Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:***Մովսես Վարդանյանը Tailor SHOP կարի արհեստանոցը հիմնել է 2015-ին՝ 23 տարեկանում: Զինվորական ծառայությունից հետո չգտնելով կայուն աշխատանք՝ որոշել է սեփական բիզնեսը սկսել: Դավթաշենում գործող փոքր արհեստանոցն այժմ հաճախորդների խնդիր չունի, աշխատում են նաեւ շաբաթ-կիրակիներին, որ բոլոր պատվերները ժամանակին հասցնեն: Tailor SHOP-ը կարում է աշխատանքային համազգեստներ, համույթների տարազներ եւ ընդունում է հագուստի անհատական պատվերներ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ի սկզբանեՄովսեսը կարուձեւից բացարձակ գաղափար չուներ, երբ որոշեց կարի արհեստանոց հիմնել: Պարզապես որոշել էր այնպիսի բիզնես սկսել, որը քիչ ներդրում կպահանջեր, իսկ հետագայում արդյունքն ավելի մեծ կլիներ: Ուզում էր նաեւ այնպիսի գործ հիմնել, որ մայրն էլ, անպայման, աշխատի. նկարչուհի է, այժմ հագուստի վրա է նկարում: Մովսեսը տնտեսագետ է, ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Մակրոէկոնոմիկա բաժինը: Բանակում ծառայելուց հետո ցանկանում էր մասնագիտությամբ աշխատել, պետական համակարգում գործ գտնել:«Դիմել էի Պետական եկամուտների կոմիտե, մի շարք բանկեր, քննությունների էի մասնակցում, բավական լավ հանձնում, բայց հարցազրույցի փուլից հետո չէին հրավիրում աշխատանքի: Իսկ ես պարապ մնալ չեմ սիրում, որոշեցի իմ գիտելիքները ներդնել բիզնեսի մեջ: Ինձ շատ է օգնում տնտեսագետի մասնագիտությունը, ուսանող ժամանակ «բիզնեսի կառավարում» շատ էինք ուսումնասիրել»,- պատմում է Մովսեսը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Քայլ առ քայլԱմեն ինչ սկսվել է երկու կարի մեքենայից եւ մեկ աշխատողից: Երիտասարդ գործարարին միայն ծնողներն են որոշ չափով օգնել: Հետագայում Մովսեսը ցանկացած ծախս արել է բիզնեսից ստացված եկամուտից: «Սկզբում հաճախորդները շատ քիչ էին, մեծ դժվարությամբ էի ներդրում անում, որ տարածքի վարձակալության գումարը տամ, հարկերը վճարեմ: Հաճախորդների պակասի պատճառով ձգտեցինք մենք մեր հաճախորդներին գտնել: Ես նմուշները ձեռքիս գնացել եմ բոլոր ռեստորանները, հյուրանոցներն ու առաջարկել, որ մեզ հետ համագործակցեն. օրական 10 տեղ այցելում էի: Սկզբում հեշտ չէր, քանի որ շատերը մտածում էին՝ ես երիտասարդ եմ, անփորձ, կարից բան չեմ հասկանում: Մեկ տարի հետո բացեցինք նաեւ մեր ֆեյսբուքյան էջը, բայց մեր հիմնական հաճախորդներին ձեռք ենք բերել՝ նրանց անձամբ այցելելով»,- ասում է Մովսեսը: Սաթիկը, քույրը եւ վարպետ Նորիկը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Ընտանեկան» թիմըԱրհեստանոցում աշխատում է 5 հոգի, 5 դերձակ էլ տնայնագործ է: Առաջին աշխատողը Սաթիկն է, հայտարարությամբ է դիմել: Մեկ տարի անց նրան միացել է քույրը: «Եթե կարի հետ է գործը, չէ չենք ասում»,- շեշտում է 42 տարվա դերձակ վարպետ Գրիշան: Նա հիմնականում վարպետացել է համազգեստներ կարելու հարցում: Վարպետ Գրիշան Լուսանկարը՝ Մեդիամաքս Հարցիս՝ ձանձրալի չէ արդյոք ամեն անգամ նույն հագուստից մի քանի օրինակ կարել, պատասխանում է. «Եթե աշխատանքդ սիրում ես, ապա հաճույքով ես անում, հետո էլ մենք այնքան ենք մտերմացել, ընտանիք ենք դարձել»: Վարպետ Նորիկն էլ ավելի քան 40 տարվա դերձակի ստաժ ունի, հիմնականում պիջակ եւ վերարկու է կարել, իսկ այստեղ մեծաքանակ գործեր են, դժվարությամբ է հարմարվել: Չնայած եթե անհատական կոստյումի պատվերներ են լինում, մշտապես նա է անում: «Մեծաքանակների դեպքում, ինչպես միշտ, բոլորը շտապում են, պետք է արագ անես գործդ»,- ասում է նա: Վարպետ Նորիկը Լուսանկարը՝ Մեդիամաքս Քանի որ աշխատանքը շատ է, իսկ ժամանակը՝ սուղ, Մովսեսը մշտապես վերահսկում է թիմին. բավական խիստ է: Այդուհանդերձ, աշխատավայրում միշտ ընդհանուր հայտարարի են գալիս. ընտանեկան մթնոլորտը Մոսոյի (այսպես են նրան դիմում աշխատողները – խմբ.) շնորհիվ է ձեւավորվել:Առանձնահատկությունների ու խնդիրների մասինՇուկայում տարբերվելու համար արտադրամասն իր հիմնական շեշտը դրել է որակի ու ժամանակի վրա, ինչպես նաեւ ուշադիր է հաճախորդներին երբեք չմերժելու ու կարուձեւին վերաբերող ամեն տեսակի գործ անելուն: «Կան մի շարք տնայնագործ դերձակներ, որոնք տանն աշխատելով՝ շուկայում գին են իջեցնում, սակայն որակ չեն ապահովում, ժամկետների մեջ էլ չեն տեղավորվում: Շուկայում մի քանի խոշոր կազմակերպություններ կան, որոնք էլ հենց գին են թելադրում»,- ոլորտի խնդիրների մասին ասում է Մովսեսը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Շարունակելով նույն թեման՝ երիտասարդ գործարարն ավելացնում է, որ խնդիր է նաեւ լավ դերձակների պակասը ու նրանք մշտապես հայտարարություն են տարածում՝ թիմն ընդլայնելու համար: «Գուցե ուսման հետ է կապված, պրոֆեսիոնալ ուսումնարաններ չկան, որ լավ դերձակներ պատրաստեն: Երիտասարդ դերձակները հիմա քիչ են, միշտ փնտրում ենք, հայտարարությամբ գալիս են, հետո հասկանում ենք, որ մեր պահանջներին չեն համապատասխանում»,- ասում է նա: Ո՛չ թուրքականին Պատվերներ ստացել են ոչ միայն տեղական կազմակերպություններից, այլեւ Ռուսաստանից. Skype-ով չափերն են վերցրել ու աթոռների պատյաններ կարել: Մեծ հպարտությամբ տարազների մասին են պատմում, մշակույթի նախարարությունից պատվեր են ստացել՝ «Ակունք» ազգագրական համույթի տարազները կարելու համար: «Տարազներ մինչ այդ կարել էինք, բայց պատրաստի կտորներով: Այս անգամ ամբողջը ձեռքի աշխատանք էր: Դիզայները Սուսաննա Աբովյանն է»,- ասում են դերձակները: Լուսանկարը՝ Մեդիամաքս Մովսեսի ամենամեծ նպատակներից մեկը հայկական արտադրության ցանկացած հագուստի ապահովումն է, որ մարդիկ արտերկրից չպատվիրեն, թուրքական հագուստ չկրեն: «Երբ դրսից են պատվիրում, հաճախ չի համապատասխանում չափսերը, իսկ տեղականից օգտվելն ավելի արդյունավետ է: Ես անգամ դերձակներին տանում եմ տարբեր կազմակերպություններ, նրանք տեղում են չափումներ անում ու անհատական վերաբերմունք ցույց տալիս»,- ասում է երիտասարդ գործարարը:Ապագայի հետ կապված Մովսեսը լուրջ ծրագրեր ունի՝ մտադիր է փոքր արտադրամասը մեծ ընկերության վերածել: Լուսանկարը՝ «Ակունք»-ի ֆեյսբուքյան էջից Սեփական բիզնեսի լավն ու վատը Երբ համոզվեց, որ բիզնեսում հաջողությունների է հասնում, սկսեց եւս մեկ բիզնես հիմնել. ձկան առուվաճառքով է զբաղվում, կարուձեւից իրեն արդեն ծանոթ ռեստորաններին ձուկ է մատակարարում: «Այդ պատճառով ես շաբաթ-կիրակի չունեմ, քանի որ իմ բիզնեսն է, մեծ ցանկություն ունեմ այն զարգացնելու: Անգամ եթե մեկ օր հանգստանում եմ, տարբերությունն անմիջապես երեւում է, որովհետեւ բոլոր նյութերը ես եմ մատակարարում, եթե մի բան հանկարծ պակասի, գործը կանգնում է»,- ասում է Մովսեսը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Հարցիս՝ երբեւէ զղջացել է, որ նրան աշխատանքի չեն ընդունել եւ արդյոք կցանկանար այժմ պետական համակարգում աշխատելիս լիներ, Մովսեսը մի քանի վայրկյան դադարից հետո պատասխանում է. «Հաճախ եմ ինձ այդ հարցը տալիս. հիմա ուրախ եմ, որ ստացված եկամուտով կարողանում եմ ապահովել ընտանիքիս ծախսերը: Հետագայում, միգուցե, կրկին մտածեմ պետական կառույցում աշխատելու մասին, բայց հիմա ավելի շատ հետաքրքրված եմ սեփական բիզնեսի զարգացմամբ»: Ամալի ԽաչատրյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 25777