Ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկան նախատեսում է Ստոլիպինի անվան Աճի տնտեսության ինստիտուտի հիման վրա ստեղծել «ուղեղային կենտրոն»՝ Ռուսաստանի տնտեսական եւ դրամավարկային քաղաքականությունը շտկող առաջարկներ մշակելու համար:Այս մասին «Վեդոմոստի»-ին տեղեկացրել է գործարարի ներկայացուցիչը։ Նա նշել է, որ Դերիպասկան Ռուսաստանի բանկի եւ բարձր տոկոսադրույքների քաղաքականության հետեւողական քննադատ է եւ ակնկալում է ազդել իրավիճակի վրա` ներգրավելով գիտնականների լայն շրջանակ` վերլուծելու տնտեսական իրավիճակը եւ առաջարկներ մշակելու համար: «Մենք ակնկալում ենք սկսել աշխատանքն արդեն այս տարի: Ներգրավելու ենք ինչպես ռուսաստանյան, այնպես էլ արտասահմանյան տնտեսագետների, դրամաշնորհներ ենք հատկացնելու հետազոտությունների համար: Այս աշխատանքի արդյունքները կուղարկվեն պրոֆիլային գերատեսչություններ՝ գնահատելու եւ որոշումներ կայացնելու համար»,- ասել է գործարարի ներկայացուցիչը: Նա նշել է, որ գիտնական տնտեսագետներին աջակցելու ծրագրի առաջին փուլը նախատեսված է 3 տարվա համար:Ավելի վաղ «Վեդոմոստի»-ի համար գրած հոդվածում Դերիպասկան Կենտրոնական բանկի դիրքորոշումն անվանել էր Ռուսաստանի տնտեսական աճի ճանապարհին հիմնական խնդիրը: Նա ընդգծել էր, որ կարգավորիչը «դեմոնստրատիվ կերպով շրջվեց» պետության ՀՆԱ-ի ավելացման թեմայից, մինչդեռ կառավարության հետ միասին այն պետք է իրականացնի ծրագիր՝ ցուցանիշը 300 տրիլիոն ռուբլու հասցնելու համար:Օրերս Օլեգ Դերիպասկան ստանձնեց Ստոլիպինի անվան Աճի տնտեսության ինստիտուտի դիտորդ խորհրդի ղեկավարի պաշտոնը: Ելույթ ունենալով նոր դերում՝ Դերիպասկան ընդգծեց, որ «առաջիկա 10-12 տարիների համար երկիրն ունի աճի բարձր տեմպերի բոլոր նախադրյալները` պարտքի ցածր մակարդակ, արհեստավարժ կառավարություն, ուժեղ փորձագիտական համայնք եւ համախմբված հասարակություն, որը հոգնել է համավարակից եւ ուզում է զարգանալ»: Tweet Դիտում՝ 1995