«Կառուցի՛ր Հայաստան» նախաձեռնությունը կնպաստի հայրենադարձությանը

12.07.2018 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կառուցի՛ր Հայաստան» #Build Armenia
Հայտնի հայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է ներդրողների խումբ, որն այսօր հայտարարել է «Կառուցի՛ր Հայաստան»/«Build Armenia» նախագծի մեկնարկի մասին:

Նախագծի նպատակն է ապահովել հայրենադարձությունը խթանող լայնածավալ ներդրումների հոսք դեպի Հայաստան, ստեղծել սոցիալ-տնտեսական նպաստավոր միջավայր, որը համապատասխան ենթակառուցվածքների հիման վրա ի վիճակի կլինի ընդունել հայրենադարձության ինքնահոս ալիքը:

Նախագծի մեկնարկն ազդարարվել է ներդրողների խմբի կոչով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Նկատի ունենալով, որ.

    - համաշխարհայնացման ագրեսիվ միտումները եւ հայրենամերձ տարածքներից, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքի ավանդական համայնքներից հայության արտագաղթն օրախնդիր են դարձնում հայկական ներուժի համախմբումը,
 
    - ՀՀ-ն՝ որպես համայն հայության հայրենիք, ունի ծանրակշիռ պատասխանատվություն յուրաքանչյուր հայի ինքնության պահպանման, բարեկեցության, անվտանգության եւ զարգացման գործում,
 
    - Սփյուռքում շարունակվող ուծացումը սպառնում է ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը,
 
    - զարգացման երկարաժամկետ եւ համակարգված տեսլական չունեցող հայ ժողովուրդը շարունակում է ապրել ու ստեղծագործել աշխարհի տարբեր անկյուններում՝ իր ամբողջական ներուժը չօգտագործելով միասնաբար,
 
    - ՀՀ-ն անկախության հռչակման առաջին իսկ օրվանից գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հորիզոնական շրջափակման մեջ` կրելով այդ երկրների թշնամական, ռազմատենչ հռետորաբանության հետեւանքները,
 
    -  1991-ից ի վեր ՀՀ-ից տեղի է ունենում ուղեղների եւ որակյալ մարդկային ներուժի անկառավարելի արտահոսք՝ խաթարելով երկրի անվտանգությունը,
 
    - հայությունը Սփյուռքում ձեւավորել է տնտեսական կապիտալ, որը համախմբված չէ եւ չի ծառայում խոշորամասշտաբ միասնական ծրագրերի իրականացմանը,

    - ՀՀ-ում ձեւավորվում է համապատասխան միջավայր՝ ինքնահոս հայրենադարձության ալիքն «ընդունելու» եւ այն առավել համակարգված դարձնելու համար,
 
    - Սփյուռքում հասունացել է Հայաստանը համահայկական նախագծերի կենտրոնի վերածելու վաղեմի գաղափարը,

ապա եզրակացնելով, որ.
 
    -  հայրենադարձության որոշում կայացնողը սփյուռքահայն է, ով ուզում է մասնակցել սեփական երկրի կառուցման գործին, պատասխանատվություն կրել այդ երկրի ճակատագրի համար, ինչպես նաեւ ավելի բարեկեցիկ, ապահով ու երջանիկ կյանք ապահովել իր եւ իր ընտանիքի համար,
 
    - ՀՀ-ն պետք է կարողանա ստեղծել սոցիալ-տնտեսական համակարգված միջավայր, որը դեպի իրեն կձգի այդ սփյուռքահային՝ իր կապիտալով ու գիտելիքներով հանդերձ,
 
    - ՀՀ-ում համապատասխան ենթակառուցվածքները պետք է ծառայեն ինքնահոս հայրենադարձության համակարգված կազմակերպմանը, ընդ որում՝ ՀՀ ցանկացած վարչակազմ կարող է միմիայն աջակցել սփյուռքահայության ժողովրդագրական, տնտեսական եւ մասնագիտական ներուժի հայրենադարձությանը,

հայտարարում ենք.

    - մենք՝ ներքոստորագրյալներս, «Կառուցի՛ր Հայաստան» նախագծի մեկնարկով հանդես ենք գալիս ֆինանսական ու աշխարհագրական ծավալով աննախադեպ նախաձեռնությամբ, որը կապահովի հայրենադարձությունը խթանող ներդրումների լայնածավալ հոսք՝ դեպի Հայաստան:

Միաժամանակ կոչ ենք անում աշխարհասփյուռ հայ գործարար շրջանակի մեր գործընկերներին միանալ նախաձեռնությանը՝ այդպիսով անմիջականորեն մասնակցելով նախագծի իրականացմանը:
 
Նախագծի շուրջ համախմբված գործարարների առաջին համաժողովը տեղի կունենա 2019թ. առաջին եռամսյակում Ֆրանսիայում»:

Կոչը ստորագրել են՝
 
Վարտան Սիրմակեսը (Վարդան Սըրմաքեշ, Vartan Sirmakes, Switzerland)
Արդեն Սելլեֆյանը (Արտեն Սելեֆյան, Arden Sellefyan, Switzerland)
Հայկ Հովհաննիսյանը (Hayk Hovhannisyan, Switzerland)
Վարտկես Կնաջյանը (Վարդգես Քնաճյան, Vartkess Knadjian, Belgium)
Հարութ Միսիրեանը (Հարութ Միսիրյան, Harout Missirian, Lebanon)
Աբրահամ Օդեմիսը (Abraham Odemis, France)
Հրաչ Կապրիելյանը (Հրաչ Գաբրիելյան, Hratch Kaprielian, USA)
Անուշավան Նազարեանը (Անուշավան Նազարյան, Anushavan Nazarian, Kuwait)
Յարութիւն, Յակոբ, Ռաֆֆի, Շանթ Ստամպուլլի (Հարություն, Հակոբ, Րաֆֆի, Շանթ Ստամբուլլի, Haroutune, Hagop, Raffi & Chant Istanboulli, Italy & United Arab Emirates )
Փաթրիք Արապեանը (Պատրիկ Արաբյան, Patrick Arapian, France)
Ռոյ Արաքելեանը (Ռոյ Առաքելյան, Roy Arakelyan, France)
Սեւակ Արծրունին (Sevak Artsruni, Armenia)։

Առաջիկայում Banks.am-ն ավելի մանրամասն կանդրադառնա «Կառուցի՛ր Հայաստան» նախագծի նպատակներին։
Դիտում՝ 24200
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW