Օֆելյա Աղաքարյան. Ֆինանսների ապագան այնտեղ է, ուր տեխնոլոգիաները գերազանցում են հաճախորդի ակնկալիքները

20.03.2025 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Օֆելյա Աղաքարյան #Apricot Capital DIFC Limited #Doing Digital
Արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման միջոցով տվյալների աննախադեպ արագ վերլուծությունը եւ ֆինանսական տեխնոլոգիաների շնորհիվ ավելի մեծ թվով մարդկանց համար ֆինանսական ծառայությունների հասանելիության ապահովումը մեծապես փոխում են ֆինանսական ծառայությունների ոլորտը։ Առաջատար ընկերությունները նոր տեխնոլոգիաները դիտարկում են որպես գործիք՝ ուղղված իրենց հաճախորդների համար արժեք ստեղծելու գործընթացի օպտիմալացմանը։

Երեւանում ապրիլի 3-ին կայանալիք Doing Digital ֆորումին ընդառաջ այս ու նմանատիպ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Դուբայում Apricot Capital DIFC Limited ընկերության ավագ գործադիր տնօրեն Օֆելյա Աղաքարյանի հետ։

- Տիկին Աղաքարյան, Դուք ունեք 17-ամյա կարիերայի տպավորիչ ուղի Հայաստանում, Կանադայում եւ Մերձավոր Արեւելքում ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածում։ Որո՞նք են Ձեր գործունեության շրջադարձային պահերը, որ նպաստել են նման մասնագիտական փորձի ձեւավորմանը։

- Դժվար է առանձնացնել կոնկրետ շրջադարձային պահ, քանի որ իմ 17 տարվա կարիերան ձեւավորվել է աշխարհի տարբեր ծայրերում եւ ոլորտներում ձեռք բերած փորձի շնորհիվ։ Եթե պետք է առանձնացնեմ, ապա կսկսեմ Հայաստանի Կենտրոնական բանկում իմ աշխատանքից, որը դարձավ մի «դպրոց», որտեղ ես ձեռք բերեցի արժեքավոր փորձ զարգացող շուկաներում կարգավորման եւ քաղաքականության մշակման ոլորտում։

Կանադայի մասնավոր հատված անցնելը նշանավորեց իմ անցումը տեղականից դեպի միջազգային աշխատաշուկա՝ ընդլայնելով իմ աշխարհայացքը։ Ավելի ուշ Միջին Արեւելքում աշխատանքն ինձ սովորեցրեց հմտորեն գործել արագ փոփոխվող եւ բազմատարր միջավայրում ու հաշվի առնել մշակութային առանձնահատկությունները։

Յուրաքանչյուր անցում՝ թե՛ աշխարհագրական, թե՛ ոլորտային, զարգացրեց նորարարությունն ու կայունությունը համակցելու իմ կարողությունը։ Apricot Capital DIFC Limited-ին միանալն ինձ համար դարձավ կարիերայի կարեւոր կետ՝ թույլ տալով համադրել տարիների ընթացքում քաղած այս դասերն ի նպաստ Դուբայի Միջազգային Ֆինանսական Կենտրոնում՝ DIFC-ում, մեր ընկերության որպես առաջատար ներդրումային կազմակերպություն դիրքավորմանը։ Այս փորձառություններն ինձ սովորեցրել են, որ տոկունությունը, մշակութային ըմբռնումն ու շարունակական կրթությունը կարեւորագույն գործոններն են մեր օրերում առաջնորդ լինելու համար։

- Ֆինանսական ծառայությունների ոլորտը թվային փոխակերպումների շնորհիվ շատ արագ զարգանում է։ Որո՞նք ենք այն նշանակալի փոփոխությունները, որ կազդեն ապագայում ֆինանսական ծառայությունների վրա։

- Տեխնոլոգիաներն, իսկապես, աննախադեպ արագությամբ փոխում են ֆինանսների ոլորտը։ Կարող եմ առանձնացնել երկու հիմնական փոփոխություն՝ արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման միջոցով տվյալների աննախադեպ արագ վերլուծությունը եւ ֆինանսական տեխնոլոգիաների շնորհիվ ավելի մեծ թվով մարդկանց համար ֆինանսական ծառայությունների հասանելիության ապահովումը։

Ոչ վաղ անցյալում բրոքերային հաշիվ բացելու կամ պատվեր տեղադրելու համար անհրաժեշտ էր այցելել բրոքերի գրասենյակ, իսկ այսօր ցանկացած մարդ, ով ունի սմարթֆոն եւ ինտերնետ, կարող է իրական ժամանակում մուտք ունենալ դեպի ֆինանսական շուկաներ։ Այս փոփոխությունները միայն տեխնոլոգիական չեն. դրանք նաեւ մշակութային են։ Հաճախորդներն այժմ ակնկալում են, որ ֆինանսական հաստատություններն իրենց հնարավորություն տան հեռավար դիտել եւ կառավարել իրենց պորտֆելները։ Apricot Capital-ում մենք հետեւում ենք այս զարգացումներին՝ ապահովելով, որ մեր ծառայությունները համապատասխանեն ժամանակակից պահանջներին եւ լինեն հարմարավետ ու արդյունավետ:

Իմ կարծիքով՝ ֆինանսների ապագան նրանում է, որ մենք՝ ֆինանսական ոլորտի ընկերություններս, համապատասխանենք եւ գերազանցենք այդ սպասելիքները եւ տեխնոլոգիաների կիրառմամբ բարելավենք հաճախորդների փորձառությունը։

- Apricot Capital-ը դիրքավորում է իրեն որպես խելացի ներդրողների նախընտրելի հարթակ։ Ի՞նչ եք կարծում, նորաստեղծ տեխնոլոգիաներն ինչպես ներդրումային որոշումներն առավել խելացի ու հասանելի կդարձնեն։

- Apricot Capital-ը Հայաստանում, Դուբայում եւ Հոնկոնգում առաջատար ներդրումային ընկերությունների էկոհամակարգ է։ Մեզ համար նոր տեխնոլոգիաները գործիքներ են, որոնք օգնում են օպտիմալացնել մեր հաճախորդների համար արժեք ստեղծելու գործընթացը։ Մեր բիզնեսում նոր տեխնոլոգիաների ինտեգրման միջոցով մենք ներդրողների համար ապահովում ենք ուղղակի հասանելիություն ներդրումային հարթակներին եւ իրական ժամանակում պորտֆելի կատարողականին, ինչը նրանց հնարավորություն է տալիս կայացնել ավելի տեղեկացված որոշումներ։

- Ֆինանսական աշխարհը գնալով ավելի թվային է դառնում, եւ կիբեռանվտանգության սպառնալիքներն ու ոլորտի կարգավորման մարտահրավերներն ավելի բարդանում են։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարող են ֆինանսական ինստիտուտներն ու ներդրողներն այս ռիսկերից խուսափել։

- Թվայնացումը բերում է հարմարավետություն եւ հնարավորություններ, բայց նաեւ ռիսկեր է պարունակում: Իմ փորձից կարող եմ ասել, որ նախաձեռնող, համապարփակ մոտեցումն առանցքային դեր է խաղում դրանք մեղմելու համար: Կիբեռանվտանգության կանոնավոր աուդիտները եւ այնպիսի ստանդարտների պահպանումը, ինչպիսիք են ISO/IEC 27001-ը դառնում են ոլորտի նորմեր։ Նույնքան կարեւոր է անձնակազմի եւ հաճախորդների շրջանում զգոնության մշակույթի ձեւավորումը՝ ֆիշինգից կամ խարդախություններից պաշտպանված մնալու համար:

Ներդրողների համար կարեւոր է իրազեկվածությունը. տվյալների արտահոսքի նման ռիսկերը հասկանալը հնարավորություն է տալիս ավելի անվտանգ որոշումներ կայացնել: Լիցենզավորված ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը նույնպես բարձրացնում է տվյալների եւ ակտիվների անվտանգությունը։ Apricot Capital-ում մենք հետեւում ենք ոլորտի լավագույն փորձին, որպեսզի պաշտպանենք մեր բիզնեսը եւ հաճախորդներին, պահպանենք նրանց տվյալների անվտանգությունը եւ արդյունավետ մեղմենք ռիսկերը: Ռիսկերի կառավարումը պահանջում է խիստ ստանդարտների պահպանում, շարունակական իրազեկում եւ վստահելի գործընկերություններ:
 
-Ի՞նչ կարող ենք ակնկալել Doing Digital ֆորումին Ձեր ելույթից։ Ինչո՞ւ է կարեւոր ոլորտի մասնագետների համար այս միջոցառմանը մասնակցությունը։

- Շատ բան չեմ բացահայտի, բայց կարող եմ ասել, որ ապրիլի 3-ին Doing Digital ֆորումի ժամանակ կմիանամ ոլորտի առաջատար մասնագետներին՝ քննարկելու, թե ինչպես է թվային փոխակերպումը վերափոխում ֆինանսները: Այս տարվա ֆորումի «Ապագայի փողը» ակտուալ թեմայի շուրջ սպասվում են հետաքրքիր եւ մտորելու տեղիք տվող քննարկումներ: Մի աշխարհում, որտեղ թվայինի ինտեգրումն անխուսափելի է, այս միջոցառումը հնարավորություն է տալիս լսել մտքի առաջնորդների եւ փորձագետների գաղափարներ, որոնք շուտով կդառնան մեր ներկայի մաս։ Այսօրվա շատ արագ փոփոխվող միջավայրում անհրաժեշտ է մնալ իրազեկված, եւ DDF-ի նման ֆորումներն առաջարկում են հարթակ՝ սովորելու, մտածելու եւ ճիշտ հարցեր տալու համար։ Անհամբեր սպասում եմ միջոցառմանն ու սպասվող քննարկումներին։

2023 թվականին իր մեկնարկից ի վեր Doing Digital Forum-ը համախմբել է ավելի քան 40 նշանավոր խոսնակի եւ ավելի քան 2000 մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից եւ ԱՊՀ երկրներից։ Այս տարի ֆորումը կանցկացվի երրորդ անգամ ու կկրի «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագիրը։

Doing Digital Forum-ի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է: Արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Fastex-ը Բլոկչեյն գործընկերն է։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է։
Դիտում՝ 3545
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW