«Էմ Բի Լեգալ». Ձգողականության կետ՝ օտարերկրյա ընկերությունների համար

17.04.2024 | 23:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
2022թ.-ին հիմնադրված «Էմ Բի Լեգալ» իրավաբանական ընկերությունն արդեն առաջատար է շուկայի մի շարք ոլորտներում: Մասնագիտանալով արժեթղթերի, կապիտալի շուկայի, ՏՏ ոլորտի իրավունքի ու օտարերկրյա ընկերությունների հետ աշխատանքի վրա՝ ընկերությունն իրավաբանական ծառայություններ է մատուցում բազմաթիվ հաճախորդների, որոնց թվում են խոշոր միջազգային կազմակերպություններ, ֆինանսական հաստատություններ, ՏՏ ոլորտի ընկերություններ, փոքր եւ միջին բիզնեսներ։

Banks.am-ի հետ զրույցում «Էմ Բի Լեգալ»-ի հիմնադիր գործընկեր Մեսրոպ Մանուկյանն ու գործընկեր Մարինե Շահպարոնյանը պատմել են ընկերության ընթացիկ աշխատանքի մասին եւ կիսվել նպատակներով:

«Աճել կամ հեռանալ»

Մեսրոպ Մանուկյան, «Էմ Բի Լեգալ» ընկերության հիմնադիր գործընկեր

«Էմ Բի»-ն, որպես խորհրդատվական ընկերություն, գործում էր 2020թ.-ից: Այն հիմնադրել էինք եղբորս՝ Դավիթ Մանուկյանի հետ: Նա ֆինանսական եւ բիզնես խորհրդատվության մասնագետ է, իսկ ես գործընկեր էի իրավաբանության մասով: Այս երկու ուղղությունների միջեւ կար սիներգիա, սակայն զարգացման տեսանկյունից՝ նաեւ որոշ տարբերություններ: 2022թ.-ին որոշեցինք առանձնացնել խորհրդատվական եւ իրավաբանական բլոկները՝ հիմնադրելով «Էմ Բի Լեգալ» իրավաբանական ընկերությունն ու «Էմ Բի Քնսալթինգը»: Այս փուլում իրավաբանական ընկերությանը որպես գործընկեր միացավ Մարինե Շահպարոնյանը: Այսօր «Էմ Բի Լեգալ» իրավաբանական ընկերությունում աշխատում է 10 մասնագետ ու չնայած՝ թիմը մեծ չէ, շուկայում առաջատար ենք մի շարք ոլորտներում:

Մեսրոպ Մանուկյանը


Ընկերությունում ունենք ներքին, չգրված «սահմանադրություն»: Միանալով մեր թիմին՝ յուրաքանչյուր մասնագետ համաձայնում է դրան: Հիմքում, իհարկե, ազնվությունն է, օրենքին հակառակ չգործելը՝ անկախ իրավիճակից ու պայմաններից: Մյուս կարեւոր պահանջը թիմային աշխատանքն է: Սա ենթադրում է, որ մենք՝ թիմի ղեկավարները եւս, պետք է մշտապես կապի մեջ լինենք աշխատակիցների հետ, լսենք նրանց դիտարկումներն ու առաջարկները:


 
«Էմ Բի Լեգալ» ընկերությունում ունենք մի կարեւոր սկզբունք, որն առաջին հայացքից կարող է վախեցնել: Աշխատանքի ընդունելիս մասնագետին զգուշացնում ենք՝ «առաջիկայում կա՛մ պետք է աճես, կա՛մ հեռանաս ընկերությունից»: Մեզ համար շատ հստակ է՝ մասնագետները, որոնք տրամադրված չեն աճին, մեզ մոտ տեղ չունեն: Որպես ընկերություն՝ ստեղծում ենք այդ առաջընթացի համար բոլոր հնարավորությունները: Շատ ոգեւորիչ է, որ առ այսօր ընկերությունից հեռանալու դեպք գրեթե չենք ունեցել (ժպտում է – հեղ.):

«Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն ակտիվացել է ոչ միայն ռուսական ընկերությունների կողմից, այլեւ՝ արեւմտյան»

Մեսրոպ Մանուկյան

Մեր իրավաբանական ընկերությունը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ: Այսինքն, չկա ոլորտ, որում չենք աշխատում: Միակ բացառությունը քրեական իրավունքն է: Իհարկե, որոշ ոլորտներում ընկերությունը շուկայի առաջատար է: Մեր գիտելիքով, անցած ճանապարհով մասնագիտացել ենք հատկապես կորպորատիվ, ՏՏ իրավունքի, արժեթղթերի, կապիտալի շուկայի եւ օտարերկրյա ընկերությունների հետ աշխատանքի ոլորտներում:  

