ՌԴ ԿԲ-ի քննադատ Օլեգ Դերիպասկան հայտնվել է ԵՄ-ի պատժամիջոցների ցանկում

09.04.2022 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Օլեգ Դերիպասկա #պատժամիջոցներ
Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ նախօրեին սահմանված պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակում անհատական սահմանափակումների տակ է հայտնվել ավելի քան 200 մարդ։

Մասնավորապես, սահմանափակումներ են կիրառվել միլիարդատերեր Օլեգ Դերիպասկայի, Բորիս Ռոտենբերգի, «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆի, Ozon առցանց խանութի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Շուլգինի, «Комсомольская правда»-ի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինի, ВГТРК-ի գլխավոր տնօրեն Օլեգ Դոբրոդեեւի, ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովի եւ այլոց նկատմամբ:

Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաեւ Եկատերինա Տիխոնովան եւ Մարիա Վորոնցովան, որոնց ԵՄ-ն ներառել է ցուցակում՝ «նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրեր» ձեւակերպմամբ։

Բացի այդ, ԵՄ-ն արգելափակող պատժամիջոցներ է սահմանել ՎՏԲ-ի, «Открытие» բանկի, «Նովիկոմբանկ»-ի եւ «Սովկոմբանկի»-ի դեմ։ Այս բոլոր բանկերը փետրվարից արդեն գտնվում են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակներում, ինչպես նաեւ անջատված են SWIFT ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգից։

***
Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ Օլեգ Դերիպասկան նախօրեին հայտարարել է, որ Ռուսաստանում հաջող տնտեսություն կառուցելու համար կարող է պահանջվել մինչեւ 10 տարի:

Միլիարդատերը կարծում է, որ 4-5 տարում անհրաժեշտ է գտնել «նոր շուկաներ» եւ զարգացնել արտահանումը։ «Կարեւորը հակամարտություններին վերջ տալն է եւ ունենալ ելակետ, 10 տարի հետո մենք կարող ենք հաջող տնտեսություն կառուցել, ինչպես 2007 թվականին»,- ասել է Դերիպասկան։ Բացի այդ, անհրաժեշտ է վերադառնալ շուկայական հարաբերություններին եւ հրաժարվել պետական կապիտալիզմից, կարծում է գործարարը։

Նա նաեւ ընդգծել է, որ արտահանման ուղիների մեծ մասը փակվելու է, եւ առաջիկա 18 ամիսների ընթացքում «մեծ հաջողություն» կլինի պահպանել արտահանման 80%-ը, որը եղել է 2021 թվականին։ Անհրաժեշտ է օգնել Ասիա, Վիետնամ, Մալայզիա, Ինդոնեզիա, Թաիլանդ, Չինաստան, Հնդկաստան, Մերձավոր Արեւելք, Հյուսիսային, Արեւմտյան, Հարավային Աֆրիկա եւ Լատինական Ամերիկա ապրանքների մատակարարողներին, կարծում է Դերիպասկան։ «Մենք պետք է ստեղծենք ազատ տնտեսական գոտիներ, շատերին զարգացման նոր սկիզբ տանք»,- եզրափակել է Դերիպասկան:



Մեկ տարի առաջ Օլեգ Դերիպասկայի ներկայացուցիչը հայտնել էր, որ գործարարը  նախատեսում է Ստոլիպինի անվան «Աճի տնտեսության ինստիտուտ»-ի հիման վրա ստեղծել «ուղեղային կենտրոն»՝ Ռուսաստանի տնտեսական եւ դրամավարկային քաղաքականությունը շտկող առաջարկներ մշակելու համար:

Նա նշել էր, որ Դերիպասկան Ռուսաստանի բանկի եւ բարձր տոկոսադրույքների քաղաքականության հետեւողական քննադատ է եւ ակնկալում է ազդել իրավիճակի վրա` ներգրավելով գիտնականների լայն շրջանակ` տնտեսական իրավիճակը վերլուծելու եւ առաջարկներ մշակելու համար:
Դիտում՝ 4790
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW