Կոկորդիլոսաբուծարան Հայաստանում՝ հեռանկարներ եւ մտահոգություններ

22.09.2018 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Խաչատուր Սարգսյան #կոկորդիլոսաբուծարան #Արմոն
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին հայտարարեց, որ Դաշտավան համայնքում «Արմոն» ՍՊԸ-ն վարձակալության է վերցրել 15 հա տարածք եւ առաջիկա տարիներին պատրաստվում է հիմնել կոկորդիլոսաբուծարան։ Banks.am-ը զրուցել է ընկերության գործադիր տնօրեն Խաչատուր Սարգսյանի հետ՝ պարզելու համար բիզնես ծրագրի մանրամասները։

Կոկորդիլոսաբուծարանը՝ էկո-այգու բաղկացուցիչ մաս

Ծրագրի ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են 2017թ. վերջին։ Ի սկզբանե, գաղափարը տարածաշրջանում առաջին կոկորդիլոսաբուծարան հիմնելն էր, սակայն հետագայում ծնվեց էկո-այգի ստեղծելու միտքը։

«Կոկորդիլոսը շատ դանդաղ զարգացող կենդանի է։ Այն 7 տարեկանից հետո է սկսում ձվադրումը։ Որպեսզի բուծարանը հասնի այն փուլին, երբ հնարավոր կլինի կոկորդիլոսից ստանալ կաշի, 10-15 տարի է անհրաժեշտ։ Հասկացանք, որ 7-8 տարի շարունակ պետք է անընդհատ ներդրում անենք, եւ միտք հղացավ կոկորդիլոսաբուծարանի հենքի վրա ստեղծել «Ապշանք» անունը ստացած էկո-այգին»,- պատմում է «Արմոն» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Խաչատուր Սարգսյանը՝ հավելելով, որ «կոկորդիլոսը կլինի պատրվակ՝ մարդկանց այգի ուղղորդելու համար»։

Խաչատուր Սարգսյանը

Ինչ է ներառելու այգին

«Ապշանք» էկո-այգին զբաղեցնելու է 30 հա տարածք եւ դառնալու է հանրային հանգստի ու զբոսաշրջային գոտի։ Կոկորդիլոսաբուծարանից բացի, այգում կլինեն սառնարանային պահեստներ, սպանդանոց, ինկուբատորային տնտեսություն, կաշվի մշակման արտադրամաս, տարբեր ընտանի կենդանիների բուծարաններ, բանջարանոցներ, ջերմոցներ եւ պտղատու այգիներ։

Կտեղադրվի բիոգազի կայան, որտեղ կենդանաբուծության արդյունքում ստացված բիոթափոններից գազ կստացվի։

Տարածքում կգործեն նաեւ զվարճանքի վայրեր, սննդի կետեր, խաղահրապարակներ եւ այլն։

Ծրագրին անդամագրվելուց հետո՝ ցանկացողները կկարողանան այգու տարածքում տնկել եւ խնամել իրենց սեփական ծառերը, պահել կենդանիներ։

Խաչատուր Սարգսյանի խոսքով՝ էկո-այգուց 1 կմ հեռավորության վրա կլինի ավտոկայանատեղի, որտեղից մինչեւ «Ապշանք» ընկած ճանապարհն այցելուները կանցնեն էլեկտրոմոբիլներով։ Էկոտրանսպորտը կգործի նաեւ այգու տարածքում։

Բացի այդ, ամբողջ տարածքի էլեկտրականությունը նախատեսվում է ապահովել արեւային էներգիայի օգտագործմամբ։

Այգու մուտքի համար կսահմանվի որոշակի վճար, իսկ մինչեւ 18 տարեկան անձանցից գումար չի գանձվի։


Բիզնես բաղադրիչ

5-ամյա ծրագիրը, որի արժեքը կազմում է $10 մլն, իրականացվում է տանզանիական կոկորդիլոսաբուծական ընկերության հետ համագործակցությամբ։

«Թե կոնկրետ որ տարվա աշխատանքներն ինչ չափի ներդրում կպահանջեն՝ կախված է բնության արձագանքից։ Եթե ընթացքը հաջող լինի, ծախսը կծածկվի 10-15 տարի հետո»,- ասում է ծրագրի հեղինակը։

Խաչատուր Սարգսյանի խոսքով՝ ամենամեծ ծախսերը կապված են կոկորդիլոսների ձեռքբերման հետ։ Մեկ ձուն արժե $400, իսկ ծրագրի միայն առաջին փուլով նախատեսվում է ներկրել 100 նեղոսյան կոկորդիլոսի ձու՝ հետագայում մոտ 1000 կոկորդիլոս բուծելու նպատակով։

Ընկերության տնօրենը պարզաբանում է՝ կոկորդիլոսաբուծարանի արտադրանքը տեղական շուկայի համար չէ։ Միսն ամբողջությամբ կարտահանվի հիմնականում Արեւելյան Ասիայի երկրներ, իսկ կաշին՝ Եվրոպա։

Կոկորդիլոսաբուծարանում կաշխատի 3-4 մասնագետ, սակայն ամբողջական ծրագիրը նախատեսում է ապահովել 300-500 աշխատատեղ։

Կենդանիների պահման պայմաններ

Ձմռանը կոկորդիլոսների խուցերը կտաքացվեն։ Խաչատուր Սարգսյանի խոսքով՝ այս կենդանիները տաքությունն ընկալում են փորի հատվածով եւ անհրաժեշտ է, որ խուցի հատակի ջերմաստիճանը լինի 30o C։

«Կոկորդիլոսներին ջուր անհրաժեշտ է միայն հովանալու համար, նրանք ջրում չեն ապրում, սովոր են ճահճուտներին։ Բավական է ստեղծել փոքրիկ լճակ եւ կարելի է երկար ժամանակ ջուրը չփոխել, միայն երբեմն փոքր-ինչ ավելացնել՝ ջրի գոլոշիացմանը զուգընթաց»,- նշում է ծրագրի հեղինակը՝ հավելելով, որ տարածքի մնացած այգիներում գործելու է կաթիլային ոռոգման համակարգ եւ ջրային պաշարների օգտագործման խնդիր չի առաջանալու։


Ծրագրի ընթացքը

Այգին չի նախատեսում լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Ենթակառուցվածքների մեծ մասը բաղկացած է պատրաստի հավաքովի տնակներից:

Այս տարվա հոկտեմբերին նախատեսվում է իրականացնել առաջին ծառատունկը, իսկ մինչեւ տարվա վերջ ընկերությունը հույս ունի ներմուծել կենդանիներին։

«Կոկորդիլոսների ձվերը կպահվեն ինկուբատորներում, եւ 90 օր անց, երբ կենդանին ձվից դուրս կգա, մեր գործընկեր տանզանիական կոկորդիլոսաբուծարանից կհրավիրենք մասնագետներին, որոնք կզբաղվեն կենդանիների խնամքով»,- մանրամասնում է Խաչատուր Սարգսյանը։

Բնապահպանական մտահոգություններ

Կենդանիների պաշտպան Կարինե Փանոսյանը մտահոգություն է հայտնում, որ կոկորդիլոսների համար անհրաժեշտ կենսապայմաններ Հայաստանում հնարավոր չէ ապահովել։

«Համապատասխան ջերմաստիճանի առկայությունը դեռեւս բավարար չէ կենդանիներին անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար»,- նկատում է Կարինե Փանոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը չունի նաեւ կենդանիների իրավունքները կանոնակարգող օրենքներ, որից էլ բխում են մնացած բարդությունները։

«Փորձը ցույց է տալիս, որ անգամ թույլտվություն ստացած շատ ընկերություններ հետագայում չեն կարողանում կենդանիներին պատշաճ պայմաններում պահել»,- ասում է Կարինե Փանոսյանը:

Կենդանաբույժ Մանուկ Մանուկյանն էլ կարծում է, որ հարցին մասնագիտական մոտեցում է անհրաժեշտ։

Մանուկ Մանուկյանը

«Պետք է հավաքվի մասնագիտական խումբ, ամբողջ ծրագիրը դրվի քննարկման, որպեսզի հասկանանք բոլոր հնարավոր վտանգները»,- նշում է նա:

Բիզնես-նախագծի հեղինակը, սակայն, բնապահպանական որեւէ վտանգ չի տեսնում, այլ ընդհակառակը, կարծում է՝ մշակված փակ շղթան կաշխատի ոչ թե ընդդեմ, այլ հօգուտ բնության։

Ընկերությունն այժմ սպասում է CITES-ի («Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին կոնվենցիա») թույլտվությանը, որը ստանալու դեպքում «Ապշանք» այգին կկարողանա այցելուներ ընդունել արդեն իսկ հաջորդ տարվանից։

Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ http://apshank.am/
Դիտում՝ 13278
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai