Լեւոնը «զրոյից» օնլայն գրախանութ է ստեղծել

21.12.2018 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ / Զրոյից /
#Լեւոն Ստեփանյան #MYbookstore #Mycorner

Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:


***

Երիտասարդ գործարար Լեւոն Ստեփանյանը 2016-ին հիմնադրել է MYbookstore առցանց գրախանութը, որի միջոցով գիրքը հասանելի է դարձել բոլորին եւ հատկապես այն մարդկանց, որոնք ժամանակ չունեն այցելել գրախանութներ:

MYbookstore-ը Երեւանում գրքերն առաքում է անվճար, իսկ մարզեր առաքումն արժե 500 դրամ:

Գաղափարը, փորձն ու գողացված առաջին գումարը

MYbookstore-ը հիմնելիս ունեի միայն գաղափարը, չունեի ոչ մի ռեսուրս, ֆինանսական օգնություն կամ աջակցություն:

Այդ ժամանակ Տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսում էի սովորում՝ Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությամբ: Մինչ այդ տարբեր աշխատանքներով էի զբաղվել՝ առաքիչ, գիշերային օպերատոր, PR մենեջեր:

MYbookstore-ը հիմնելուց առաջ հաշվի եմ առել հաճախորդների հետ ճիշտ շփվելու հմտությունս: Մյուս կարեւոր առանձնահատկությունն այն էր, որ քաղաքը շատ լավ էի ճանաչում, ինչպես նաեւ գրքեր էի շատ սիրում ու կարող էի հաճախորդների հետ ե՛ւ գեղարվեստական գրականությունից խոսել, ե՛ւ բիզնեսից:

Լեւոն Ստեփանյանը

Առաքիչ աշխատելու ժամանակ մի քանի օրվա գումարս խնայել էի՝ 12 000 դրամ, որով էլ հիմնեցի MYbookstore-ը:

Առաջին մեկ շաբաթը պատվեր չունեցա: Լավ հիշում եմ առաջին առաքումը. Էրեբունի պատվեր էի տարել, վերադառնալիս 46 համարի երթուղայինում դրամապանակս գողացել էին:

Դա իմ առաջին ձախողումն էր, բայց որոշեցի չհանձնվել: Գնացի ընկերոջս աշխատավայր, որը հացի գործարանում արտադրամասի պետ էր, գիշերեցի այնտեղ, որ տուն՝ Հրազդան, չվերադառնամ: Ամբողջ գիշեր նրանց հաշվապահի համակարգչի առջեւ նստած համոզում էի ծանոթներիս, որ ամեն մեկը մի գիրք գներ, որ գումար խնայեի:

Ընկերներս ինձ շատ են օգնել նաեւ ֆեյսբուքյան էջը վարելու, գրքերից հատվածներ առանձնացնելու ու էջում կիսվելու հարցում:

Տարբերվելու, ամրապնդվելու, հաճախորդներ ներգրավելու համար

Սկզբնական փուլում պայմանավորվեցի գրախանութների, տեղական հրատարակչությունների հետ, որոնք համաձայնեցին գրքերը ինձ որոշակի զեղչով տրամադրել, որի արդյունքում էլ սկսեցի գումար աշխատել:


Գնում էի այնպիսի միջավայրեր, որտեղ մարդիկ հետաքրքրված էին գրքերով, մասնակցում էի դասընթացների, այնպիսի հարթակներ էի ընտրում, որտեղ կարող էի ելույթ ունենալ եւ ասել, որ ես գրախանութ ունեմ:

Հատուկ ակցիաներ էի անում, առաջին ամսվա պատվերների հետ ինչ-որ քաղցր անակնկալներ էի ավելացնում, Facebook-ում տարածում էինք, որ MYbookstore-ից պատվիրելու դեպքում հնարավոր է գիրքը ձեռք բերել հեղինակի մակագրությամբ, ինչը մարդկանց մոտիվացնում էր: Ես էլ անձամբ տանում էի, հեղինակները մակագրում էին:

Ներկայում հրատարակչություններից գրքերը ձեռք ենք բերում մոտավորապես գրախանութին հանձնելու գնով կամ ավելի քիչ արժեքով, որովհետեւ մեծ գրախանութների համեմատ մեր շրջանառությունը փոքր է: Համագործակցում ենք նաեւ անհատ հեղինակների հետ:


Կրկին առանց մեծ գումարի

Առաքումը սկզբում տրանսպորտով էի կազմակերպում:

Մի պահ պատվերներն այնքան էին շատացել (իսկ ես այդ ժամանակ դեռ միայնակ էի առաքում), որ որոշեցի մեքենա գնել: Facebook-ում գրառում կատարեցի, որ ինձ օգնելու համար անհրաժեշտ է 400 ընկեր, սկսեցին անձնական նամակներով հարցնել՝ ինչ օգնություն, առաջարկեցի 2000 դրամ ինձ պարտքով տալ, 2 տարվա ընթացքում խոստացա վերադարձնել, ասում էի, որ այդ գումարով մեքենա եմ գնելու MYbookstore-ի առաքումներն իրականացնելու համար:

Կրկին առանց մեծ գումար ունենալու՝ երկու-երեք ամսվա ընթացքում գումարը հավաքեցի, մի որոշ մասն էլ ես ունեի ու գնեցի մեքենան: Գումարի կեսից շատն արդեն վերադարձրել եմ. երկու տարին էլ դեռ չի լրացել:


Իսկ ֆեյսբուքյան մեր էջերը գովազդելու համար ամբողջ երեք տարվա ընթացքում ծախսել ենք ընդամենը $200: Հիմա MYbookstore-ի էջն ավելի քան 30 000 հավանում ունի:

Ի դեպ, MYbookstore-ը նաեւ կայք ուներ, որը գործեց մեկ տարի: Քանի որ հիմնական պատվերները հաճախորդներն անում են Facebook-ի եւ Instagram-ի միջոցով, ներկայում կայքը չի օգտագործվում: Առաջիկայում, սակայն, հնարավոր է՝ նորից այն գործարկենք: 

Նոր գաղափարներ

Մի քանի ամիս հետո սկսեցինք կազմակերպել ցուցահանդեսներ, բարեգործական ակցիաներ, խաղարկություններ:

Ստեղծել ենք նաեւ մի crowdfunding հարթակ, որտեղ մարդիկ գիրքը կարող են ձեռք բերել 50% զեղչով: Եթե ցանկանում եք ունենալ, օրինակ, «Վարպետը եւ Մարգարիտա» գիրքը, որի արժեքը 5000 դրամ է, մեր խմբում՝ MYbookstore crowdfunding for books-ում, հայտարարագրում եք, որ 2500 դրամը վճարում եք դուք, 500 դրամը զեղչում է MYbookstore-ը, մնացած գումարը վճարում են խմբի անդամները՝ 300 դրամից սկսած Idram-ին փոխանցելով: Այնուհետ նրան, ովքեր ձեզ օգնել են, արդեն կարող են գրքեր հայտարարագրել խմբում եւ այդպես շարունակ:

Սկսել ենք եւս մեկ նախագիծ՝ գրքարշավ. գնում ենք արշավի եւ գիրք ենք քննարկում:

Գրքարշավի ժամանակ

Պատվերների հաճախականությունը շատ տարբեր է. օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանի գիրքը հրատարակվեց, մի քանի օրում 100 պատվեր ունեցանք, բայց լինում են ամիսներ՝ ընդամենը 50 պատվեր է լինում:

Գիրքն ունի սեզոնային բնույթ՝ սկսվում է նոյեմբերից, այնուհետ՝ Ամանոր, Գիրք նվիրելու օր եւ մյուս տոները:

Թիմը

MYbookstore-ի թիմը բաղկացած է 10 հոգուց: Ունենք նաեւ կամավորական թիմեր, որոնք առանձին ծրագրերի ժամանակ են մեզ միանում:

Ներկայում մեր թիմում հիմնականում կամավորական սկզբունքով են աշխատում, բայց առաքիչն իր գումարը ստանում է:

MYbookstore-ի թիմը

Երեւանում առաքում ենք հիմնականում մեկ օրվա ընթացքում:

Առաքում ենք նաեւ մարզեր, գրքերն ուղարկում ենք ուսանողների միջոցով: Առաքման 500 դրամը մնում է այդ ուսանողին, երբեմն էլ ավելի շատ գումար ենք տալիս, որպեսզի ճանապարհածախսի գումարը բավականացնի:

Մրցակցությունից դուրս

MYbookstore-ից առաջ առցանց գրախանութներ չկային. ուսումնասիրել եմ դաշտը, զանգել գրախանութներ ու ասել՝ գիրք եմ ցանկանում առաքեք, ասել են նման ծառայություն չունեն:

Հիմա գրախանութներ կան, որ առաքում ունեն, օնլայն գրախանութներ էլ են բացվել. MYbookstore-ից հետո մոտ 50 առցանց գրախանութ է բացվել, որից 40-ը փակվել է:

Գրքեր կան, որի առաքումից հետո գումար չես էլ աշխատում ու ինքդ քո գրպանից ես գումար ավելացնում, բայց մեր առաքելությունը ոչ միայն գիրք վաճառելն է, այլեւ գրքասիրությունը Հայաստանում տարածելը:

Այլ բիզնեսներ

MYbookstore-ից բացի, 2017-ի հուլիսին Հրազդան քաղաքում հիմնադրեցի MYcorner հակասրճարան-գրախանութը:

MYcorner սրճարանում

Այստեղ հաճախում է Հրազդանի այն «ֆիլտրված» խումբը, որը գրականություն եւ ինտելեկտուալ խաղեր է սիրում: Ժամավճարով սրճարան է, որտեղ հաճախ նաեւ տարբեր միջոցառումներ ու պարապմունքներ են կազմակերպվում:

Սրճարանը սոցիալական ձեռնարկություն է. այն պահից, երբ սկսի գումար աշխատել, եկամուտի 51%-ով քաղաքի համար անվճար միջոցառումներ կկազմակերպեմ:

Ունենք նաեւ MYdelivery առաքման ծառայություն, եթե օրինակ բանալին տանն եք մոռացել, կարող եք զանգել, մենք կառաքենք, յուրաքանչյուր պատվերը 1000 դրամ է:

Լեւոն Ստեփանյանը

Խորհուրդներ

Եթե մտքովդ գաղափարն անցել է, փորձի՛ր: Դա մաքսիմալ փորձ կտա, առաջին անգամ չստացվելը շատ ավելի օգտակար է, այն կմոտիվացնի, որ նորից փորձես ուժերդ թեկուզ ուրիշ ոլորտում:

Կարեւոր է նաեւ ինքնակրթությունը. դա ոչ միայն թատրոն հաճախելն ու գրքեր կարդալն է, այլեւ հաջողակ մարդկանց հետ շփումը, որը քեզ օգնում է հաջողությունների հասնել:

Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ անձնական արխիվից

Դիտում՝ 26301
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW