«22% Gastropub»՝ ընկերական բիզնես եւ սոցիալական ներդրումներ

03.08.2018 | 18:09 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#22% Gastropub #Հայկ Մինասյան #Հայկ Թորոյան
Երեւանում բացվել է նոր գարեջրատուն, որի շահույթի 22 տոկոսն օգտագործվելու է Հայաստանի հեռավոր գյուղերում տարբեր ծրագրերի իրականացման համար: «22% Gastropub»-ը երկու ընկերների՝ Հայկ Թորոյանի եւ Հայկ Մինասյանի համատեղ բիզնեսն է, որի հաջողության դեպքում ընկերները խոստանում են՝ կիրականանան սոցիալական մի շարք նախաձեռնություններ:

Մուտք/ներքին դիզայն

Նալբանդյան-Թումանյան խաչմերուկի կարմիր դուռը «22% Gastropub» է տանում: Կարմիրից հետո ներսում գույներն արդեն իրար են խառնվում, իսկ առաստաղից կախված գույնզգույն գրքերն ուշադրությունդ վերեւում ամենից երկարն են պահում:


Գույներն ու դիզայնը նույնպես մանրամասն մտածված նախագծի մաս են կազմում, սակայն «22% Gastropub» գարեջրատան ամենակարեւոր «մեխը» սոցիալական ծրագրերի իրականացումն է: Դրա համար էլ չծխողների եւ ծխողների սրահների միջանցքի պատերը լրիվ դատարկ են թողել. պատրաստվում են իրականացված բոլոր ծրագրերի արդյունքը ֆոտո-պաստառների տեսքով պատերին փակցնել:

22 տոկոսի մասին աշխատակիցը հաշիվը վճարելու ժամանակ է տեղեկացնում: Հիմնադիրները նաեւ որոշել են՝ բացարձակ թափանցիկ լինել հաճախորդների առջեւ. պարբերաբար հաշվետվություններ կներկայացնեն, թե ինչ շրջանառություն է եղել, ինչ եկամուտ է գոյացել, ինչպես է ծախսվել:


Ի սկզբանե փաբն էր

Ընկերներով սեփական բիզնես ստեղծելու գաղափարը նույնպես փաբում է ծնվել. 5 տարվա ընկերներ երկու Հայկերն անցած տարի Դուբլինի Temple փաբում են որոշել համատեղ գործունեություն սկսել, որը, անպայման, պետք է սոցիալական ուղղվածություն ունենար:

Փաբը, որպես տեղանք, խորհրդանշական են համարում. արտասահմանյան շփումները հատկապես փաբերում հաճախակի կրկնելուց հետո՝ հիմա արդեն հայրենիքում, գործընկերներն ամեն օր են հանդիպում սեփական գարեջրատանն ու աշխատում միասին:

Սկզբում, չնայած, ցանկացել են միայն ՀԿ ստեղծել, որը կաշխատեր գյուղերի եւ համայնքների վերականգնման ուղղությամբ: Նրանց խոսքով՝ երկրին ինչ-որ մի օգուտ տալու գաղափար միշտ են ունեցել:

Հայկ Թորոյանը

«Մեր առաջին դոնորը հենց մենք ենք. մտածեցինք՝ ինչու դիմել ուրիշներին հոնորար ստանալու համար եւ կախված լինել ինչ-որ մեկից, եթե կարելի է սեփական եկամուտն ունենալ եւ սեփական շահույթն օգտագործել,- պատմում է Հայկ Թորոյանն ու ավելացնում. -Սեփական բիզնեսը կնպաստի մեր նպատակներին այնքանով, որ ունենանք կայուն եկամուտ, հստակ շահույթ եւ կայուն ֆոնդ, որն էլ կունենա երկարաժամկետ սոցիալական ազդեցություն»:

Ո՞վ, ինչպե՞ս, ինչո՞ւ

Երկու ընկերներն էլ մասնագիտությամբ կոնֆլիկտաբան են, հիմնական աշխատանք երկուսն էլ ունեն, նոր բիզնեսը համարում են տարիների ընթացքում որոշած  ծրագրերի իրականացման միջոց:

«Կարելի է միանգամից ունենալ մեծ գումար եւ ինչ-որ սոցիալական նպատակի ծառայեցնել, եւ կարելի է այդ գումարը դնել երկարաժամկետ ծրագրի մեջ, որով հնարավոր կլինի պարբերաբար իրականացնել սոցիալական ծրագրեր»,- ասում է Հայկ Մինասյանը:

Հայկ Թորոյանը նախկինում նաեւ եղել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աշխատակից, Հայաստանի 120 դպրոցներում է աշխատել ու այդ ընթացքում նկատել, որ գյուղացիների համար շատ կարեւոր են նման նախաձեռնությունները:

«Առաջին հերթին, կորած է կապը քաղաքի եւ գյուղի միջեւ, որովհետեւ քաղաքի բնակչությունն առանձնապես գյուղ չի գնում ու չի հասկանում, թե այնտեղ ինչի կարիք կա, եւ որ պետք է ինչ-որ բան անել գյուղերին օգնելու համար»,- ասում է նա:


Բիզնեսի «ներքին խոհանոցը»

«22% Gastropub»-ը հիմնադրելու համար մինչեւ $20 հազ-ի ներդրում է արվել՝ սկսած սեփական միջոցներից, վերջացրած վարկերով ու ընկերներից վերցրած գումարներով:

Փաբ բացելը լավ մշակույթ են համարում, անկեղծանում են՝ բիզնես ունակությունները դեռ սրան են ներում: Ըստ ընկերների, այս մշակույթը լուրջ կարողություններ չի պահանջում. ավելի շատ մարդկանց հետ շփվելու հմտություններ են կարեւոր, իսկ նրանք այդ հարցում խնդիր չունեն:

Ամենահաճախ տրվող հարցերից մեկն է՝ ինչո՞ւ 22%: Սկզբում տղաներն ուզում էին փաբն անվանել 10%, բայց քանի որ որոշել են սոցիալականի համար գումարն առանձնացնել շահույթից, 10%-ը քիչ է թվացել:

Հայկ Մինասյանը

«Մեր գնահատմամբ՝ կանխատեսվող շահույթի 22 տոկոսն իրականում մեծ գումար չի կազմում. եթե բիզնեսը հաջողի, ակնկալում ենք ամսական մոտավոր կես մլն դրամի չափով գումար առանձնացնել: Բացի այդ, ծրագրերն իրականացնելու համար նաեւ առանձին միջոցառումներ ենք նախատեսում կազմակերպել: Կա նաեւ ջենթլմենական պայմանավորվածություն, եթե իրոք հասնում ենք մեր ուզած մակարդակին, 22%-ով չենք սահմանափակվում»,- ասում է Հայկ Մինասյանը:  

Առանձնահատուկ շեշտում են՝ նախաձեռնությունը սոցիալական բիզնես չեն համարում, ոչ էլ բարեգործություն են անում կամ հավակնում դրան. «Սոցիալական պատասխանատվության դրսեւորում է. մենք պարզապես մեր գործունեությունից գեներացվող շահույթից որոշակի գումար առանձնացնում ենք երկրում առավել խոցելի խմբերի համար ծրագրեր իրականացնելու նպատակով»:


Ներկա ու ապագա ծրագրերի «մենյուն»

Առաջին ծրագիրն արդեն որոշված է. կկառուցեն մանկական խաղահրապարակ Վարդենիսի 200 բնակիչ ունեցող Գեղաքար գյուղում: Ապագայում թիրախավորելու են  խմելու ջրի հասանելիության հարցը եւ մարզերում արտադրությունների ստեղծումը:

«Ցանկացած մարդ 3 ամսվա ընթացքում գարեջրատանը հաշիվ փակելուց հետո կարող է վստահ լինել, որ Գեղաքար գյուղում խաղահրապարակի կառուցման համար ունեցել է իր ներդրումը: Սա ամենաարդյունավետ գործոնն է մեր բիզնեսի դեպքում, բայց այն երբեք չպետք է դառնա մոտիվացիա մեզ մոտ ազատ ժամանակն անցկացնելու համար. դա պարզապես հետեւանք է: «22% Gastropub» մարդիկ պետք է այցելեն, երբ ցանկանում են լավ ժամանակ անցկացնել, համեղ սնվել եւ տեղական գարեջուր խմել»,- ասում է Հայկ Մինասյանը:


Ի դեպ, հիմնադիր ընկերները միտված են զարգացնել ոչ միայն սեփական բիզնեսը, այլեւ աջակցել մարզերում փոքր բիզնեսների զարգացմանը: Օրինակ, այստեղ 3 բրենդի 6 տեսակի գարեջուր է մատուցվում, որոնք բոլորն էլ ձեռք են բերում փոքր ձեռնարկություններից:

Ամալի Խաչատրյան
Լուսանկարներ՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 11122
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai