթացներն ու ընթացակարգերը՝ հատկապես տվյալների կառավարման եւ նույնականացման ոլորտներում, որպեսզի այդ բանկերը կարողանան առաջ շարժվել եւ կանաչ վարկավորում իրականացնել:

- Խոսենք նաեւ Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային նախագծի մասին: Երեւանում ապրողներս լավ գիտենք տրանսպորտի, խցանումների հետ կապված խնդիրների մասին: Ինչպե՞ս կարող է ծրագիրը օգնել լուծել կամ մեղմել դրանք:

- Ծրագիրը դիտարկում է քաղաքի առանցքային ծանրաբեռնվածության կետը: Մենք որոշ տնտեսական վերլուծություններ ենք կատարել, եւ կարծում եմ, կարող եք օգնել նվազեցնել երթեւեկության ժամանակը միջինում 12 րոպեով նրանց համար, ովքեր անցնում են Ծովակալ Իսակովի պողոտայով: Իսկ ընդհանրապես քաղաքային զարգացման հարցում շատ պարտավորություններ ենք ստանձնել։ Պետք է բեռնաթափենք երթեւեկը քաղաքի հյուսիսում՝ ավարտին հասցնելով օղակաձեւ ճանապարհը։ Մեկ այլ նախագիծ վերաբերվում է Երեւանում էլեկտրական շարժունակություն ներդնելուն: Երեւանում օդի որակը խնդիր է, եւ էլեկտրական շարժունակությունը կարող է դառնալ քաղաքի զարգացման հիմնական բաղադրիչը: Էլեկտրական ավտոբուսներով եւ լիցքավորման կետերով կարող ենք նշանակալի արդյունք ապահովել եւ հույս ունենք անել դա առաջիկա տարիներին:

- Ապրիլին ԱԶԲ-ն ներկայացրեց Հայաստանի վերաբերյալ իր կանխատեսումը, որը բավականին դրական էր։ Ի՞նչ եք կարծում, չնայած անվտանգային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին, Հայաստանը կկարողանա՞ պահպանել տնտեսական աճի տեմպերը առաջիկա տարիներին։

- Մենք լավատես ենք կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի աճի հեռանկարների հարցում: Իմ ակնկալիքներից մեկն այդ աճը կայուն դարձնելն է: Ինչպե՞ս եք դիվերսիֆիկացնում Հայաստանի տնտեսությունը եւ հատկապես արտահանումը։ Ներկա դրությամբ արտահանման կեսից ավելին ուղղվում է Ռուսաստան։ Հայաստանն ավելի շատ է նայում դեպի արեւմուտք: Շուկաներ կան նաեւ Մերձավոր Արեւելքում։ Ինչպե՞ս ենք դիրքավորում Հայաստանի տնտեսությունը, որպեսզի այն կարողանա ավելի շատ արտահանել դեպի այն կարեւոր շուկաներ, որտեղ կան իրական հնարավորություններ օգտվել մարդկային կարողությունների զարգացումից, որոնք ունեք Հայաստանում, եւ որոնք կօգնեն պահպանել աճը հաջորդ մի քանի տարիների ընթացքում։

Երբ նայում ենք, թե որտեղից է գալու աճը հաջորդ մի քանի տարիների ընթացքում, տեսնում ենք, որ ՏՏ-ն ակնհայտորեն այդ ոլորտն է: Դիտարկում ենք տեխնիկական մասնագիտական կրթության հարցերը, քանի որ այսօր Հայաստանում աշխատողները միշտ չէ, որ լավ են համապատասխանում շուկայի պահանջներին: Հետեւաբար, առաջիկա տարիներին մենք հնարավորություն ունենք աշխատելու կառավարության հետ՝ վերանայելու մասնագիտական կրթական ծրագրերը՝ շուկայի պահանջներն ավելի լավ բավարարելու համար:

Դոն Լամբերտի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը
Դիտում՝ 9341
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW