Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Երեւանում անցկացված տարեկան ժողովին եւ գործարար համաժողովին Կոնվերս Բանկը մասնակցել է որպես գլխավոր հովանավոր: Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի ռազմավարական գործընկերն է, որի հետ արդյունավետ համագործակցության երկարամյա փորձ կա տարբեր ոլորտներում.«Վստահ ենք, որ Հայաստանում ՎԶԵԲ տարեկան ժողովի անցկացումը, տարբեր ոլորտներում նախագծերի իրականացման պայմանավորվածություններն էական խթան կդառնան տնտեսության զարգացման հարցում, իսկ գործարար համաժողովի ու քննարկումների արդյունքում ստացված փորձառությունն էապես կազդի բանկային համակարգի հետագա զարգացման վրա»:Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանի խոսքով՝ ՎԶԵԲ տարեկան ժողովը կարեւորագույն միջոցառում էր ոչ միայն Կոնվերս Բանկի, այլեւ՝ Հայաստանի համար, որն այսուհետ իր ուրույն տեղն է գրավում համաշխարհային ֆինանսական քարտեզում:«Բարձր ենք գնահատում ՎԶԵԲ հետ համագործակցությունը: Կարող ենք փաստել, որ միջոցառմանը մասնակցությունը շատ արդյունավետ էր Բանկի համար. տեղի ունեցան շատ կարեւոր հանդիպումներ, մեր գործընկերների հետ քննարկեցինք համատեղ ծրագրերի ընթացքը, նոր գործընկերային կապեր եւ նոր ծրագրերի իրականացման պայմանավորվածություններ ձեռքբերեցինք»,- ասել է նա:Բանկից հայտնել են, որ ՎԶԵԲ տարեկան ժողովի ընթացքում Կոնվերս Բանկի ներկայացուցիչները մասնակցել են առեւտրի խթանմանը նվիրված պանելային քննարկմանը, բանկի նախաձեռնությամբ կայացել է «Կապիտալի շուկաներ. մարտահրավերներ եւ զարգացման հեռանկարներ» պանելային քննարկումը:«Որպես Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություն՝ Կոնվերս Բանկը կիսում է կապիտալի շուկան կայացնելու եւ զարգացնելու պատասխանատվությունը: Կապիտալի շուկայի զարգացումը կընդլայնի ֆինանսների ներգրավման հնարավորությունները բիզնեսի համար, կնպաստի տնտեսության աճին: Այսօր մեր խնդիրն է ընկերություններին աջակցել արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման եւ երկրորդային շուկայում շրջանառման հարցում»,- ասել է Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը: Նշվում է, որ Կոնվերս Բանկի եւ ՎԶԵԲ-ի համագործակցությունը ներառում է ինչպես առեւտրի խթանման ու փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման, այնպես էլ մասնագիտական կարողությունների զարգացման եւ տեխնիկական աջակցման ոլորտները:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1230