«Կառուցիր Հայաստան» հիմնադրամը սկսում է գործունեությունը

31.07.2018 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կառուցիր Հայաստան»
Համաշխարհային բիզնես միջավայրում նշանակալի դերակատարում ունեցող հայտնի հայ գործարարների «Կառուցիր Հայաստան» նախաձեռնության շրջանակում ստեղծվել է «Կառուցիր Հայաստան» հիմնադրամը:

Նորաստեղծ կառույցի հիմնադիրներն են շվեյցարահայ հայտնի գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի սեփականատեր Վարդան Սըրմաքեշը եւ «Եռանավ» ընկերության հիմնադիր տնօրեն Սեւակ Արծրունին:


Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է Վարդան Սըրմաքեշը, խորհրդի անդամներն են Սեւակ Արծրունին եւ իրավաբան Հայկ Հովհաննիսյանը։

Հիմնադրամի նպատակն է՝ սահմանել բիզնես հայրենադարձության հայեցակարգային ուղղությունները, մշակել կարճաժամկետ/երկարաժամկետ ռազմավարություն, ապա համապատասխան ծրագրերի ու նախագծերի իրականացմամբ հետամուտ լինել դրանց իրագործմանը:

«Կառուցիր Հայաստան»-ի առաքելությունն է հայրենիքի ճանապարհը բռնած հային զինել անհրաժեշտ տեղեկատվությամբ, ներգրավել հիմնադրամի միջոցով Հայաստանում իրականացվող բիզնես ծրագրերում, ապահովել համապատասխան խորհրդատվությամբ` իրավաբանական, սոցիալական, տնտեսական, առողջապահական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում:

Հիմնադրամի տեղեկատվական հարթակն այժմ պատրաստման փուլում է: Շուտով այն հասանելի կլինի հայերեն ու անգլերեն տարբերակներով։


«Կառուցիր Հայաստան»-ը նախագիծ է, որը նպատակ ունի ապահովել հայրենադարձությունը խթանող ներդրումների հոսք դեպի Հայաստան, ստեղծել սոցիալ-տնտեսական նպաստավոր միջավայր, որը համապատասխան ենթակառուցվածքների հիման վրա ի վիճակի կլինի ընդունել հայրենադարձության ինքնահոս ալիքը:
Դիտում՝ 15602

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW