Ֆասթ Բանկը ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության եւ «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության միջեւ ստորագրված եռակողմ հուշագրի շրջանակում 12 մլն 250 հազար ՀՀ դրամ գումար է տրամադրել Լոռու մարզում նոր անտառի հիմնման նախագծին։ Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ 5,55 հա տարածքում 16 հազար 667 ծառ է տնկվելու։ «Ֆասթ Բանկում սոցիալական, կրթական եւ մշակութային բազմաթիվ ծրագրերին զուգահեռ առաջնահերթություն են տալիս նաեւ Հայաստանի բնապահպանական խնդիրների հաղթահարմանը, քանի որ բնության պահպանությունը, անապատացումն ու օդի աղտոտվածությունը լրջագույն հիմնախնդիրներ են, որոնք այսօր հրատապ լուծումներ են պահանջում։ Բանկը քանիցս տարբեր նախաձեռնություններով արդեն իսկ աջակցել է բնապահպանական ծրագրերի եւ այս ներդրումով եւս նպաստ կբերի կանաչապատ տարածքների ավելացմանը։Անտառհիմնումն իրականացնելու է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն։ Նախատեսված է առաջիկա 3 տարում 100 հա նոր անտառ հիմնել Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի հողերում։ Ընդհանուր տնկվելու է 300 հազար տեղական անտառային տեսակի ծառ: Նախագծի ավարտին համայնքային հողերը եւ դրանց վրա ձեւավորված անտառային էկոհամակարգը վերադարձվելու են համայնքին, եւ անտառը դառնալու է համայնքի սեփականությունը: Անտառհիմնումն իրականացնելու համար համատեղ ծախսվելու է 250 մլն դրամ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:«Իմ անտառ Հայաստան» ՀԿ հիմնադիր եւ տնօրեն Անտրէ Գումուշճեանն ընդգծել է, որ նոր անտառների հիմնումը երկարաժամկետ ներդրում է, որը կարեւոր է մեր երկրի կայուն տնտեսական զարգացման համար։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ համոզվածություն է հայտնել, որ այս աշխատանքը շարունակական է լինելու, եւ համատեղ ջանքերը կերտելու են այն Հայաստանը, որը «պարտավոր ենք թողնել հետագա սերունդներին»։Նախագծի իրականացումը կնպաստի օդի աղտոտվածության նվազեցմանը, ջրային պաշարների պահպանմանը, հողի էրոզիայի եւ անապատացման դեմ պայքարին եւ համայնքներում կայուն, կանաչ զարգացման հնարավորություններ ստեղծելուն։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը մշտապես աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ամենատարբեր հիմնախնդիրների լուծմանը, ներդրումներ է կատարում կրթության, սպորտի , մշակույթի եւ այլ ոլորտներում։ Ֆասթ Բանկը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 367