Հայաստանում արժեթղթերի շուկայի հետ կապված խոշորագույն ընկերությունների 20-30%-ը «Էմ Բի Լեգալ»-ի հաճախորդ է: Նույնը վերաբերում է կորպորատիվ իրավունքին:

Ակտիվ աշխատում ենք նաեւ օտարերկրյա ընկերությունների հետ: Վերջին 3-4 տարում Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը բավականին ակտիվացել է, ընդ որում՝ ոչ միայն ռուսական, այլեւ՝ արեւմտյան երկրների ընկերությունների կողմից: Հայաստանում գործունեություն սկսելու ցանկություն են հայտնում ամերիկյան, եվրոպական ընկերությունները: Վերջին մեկ-երկու տարում 50-ից ավելի միջինից խոշոր օտարերկրյա ընկերության օգնել ենք տեղափոխվել Հայաստան: Մեծ թիվ են կազմում Ռուսաստանից տեղափոխվող ՏՏ ընկերությունները, բայց կան ոլորտի ընկերություններ նաեւ Էստոնիայից, եվրոպական այլ երկրներից եւ Միացյալ Նահանգներից:



Ընկերությունները հաճախ ցանկանում են հաստատվել Հայաստանում ոչ միայն այս կամ այն արտոնությունները հաշվի առնելով (օրինակ՝ ՏՏ ոլորտում հարկային արտոնությունները – հեղ.), այլեւ՝ կարեւորելով մարդկային կապիտալը: Շատ ընկերություններ ցանկանում են ներկայացված լինել Հայաստանում, քանի որ ունեն տեղացի բազմաթիվ աշխատակիցներ:

Ցույց տալ Հայաստանի առավելությունները

Մարինե Շահպարոնյան, «Էմ Բի Լեգալ» ընկերության գործընկեր

Վերջին տարիների աշխարհաքաղաքական, պատժամիջոցների հետ կապված իրավիճակը ստիպում է ռուսական եւ արեւմտյան ընկերություններին մտածել բիզնեսը մի քանի ուղղությամբ շարունակելու մասին: Տարբերակների թվում լինում է նաեւ Հայաստանը: Երբ այս կամ այն օտարերկրյա ընկերությունը կապվում է մեզ հետ, մեր խնդիրն է ներկայացնել Հայաստանի առավելությունները: Ցույց տալ՝ ինչով է հայաստանյան միջավայրն առավել բարենպաստ:

Այս նպատակով թիմում մշակում ենք ռազմավարություններ: Կարեւոր է, որ մեր պոտենցիալ հաճախորդին ներկայացնում ենք պատկերն ամբողջապես՝ ընկերության հիմնադրումից մինչեւ հետագա ընթացիկ աշխատանք: Հաճախորդի հետ անցնում ենք բոլոր փուլերով:



Հաճախ օտարերկրյա ընկերությունների ղեկավար կազմը ֆիզիկապես չի գալիս Հայաստան, եւ տեղում նրանց պետք է խորհրդատուների, հաշվապահների, հարկային ու իրավաբանական ոլորտի մասնագետների վստահելի թիմ: Այլ կերպ ասած՝ մեր խնդիրն ընկերությունը միայն գրանցելը չէ: Մենք այն «դնում ենք» ճիշտ հիմքի վրա՝ կանխատեսելով ու կանխարգելելով հետագա աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերը:

Այս պահին ունենք հաճախորդներ Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, Սինգապուրից, Ռուսաստանից։ Վերջին շրջանում Հայաստանով շատ հետաքրքրված են չինական ընկերությունները: Դրանց թվում կան բավականին խոշոր՝ 100-ից ավելի աշխատակից ունեցող ընկերություններ: «Էմ Բի Լեգալ»-ն իրավաբանական աջակցություն է տրամադրում ոչ միայն բուն ընկերություններին, այլեւ՝ դրանց աշխատակիցներին՝ զբաղվելով նաեւ վիզաների, կացության իրավունքի հարցերով:

Առավել ակտիվ են ՏՏ ոլորտի ընկերությունները, բայց վերջին շրջանում հետաքրքրվածություն է նկատվում նաեւ կրիպտո ոլորտի կողմից: Ունեցել ենք հաճախորդներ, որոնք ցանկացել են գործունեություն ծավալել Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում:

«Էմ Բի Լեգալ» ընկերությունում ունենք ռուսերեն, անգլերեն, գերմաներեն եւ ֆրանսերեն իմացող մասնագետներ: Այսինքն, օտարերկրյա հաճախորդի հետ շփումը կազմակերպվում է նրա համար ընդունելի եւ հարմար լեզվով, ինչն առավել սահուն է դարձնում հաղորդակցությունը: Գործընկերների համար հասանելի ենք 24/7 գրաֆիկով՝ հասկանալով, որ այս կամ այն խնդիրը կարող է ծագել աշխատանքային ժամի ավարտից հետո:



Մեզ համար հաճախորդների լիակատար գոհունակությունն առաջին տեղում է, ինչի արդյունքում շահել ենք անվերապահ վստահություն: Շատ ոգեւորիչ է նոր հաճախորդներից լսել, որ «Էմ Բի Լեգալ» ընկերությունն իրենց խորհուրդ է տվել մեր մեկ այլ գործընկեր: Նշանակում է՝ ճիշտ ճանապարհով ենք գնում:

Աջակցություն տեղական ընկերություններին եւ փորձագիտական աշխատանք

Մարինե Շահպարոնյան

Հայկական շուկայում «Էմ Բի Լեգալ» ընկերությունը մասնագիտացված է ՏՏ եւ կորպորատիվ իրավունքի ոլորտների, կապիտալի եւ արժեթղթերի շուկաների վրա։ Ունենք ներդրումային ֆոնդերի գրանցման, ինչպես նաեւ ներդրումային ընկերությունների լիցենզավորման, հետագա ամենօրյա գործունեության սպասարկման մեծ փորձ։ Կատարում ենք հաճախորդի կորպորատիվ կառուցվածքի օպտիմալացման նպատակով վերլուծություն, նախագծում ենք անհրաժեշտ փոփոխություններն, ինչպես նաեւ փաստացի իրագործում բարդ կորպորատիվ գործարքներ՝ վերակազմակերպումներ,  համախմբումներ, պարտադիր հետգնումներ եւ այլն։

Աշխատում ենք նաեւ հայկական ընկերությունների հետ, որոնք ցանկանում են հաստատվել եւ ծառայություններ մատուցել արտերկրում: Հաճախորդի նպատակները հաշվի առնելով՝  ներկայացնում ենք հարկային եւ օրենսդրական պահանջների տեսանկյունից առավել հարմար երկրները: Հետագայում նախընտրած երկրում աջակցում ենք դուստր ընկերություն հիմնելու,  բանկային հաշիվներ բացելու, անհրաժեշտ թույլտվությունները ստանալու հարցերում: Իրականացնում ենք նաեւ ընթացիկ սպասարկում:



«Էմ Բի Լեգալ» ընկերության մասնագետների թիմը համագործակցում է նաեւ մի շարք միջազգային կառույցների հետ, որոնց թվում են Ասիական զարգացման բանկը (ADB), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC): Այս կառույցների կողմից իրականացվող ծրագրերում մեր մասնագետները ներգրավվում են որպես փորձագետներ:  Այս պահին Եվրոպայի խորհրդի իրավական փորձագետներից մեկն ենք՝ դատական համակարգի բարեփոխումների հարցում: Իրականացրած հետաքրքիր ծրագրերից էր Համաշխարհային Բանկի «Էլեկտրաշարժունակություն/Հայաստանում էլեկտրական մեքենաների հատվածի վերլուծություն» ծրագիրը։ Դրա նպատակն էր աջակցել էլեկտրաշարժունակության ընդլայնմանը Հայաստանում՝ վեր հանելով առկա օրենսդրական խնդիրներն ու խոչընդոտներն, ինչպես նաեւ՝ ներկայացնելով առաջարկությունների ռազմավարություն:

«Լինել ձգողականության կետ՝ օտարերկրյա ընկերությունների համար»

Մեսրոպ Մանուկյան

Ապագայի նպատակները սահմանելիս «Էմ Բի Լեգալ» ընկերությունը դիտարկում է առաջիկա 5-10 տարին: Այս առումով ունենք եռագլուխ ռազմավարություն. առաջինը հայկական շուկայի վերաբերյալ, երկրորդը՝ ռուսական եւ ԱՊՀ, երրորդը՝ մնացած աշխարհի: Այս պահին բավականին ակտիվ աշխատում ենք հատկապես վերջին երկու ուղղություններում եւ շարունակելու ենք լինել ձգողականության կետ օտարերկրյա ընկերությունների, բիզնեսների համար:

Ինչ վերաբերում է հայկական շուկային, այստեղ նպատակ ունենք ակտիվացնել փաստաբանական՝ դատական ներկայացուցչության հատվածը, քանի որ ընկերությունում գրեթե բոլորն ունեն փաստաբանական արտոնագիր եւ  մասնագիտական փորձ:

Մարինե Շահպարոնյան

Վերջին տարիներին արձանագրելով դինամիկ աճ՝ «Էմ Բի Լեգալ»-ը դիտարկում ենք որպես կայուն մեծացող ընկերություն: Մեզ համար կարեւոր է հաճախորդների համար լինել ոչ թե մեկանգամյա խորհրդատու, այլ միասին անցնել երկար ճանապարհ։

Յանա Շախրամանյան

Լուսակարներն՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 12382
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW