ՏՈՒԿ՝ տուրիզմի ուրույն կենտրոն Դսեղում

05.10.2018 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ՏՈՒԿ #ՀԿ կենտրոն #Դսեղ
Վրանային ճամբար, հեծանվարշավ կամ քայլարշավ՝ դեպի սուրբ Բարձրաքաշ ու Քառասնից Մանկանց վանքեր, ապա՝ Դսեղի ծովեր՝ ձկնորսության, այցելություն Թումանյանի տուն-թանգարան, Բնության եւ այցելուների կենտրոն, ճամբարային հետաքրքիր առօրյա, յոգա, 3-անգամյա սնունդ, իսկ երեկոյան՝ խարույկ, կիթառ, երաժշտություն: Հանգստյան օրերին այցելուներին այսպիսի փաթեթ է առաջարկում ՏՈՒԿ-ը՝ տուրիզմի ուրույն կենտրոնը, որը գտնվում է Լոռիի Դսեղ գյուղում:

Սոցիալական ձեռնարկատիրություն

Բավական է հասնել գյուղի հրապարակ, ու համապատասխան տեղեկատվական ցուցանակները հուշում են՝ ինչպես հասնել հանգստի գոտի: Առաջին հայացքից ամենագրավիչն այստեղ սեղան-աթոռ դարձած կոճղերն ու խոտի հակերն են (ժող.՝ տուկ), որոնք էլ ճամբարի համար բրենդ ու անուն են դարձել:


ՏՈՒԿ-ը (TUC-Tourism Uniqe Centre) սոցիալական ձեռնարկատիրություն է, գործունեություն, որի բիզնես մոդելի հիմքում դրված են սոցիալական խնդիրների լուծումն ու սոցիալական արժեքների ստեղծումը: Իսկ նման ձեռնարկության շահույթն օգտագործվում է սոցիալական բարեփոխումներ իրականացնելու եւ սոցիալական խնդիրներ լուծելու նպատակով:

«Մեր ճամբարի համար անհրաժեշտ ամբողջ բնամթերքը գյուղացիներից ենք գնում: Գնացել, տեսել ենք մաքրությունն ու որոշ մթերքների ճիշտ վերամշակման գործը, եւ փոխադարձ վստահության արդյունքում արդեն սկսել ենք աշխատել: Իհարկե, կան որոշ դժվարություններ: Քաղաքի պարագայում եթե կարող ես մտնել խանութ եւ միանգամից 300 ձու գնել, գյուղում դա անհնարին է, տնից տուն ենք գնում, 10, 20 հատով ձու հավաքում: Անհրաժեշտ մյուս մթերքներն ու պարագաները նույնպես գյուղի խանութներից ենք գնում»,- նախաձեռնության սոցիալական ազդեցության մասին է պատմում Արփինե Հակոբյանը, որը ՏՈՒԿ-ի հիմնադիրն է եւ «ՀԿ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավարը:

Ստեղծման պատմությունը

Հանգստի նման գոտի ստեղծելու մտադրություն նախկինում չեն ունեցել: Եվրամիության ֆինանսավորմամբ 2016թ. «ՀԿ կենտրոն»-ը Դսեղում Միջսահմանային հեծանվային տուրիզմի զարգացում ծրագիրն է իրականացրել: Դսեղում եւ Բորժոմիում կառուցվել են ճամբարային բազաներ, որպեսզի հեծանվորդները հանգստանալու եւ գիշերելու հնարավորություն ունենան: Բազայի համար նախատեսված տարածքն էլ Դսեղի համայնքապետարանն անվարձահատույց տրամադրել է «ՀԿ կենտրոն»-ին:

«Ծրագրի շրջանակում կառուցվել էր խոհանոց, լոգարան ու սանհանգույց, ձեռք էինք բերել մի քանի վրաններ, քնապարկեր, հեծանիվներ: Ու երբ ծրագիրն ավարտվեց, մտածում էինք՝ կկարողանա՞նք արդյոք եղած ռեսուրսներով նոր բան սկսել: 2017թ. ամռանը վճարովի ճամբար հայտարարեցինք, մասնակիցների մեծ ակտիվություն, անկեղծ ասած, չէինք ակնկալում: Բայց հինգ օրում 40 մարդ էր հերթագրվել, որոնք պատրաստ էին վճարելու եւ ճամբար գալու: Դա մեզ, իհարկե, ուրախացրեց, բայց սեղան-աթոռներ չունեինք: Ջրատաքացուցիչ կար տեղադրված, բայց գյուղում ջուր միայն առավոտյան ժամերին էր գալիս եւ այլն: Որոշեցինք աթոռների փոխարեն կոճղեր դնել, բայց տեսնելով, որ դրանք չոր են, խոտի տարբերակը մտածեցինք»,-հանգստի գոտու ստեղծման մանրամասներն է ներկայացնում հիմնադիրը:


ՏՈՒԿ-ում հիմա ե՛ւ սեղաններ կան, ե՛ւ աթոռներ, նաեւ՝ անհրաժեշտ տարբեր պարագաներ: Նյութատեխնիկական բազայի համալրումը հնարավոր է դարձել Հայկական բարեգործական ընդհանուր միության տրամադրած դրամաշնորհի միջոցով: Այս ամռանն արդեն հանգստի կազմակերպման տարբեր փաթեթներ են առաջարկել այցելուներին:

Ծառայություններ

Յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին ՏՈՒԿ-ն առաջարկում է քայլարշավ, հեծանվարշավ, ձկնորսություն, այցելություն Դսեղի պատմամշակութային ու տեսարժան վայրեր, 3 անգամ ճաշելու հնարավորություն, բացօթյա միջոցառում՝ ճամբարի տարածքում: Նման մեկ հագեցած օրվա համար սահմանված գումարը 10 000 դրամ է:

Նրանք, ովքեր միայն ցանկանում են վրանում գիշերել, վճարում են 4000 դրամ՝ վրանի, քնապարկի եւ կարիմատի համար, նաեւ օգտվում սանհանգույցից, խոհանոցի պարագաներից: Նախաճաշով գիշերակացն արժե 5000 դրամ:

Հայաստանի տարբեր բնակավայրերից այստեղ հանգստանալու են գալիս դպրոցականներ՝ իրենց դասարաններով: Մանկական ճամբարի 4 օրը 20 հազ. դրամ արժե՝ յուրաքանչյուր երեխայի համար: Ի դեպ, մանկական յուրաքանչյուր ճամբարի ընթացքում Դսեղում ապրող 5 դպրոցականներ ծրագրում ընդգրկվում են անվճար հիմունքներով: Արփինե Հակոբյանի խոսքով՝ սա նույնպես սոցիալական ազդեցության օրինակ է:

Անվճար հմտություններ

«ՀԿ կենտրոն»-ի կամավորները ՏՈՒԿ-ում այցելուներին անվճար հիմունքներով նաեւ բատիկայի եւ շշերի վրա դեկուպաժ անելու հմտություններ են սովորեցնում, այնուհետ աշխատանքները նվիրում հեղինակներին:


«Վարպետաց դասերի համար անհրաժեշտ պարագաները՝ շրջանակները, կտորն ու ներկերը, մենք ենք տրամադրում ու սովորեցնում մի բան, ինչը մարդիկ երբեք չեն փորձել: Փորձեցինք գյուղում գտնել մասնագետների, որոնք մեր կամավորների փոխարեն կանեին այս գործը, բայց, ցավոք, չստացվեց»,- ասում է Արփինեն ու հավելում, որ ոմանք էլ իրենց մոտ գալիս են առավոտյան յոգայի համար միայն:

Յոգայի մասնագետը նույնպես Վանաձորից է Դսեղ գալիս:


Ապագայի ծրագրեր

ՏՈՒԿ-ում այցելուներին ընդունել-ճանապարհելուն զուգահեռ հաջորդ ամռան անելիքներն են պլանավորում: Առաջին գործն ավելի մեծ թվով այցելուների, հատկապես զբոսաշրջիկների ներգրավումն է լինելու, այսինքն, ներքին տուրիզմից անցում արտաքին կամ միջազգային տուրիզմի: Նոր ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակներ էլ կան. հանգստի գոտու մի հատվածում փոքր լողավազանի կառուցում է նախատեսվում, նաեւ՝ էկոկառույց՝ խոտից ու կավից, որը կծառայի որպես կոնֆերանս դահլիճ: Սակայն ամենակարեւորը գյուղական տուրիզմի զարգացմանն ուղղված տնայցերն են լինելու: ՏՈՒԿ-ում հանգստացողները հյուրընկալվելու են նաեւ գյուղական ընտանիքներում, որտեղ, օրինակ, հետեւելու են կով կթելու, հաց թխելու կամ այգեգործության աշխատանքներին, ցանկության դեպքում՝ իրենք են մի քանի ժամ ապրելու գյուղացու առօրյայով:

Տաթեւիկ Ճուղուրյան
Լուսանկարները՝ հեղինակի եւ ՏՈՒԿ-ի ֆեյսբուքյան էջից
Դիտում՝ 14868
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai