Պետության հետ, բայց ոչ պետության միջոցներով. «Կառուցի՛ր Հայաստան»-ի տեսլականը

14.07.2018 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Կառուցի՛ր Հայաստան #Սեւակ Արծրունի
Banks.am-ի բացառիկ հարցազրույցը գործարար, «Կառուցի՛ր Հայաստան» նախագծի համահեղինակ, «Եռանավ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Սեւակ Արծրունու հետ

- Օրերս հրապարակվեց մի փաստաթուղթ, որով կոչ եք անում աշխարհասփյուռ հայ գործարարներին միանալ «Կառուցի՛ր Հայաստան» նախագծին: Խնդրում եմ բացել փակագծերը:

- Նախագիծը՝ իր տարողությամբ, գաղափարական առանցքով, հայեցակարգային հստակությամբ ու գործնական կիրառելիությամբ աննախադեպ է հայ իրականության մեջ: Սա «ճանապարհային քարտեզ» է, հիմքում՝ այն մոտեցումը, որ աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայ պետք է մասնակցի Հայրենիքի՝ առայժմ Արեւելյան հատվածի կառուցմանը՝ իր գործունեության համար ակնկալելով բարենպաստ միջավայր: Այս նախագծով աշխարհասփյուռ գործարար հայությանը հրավիրում ենք Հայաստան՝ ներդրումներ կատարելու՝ այդպիսով նպաստելով հայրենադարձությանը: Համաշխարհային տնտեսական ու աշխարհաքաղաքական զարգացումները մեզ երկընտրանքի առջեւ են կանգնեցրել՝ կամ արձանագրել ժողովրդագրական ու տնտեսական կայուն աճ, կամ մնալ լուսանցքում՝ դառնալով «բանանային» երկիր: Կենտրոնացված համահայկական ներուժն ի զորու է չեզոքացնել այդ սպառնալիքը: Այս նախագծով տալիս ենք հաշվարկված, շահութաբեր հայրենադարձության մեկնարկը:

Սեւակ Արծրունին

- Ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած նախաձեռնության ակունքներում եւ ո՞ւմ նախաձեռնությամբ այն ստացավ համահայկական նախագծի տեսք: Ովքե՞ր կարող են միանալ նախաձեռնող խմբին:

- Նախաձեռնության ակունքներում գործարարներ ու իրավաբաններ են, որոնք նախագծին միանալու կոչով դիմել են հայ գործարար աշխարհին: Խմբի առաջամարտիկը շվեյցարահայ գործարար Վարդան Սըրմաքեշն է, որի ներդրումները տասնամյակներ շարունակ էական շարժ են ապահովել Հայաստանում: Նախագիծը բաց է բոլոր ցանկացողների համար: Խումբը բաց ու թափանցիկ է աշխատում, ծրագրերն ունեն պրոֆեսիոնալ հիմքեր, անցնում են համահայկական ու միջազգային փորձաքննություն, հեռանկարային են, երկարաժամկետ, շոշափելի ու, ամենակարեւորը՝ շահութաբեր:

- Նկարագրեք, խնդրում եմ, ձեր առաջիկա քայլերը: Գործնական առումով ի՞նչ պետք է սպասել նախաձեռնությունից:

- Աշնանը Երեւանում կհայտարարենք նախագծի պաշտոնական մեկնարկը: 2019-ի առաջին եռամսյակում Փարիզում կկազմակերպենք հայ գործարարների համաժողով, որի ընթացքում էլ կներկայացնենք մեր՝ իրապես նախադեպը չունեցող տնտեսական ծրագրերը: Այժմ մասնագետների հետ մշակում ենք նախագծի հայեցակարգային ուղղությունները, որոնք կհրապարակենք մի քանի ամսից։  

Սեւակ Արծրունին

- Մի՞թե հենց համապատասխան տնտեսական միջավայրն է պակասում Հայաստանին, որպեսզի սփյուռքահայը որոշի հաստատվել հայրենիքում:

- Շատ բան է պակասում, բայց... հայրենասիրական երգերով ու բաժակաճառերով «հայրենադարձվելու» ժամանակներն անցել են: Ուծացման վտանգը դամոկլյան թրի պես սփյուռքահայերի գլխավերեւում է, եւ դա գիտակցելով՝ նրանք ցանկանում են իրենց տարիների կուտակած հեղինակությունն ու եկամուտները «ապահովագրել»: Իսկ երաշխավորողը կարող է լինել միմիայն ՀՀ-ն: Հայրենադարձին Հայաստանում չպետք է սպասի աղքատությունը: Երկիրը պետք է տնտեսապես հրապուրիչ լինի:


- Հայաստանի իշխանությունները մեծ հույսեր էին կապում երկքաղաքացիության իրավունքի հետ՝ ակնկալելով, որ այն կխթանի երկրի տնտեսության զարգացումը: Ինչո՞ւ դա տեղի չունեցավ:

- Եթե այդքան ժամանակ ու ռեսուրս ծախսելու փոխարեն պետությունն օրենք ընդուներ հայրենադարձության մասին, այսօր այլ պատկեր կունենայինք: Մենք՝ հայերս ունենք տնտեսական ու ժողովրդագրական ահռելի ներուժ եւ դրանով կարող ենք Հայաստանը դարձնել համաշխարհային նշանակության տնտեսական ազդեցիկ խաչմերուկ: Հենց այս գաղափարն է միավորում «Կառուցիր Հայաստան» նախագծի հիմքում կանգնած գործարարներին, որոնք նպաստելու են հայրենադարձության անհատական եւ համայնքային ծրագրերի իրականացմանը:

- Յուրաքանչյուր նախագիծ պետք է ունենա «կանչող» գաղափարական առանցք: Ո՞րն է «Կառուցի՛ր Հայաստան» նախագծինը:

- Եթե հայրենադարձվողին չտաս տնտեսական ու անվտանգության երաշխիքներ, նա չի թողնի իր հարմարավետ բնակավայրն ու տեղափոխվի Հայաստան: «Ուռա՜, հայրենիք» կանչողները ձախողեցին, որովհետեւ հայրենադարձության իրենց «կապիտալը» սփյուռքահայի՝ բացառապես զգացական ու հուզական ընկալումների վրա ազդելու ռեսուրսն էր: «Կառուցիր Հայաստան» նախագիծն ունի գաղափարական ու ռազմավարական երկու կարեւորագույն սկզբունք՝ առաջին՝ Հայաստանը բոլոր նրանց հայրենիքն է, ովքեր ցանկանում են մասնակցել դրա կառուցմանը, եւ  երկրորդ՝ Հայաստանը ցանկացած ներդրողի համար կարող է դառնալ ապահով ու հրապուրիչ:

Սեւակ Արծրունին

- Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, թե Հայաստանը բոլոր նրանց հայրենիքն է, ովքեր ցանկանում են մասնակցել դրա կառուցմանը:

- Պաշտոնական Երեւանը չէ, որ պետք է կազմակերպի հայության ամբողջական ներուժի հայրենադարձությունը. այդ գործին պետք է լծվեն Սփյուռքի համախմբված համայնքները, անհատ գործարարներն ու միավորումները: ՀՀ-ն պետք է դրսեւորի ճկուն մասնակցություն՝ չփորձելով վերահսկել Սփյուռքի տնտեսական միջոցները, պատրաստելով օրենսդրական այնպիսի հիմք, որը հնարավորություն կտա հայրենադարձվողին չմտածել այստեղից հեռանալու մասին:

- Շատերը չեն կիսում այն կարծիքը, թե «Հայաստանը ցանկացած ներդրողի համար կարող է դառնալ հրապուրիչ»: Նրանք համոզված են, որ Հայաստան կարելի է այցելել միայն զբոսաշրջիկի կարգավիճակով, քանի որ կենսապայմանները գոհացնող չեն:  

- Մեր ինքնության երեք հիմնական բաղադրատարրերի՝ հավաքական հիշողության, լեզվի ու մշակույթի կողքին պետք է հավերժացնենք ծաղկուն, բարեկեցիկ ու զարգացած պետության հրամայականը: Հայաստանը, ի տարբերություն նույնիսկ զարգացած երկրների, ունի կենցաղի ու աշխատանքի համար հրաշալի պայմաններ: Անգամ օրենքներն են ճկուն: Եթե պետությունն ապացուցի, որ տնտեսական, առողջապահական, իրավական ու կրթական ոլորտներում հայրենադարձվողը կունենա զարգացման հեռանկար, հավատացնում եմ՝ նա կհայրենադարձվի: Հայերն ավանդապաշտ են, մեր հասարակարգն էլ՝ ազատական՝ հիմնված «ընտանիք» բջիջի վրա: Այս երկու իրողությունները կարող են ակտիվացնել տնտեսությունն ու շուկան, բարենպաստ պայմաններ ստեղծել ցանկացած ներդրման համար: Բոլորս պետք է աշխարհին ցույց տանք, որ հայրենադարձությունն էլ ունի «հաջողված պատմությունների» անվերջանալի շարք, եւ որ հնարավոր է բիզնես-հայրենադարձություն կազմակերպել: Սա մեր համոզմունքն է, եւ հաստատապես իրականացնելու ենք:

Սեւակ Արծրունու հետ զրուցել է Դավիթ Ալավերդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 32360
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW