Վայոց ձորը՝ ընկուզենու տակ

09.10.2018 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Վայոց ձոր #«Ընկուզենու տակ»
24-ամյա մանկավարժ-մշակութաբան Լիլիթ Խալաթյանը մայրիկի ցանկություն-երազանքը դարձրել է իրականություն․հայրենի Վայոց ձորում հիմնել է ռեստորան՝ համադրելով այն հյուրատան հետ։

«Ընկուզենու տակ»․այսպես է կոչվում Լիլիթի՝ արդեն կյանքի կոչված բիզնես-գաղափարը։ «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» ծրագրի աջակցությամբ 2018թ. ապրիլին հիմնած նախագիծն, իր իսկ խոսքով, արդեն շոշափելի արդյունքներ է գրանցել.

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության "Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում" ծրագրով վերապատրաստվեցի ոպես գիդ: Դրանից հետո անընդհատ հանդիպում էի տարբեր զբոսավարների, ովքեր բողոքում էին, թե Վայոց ձորում լավ տեղ չկա, որտեղ մաքուր եւ որակյալ կարողանաս սնվել, կոլորիտ ունենա։ Այնքան դժգոհությունններ լսեցի, որ որոշեցի որեւէ բան մտածել այդ մասին։ Եվ ծնվեց գաղափարը»։

Երիտասարդ կին գործարարը պատմում է, որ մինչ այդ սրճարանի տեղում եղել է հոր բաց արհեստանոցը։ Քանդել են եւ անցել գործի։ Բիզնես սկսելուն էլ մեծապես օգնել է Լատվիա կատարած այցը, որտեղ եւ նկատել է կանանց ակտիվ ներգրավվածությունը բիզնես-գործունեության մեջ․


«Որպես ծրագրի լավ շրջանավարտ՝ ինձ հրավիրեցին Լատվիա՝ գյուղական տուրիզմի փորձի փոխանակման (study tour)։ Այնտեղ շատ բաներ տեսա, օրինակ, ձմերուկ էին աճեցնում եւ այն վերածում շբոսաշրջային փորձառության։ Մեր այցի ժամանակ 13 այցելուներից 10-ը կանայք էին, 3-ը՝ տղամարդ։ Կանայք շատ ներգրավված էին, ու ամեն տեղ ես միայն կանանց էի տեսնում։ Դա նաեւ բացասական կողմ ուներ այն առումով, որ աշխատանքի ողջ ծանրաբեռնվածությունը կանանց վրա էր։ Ես միայն մի տեղ տեսա, որ ղեկավարը տղամարդ է, իսկ մյուս բոլոր տեղերում, տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց էինք տեսնում»,- պատմում է Լիլիթը։

Ծրագրի գաղափարը պատահաբար է ներկայացրել ։ Հավանել են՝ ելնելով հատկապես այն հանգամանքից, որ ամեն ինչ պետք է ձեռքով եւ փայտից պատրաստեին․

«Ի դեպ, այստեղ ողջ գույքը հայրիկս է պատրաստել փայտից»,- հավելում է երիտասարդ կին գործարարը։

Շուտով այցելուների ընդհանուր թիվը կմոտենա 1000-ին։ Ընտանեկան բիզնեսը Լիլիթն է ղեկավարում, խոհարարն ու մատուցողն էլ մայրիկն է։ Վարպետաց դասեր են անցկացնում, այդ թվում՝ թոնրում գաթայի պատրաստումը, օղու թորումը եւ համտեսը, մեղրի համտեսը․
 
«Բոլոր տեղերում լավաշ են թխում, մենք որոշել ենք մի փոքր տարբերվել»,- ավելացնում է մեր հերոսը։

Այսքանով չեն սահմանափակվել․ որոշել են ստեղծել իրենց առանձնահատուկ ճաշացանկը, որը, Լիլիթի խոսքով, «ուրիշ ոչ մի տեղ չեք տեսնի»։ Մատուցվող ավանդական ուտեստների, էկոլոգիապես մաքուր սննդի կողքին իր պատվավոր տեղն է զբաղեցնում տարածաշրջանի ավանդական խոհանոցը․

«Վայոց ձորի ազգային ավանդական ուտեսներն ենք ներառել, օրինակ՝ սոխով տոլման, շորվան, որի թոնրում պատրաստելու գործընթացը ներկայացնում ենք այցելուներին, գաթան, որը թոնրի մեջ թխում ենք եւ վարպետաց դաս անցկացնում։ Շորվան միայն Վայոց ձորում է պատրաստվում կաղամբով։ Օտարերկրացիների նախընտրելի ուտեսներից է մասրապուրն ու բանջարով ճաշը։ Դեռ այդպիսի խումբ չի եղել, որ չհավանի դրանք»,- պատմում է Լիլիթը։

Փոքր միջավայրում ինչպե՞ս ընկալվեց բիզնեսով զբաղվող կինը

Սեփական բիզնես հիմնելու ճանապարհը հեշտ չի եղել։ Լիլիթը վստահեցնում է, որ դժվար էր հատկապես ընտանիքում՝ ծնողների հետ, քանի որ փորձում էր ամեն ինչ ինքնուրույն անել։ Բայց խոստովանում է, որ առանց նրանց օգնության ոչինչ գլուխ բերել չէր կարող։ Հաղթահարել է նաեւ շրջապատում տիրող թերահավատությունն իր գործի հանդեպ․


«Կին լինելու առումով բավականին դժվար էր։ Բոլորն ասում էին՝ այդքան մի խառնվիր գործերին, կարծում էին՝ բիզնեսը կնոջ գործը չէ։ Շատ էի լսում նման կարծիքներ՝ «կստացվի, թե չի ստացվի, սկզբում կերեւա», բայց ես ասում էի՝ չէ, կլինի, պիտի ստացվի, ու հենց առաջին ամիսներին արդեն արդյունք գրանցեցինք, ու դա երկարատեւ չարչարանքի արդյունքն էր, մշտապես նորի փնտրտուքի»,- անկեղծանում է մեր զրուցակիցը։

Մեծ խնդիրներ չեն եղել

«Շատ մեծ խնդիրների չեմ բախվել։ Կարծում եմ՝ մտածել են, բայց առերես չեն ասել։ Լսում էի, երբ ասում էին՝ տեսեք, բիզնեսի մեջ է ուզում մտնել։ Բայց դեմքիս չէին աում (ծիծաղում է- հեղ.)։ Գուցե նրանից է, որ հաջող ստացվեց, դրա համար մարդիկ այդքան չքննադատեցին։ Երեւի եթե առաջին տարում արդյունք չգրանցեի, կասեին՝ «տեսա՞ր, որ ասում էինք»»,- անդրադառնալով քննադատությանն՝ ընդգծում է Լիլիթը՝ վստահեցնելով, որ կանայք իսկապես կարող են հզոր լինել բիզնեսում։ Նրա խոսքով՝ կանայք կարողանում են ավելի սառը դատել, եւ վերջին շրջանում նրանց ներգրավվածության մակարդակը բարձրացել է։

Բիզնեսը փոքր մարզում եւ մեծ քաղաքում․ որո՞նք են տարբերությունները

Եթե ունես յուրահատկություն ու գործդ լավ ես անում, անպայման լավ արդյունք կգրանցես։ Սա Լիլիթի բիզնես-կարգախոսն է՝ լինի փոքր մարզում, թե մեծ քաղաքում։ Այնուամենայնիվ, մատնանշում է որոշ էական տարբերություններ․«Մարզում ավելի հեշտ է։ Առավելությունն այն է, որ սա քո տարածաշջանն է, ու ճանաչվելն ավելի հեշտ է։ Իմ նպատակն էր, որ մեր մարզում ինչ-որ բան փոխվեր, լուծվեր ժամանցի հետաքրքիր վայրի բացակայության խնդիրը»։


Լիլիթը հույս ունի մյուս տարի սրճարանը ծառայեցնել նաեւ երիտասարդներին։ Նպատակ ունի ստեղծել այնպիսի միջավայր, որը հնարավոր կդարձնի դասընթացների կազմակերպումը։

«Տեղացիների եւ օտարերկրացիների համար էլ մյուս տարի կկազմակերպենք երաժշտական երեկոներ՝ թեյախմությամբ եւ գուցե նաեւ գինով, չնայած փորձում ենք խմիչքի վրա չֆիքսվել, շեշտը ավանդականի վրա ենք դնում»։

Այսօր Լիլիթը Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջում դասավանդում է «Գործարար հաղորդակցման հմտություններ» առարկան։ Նպատակ ունի Վայոց ձորում հիմնել հասարակական կազմակերպություն՝ կանանց ներգրավվածությունը բարձրացնելու, ձեռնարկատիրական հմտությունները բարելավելու համար։ Պլանավորել է՝ մասնագետների միջոցով դասընթացներ կվարեն, ինչո՞ւ չէ, նաեւ ցույց կտան հնարավոր այն ուղիները, որոնցով կարելի է ստեղծել սեփական բիզնես եւ ընդլայնել այն․

«Երիտասարդների ներգրավվածությունն ենք կարեւորելու, բայց հիմնական նպատակը կանանց ներգրավվածությունն է լինելու, եւ այն կապել զբոսաշրջության հետ։ Քանի որ շատերն ունեն հյուրատներ, կուզեմ՝ մասնագետների շնորհիվ սպասարկման ոլորտի մակարդակը բարձրարցնենք»,- ամփոփելով՝ նշում է մեր զրուցակիցը։

Նելլի Պետրոսյան
Լուսանկարները՝ հեղինակի
Դիտում՝ 12940
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai