Բերքաբերի կարի արտադրամասն իր ծառայություններն է առաջարկել բանակին

13.06.2018 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բերքաբեր #«Սահման» ՀԿ #Ջորջ Տաբակյան
Տավուշի մարզի սահմանամերձ-սահմանապահ Բերքաբեր համայնքում՝ «Սահման» ՀԿ աջակցությամբ եւ «ԱՐՓԱ» հիմնարկի ֆինանսավորմամբ իրականացվող համատեղ ծրագրով նոր բիզնես է հիմնվել՝ «Նանսոն» ապրանքանիշի ներքո հանդես եկող կարի արտադրությունը։

«Սահման» ՀԿ նախագահ Ջորջ Տաբակյանը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ սա փոքր բիզնեսի հիմնման աջակցությանն ուղղված հերթական ծրագիրն է Բերքաբերում, որի նպատակը համայնքում նոր աշխատատեղեր ու կայուն եկամտի աղբյուր ստեղծելն է:

Արտադրամասի տնօրեն Սոնյա Մատինյանը պատմում է, որ դեռ 1990-ականներից սկսած՝ համազգեստ է կարում գյուղի սահմանապահների համար, միշտ երազել է սեփական բիզնեսն ունենալ ու արտադրամաս հիմնել, կրթական քայլեր եւս արել է՝ կարի ուսուցման դասընթացներ է անցել Իջեւանում, ապա՝ վերապատրաստվել ու ծանոթացել Երեւանում գործող արտադրամասերի փորձին:

«Շնորհակալ եմ «Սահման» ՀԿ-ին՝ իմ առաջարկին վստահելու եւ այս գործում մեզ աջակցելու համար: Երբ սկսվեցին բիզնեսի հիմնման վերաբերյալ քննարկումները, մինչեւ վերջին պահը չէի հավատում, քանի որ ինձ համար անհավատալի էր, թե տարիների իմ երազանքը մի օր իրականություն կդառնա»,- հավելում է արտադրամասի տնօրենը:

Ապրանքանիշի ընտրության հարցում օգտվել են տիկին Սոնյայի թոռնիկների՝ Նանեի եւ Սոնյայի անուններից, բրենդինգի հարցում եւս աջակցել է «Սահման» ՀԿ-ն:

Աշխատանքի մեկնարկի համար տիկին Սոնյային տրամադրվել է երեք կարի մեքենա եւ մեկ արդուկ, իսկ աջակցության դիմաց վերջինս պարտավորվել է որպես նվեր կարել համայնքի դպրոցի բոլոր աշակերտների համազգեստները: Ասում է՝ այլ պատվերներ էլ է ունեցել՝ մեղվի փեթակների համար նախատեսված ծածկոցներ, լավաշի արտադրամասի աշխատակիցների գոգնոցներ, շապիկներ եւ այլն:

Ժամանակի ընթացքում, եթե պատվերներն ավելանան, կմեծացնի նաեւ աշխատակցների թիվն ու նոր գործիքներ ձեռք կբերի: Այժմ նրան օգնում են երկու հարսները, նոր աշխատուժի պահանջի դեպքում՝ պատրաստ է համայնքից լրացուցիչ մարդկանց ներգրավել՝ որպես աշխատող՝ նրանց համար եւս ապահովելով կայուն եկամտի աղբյուր:

«Մի տղայիս ընտանիքն արտերկրում էր՝ արտագնա աշխատանքի նպատակով, բայց, արտադրամասի բացումից հետո, հարսս հետ եկավ` ինձ օգնելու։ Եթե կարողանամ նոր պատվերներ ունենալ, տղայիս էլ կվերադարձնեմ, որ մեր հողում աշխատի ու ապրի իր ընտանիքի կողքին՝ չլքելով սահմանն ու տունը, բայց դեռ այդ քայլին չենք կարող գնալ, քանի որ թոռս առողջական խնդիրներ ունի, ամեն ամիս դեղորայքի համար 100 000 դրամից ավելի է անհրաժեշտ, միայն արտերկրում աշխատելու դեպքում տղաս կկարողանա այդ գումարը վաստակել»,- ասում է մեր զրուցակիցը:

Նոր պատվերների ներգրավման համար տիկին Սոնյան պաշտոնական նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ առաջարկելով զինվորական համազգեստների մի մասի պատվերն ուղղել Բերքաբերի իրենց արտադրամասին:

«Գիտեմ, որ այդ համազգեստները կարվում են մրցույթով ընտրված կազմակերպության կողմից, բայց առաջարկել ու խնդրել եմ, որ, որպես սահմանամերձ-սահմանապահ համայնքի փոքր ու սկսնակ բիզնեսի աջակցություն, որոշ ծավալի պատվեր էլ մեզ տրվի»,- ասում է նա:

Նամակից բացի՝ «Նանսոն»-ի անունից տիկին Սոնյան նախարարին է ուղարկել հատուկ նրա համար կարված զինվորական բաճկոնակը (ժիլետ):

«ԱՐՓԱ» հիմնարկի նախագահ Հակոբ Փանոսյանը նշում է, որ Սփյուռք-Հայաստան փոխհարաբերությունների զարգացմանն ուղղված՝ պետք է կատարել այնպիսի աշխատանքներ եւ ներդրումներ, որոնք իսկապես կնպաստեն ՀՀ տնտեսական, գյուղատնտեսական, արդյունաբերական եւ այլ բնագավառների առաջընթացին։ Այս ծրագրին աջակցելով՝ «ԱՐՓԱ» հիմնարկը նպատակ ունի իր նպաստը բերել ժողովրդի բարեկեցությանը, կյանքի որակի բարելավմանը։

«Մենք հավատում ենք, որ նույնիսկ այս փոքր ծրագիրն իր բարերար ազդեցությունը կունենա սահմանամերձ շրջանների բնակիչների ինքնաբավության եւ բարեկեցության վրա»,- ամփոփում է Հակոբ Փանոսյանը:

Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները տրամադրել են «Սահման» ՀԿ-ն եւ «Նանսոն» ընկերությունը
Դիտում՝ 41978
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo