Ամերիաբանկը գործարկել է MyAmeria Star բանկային նոր հավելվածը՝ նախատեսված 6-ից 18 տարեկանների համար։ MyAmeria Star-ն անվտանգ եւ հարմարավետ բանկային լուծում է երեխաների եւ դեռահասների համար՝ ծնողական ամբողջական վերահսկողության հնարավորությամբ։Բանկից հայտնել են, որ հավելվածը հնարավորություն է տալիս ունենալ բանկային թվային քարտ՝ Visa Star, ստանալ գումար այդ քարտին, կատարել վճարումներ, կանխիկացնել գումար բանկոմատից, լիցքավորել հեռախոսահամարը, իսկ 13 տարեկանից մեծ հաճախորդները նաեւ կարող են կցել իրենց քարտն Apple Pay եւ Google Pay դրամապանակներին։ Երեխան իր հեռախոսահամարին SMS-ով ստանում է բանկային քարտի անվտանգության կոդը (CVV), որի օգնությամբ կարող է քարտով նաեւ օնլայն վճարումներ կատարել։ Հավելվածում ներառված է նաեւ QR վճարման գործառույթ՝ գործընկերների կողմից հատուկ առաջարկներով եւ զեղչերով գնումներ կատարելու համար։ Նշվում է, որ գործում է գործարքների օրական սահմանաչափ՝ 20 000 ՀՀ դրամի չափով: Գրանցման ընթացքը թեեւ պարզ է, սակայն պահանջում է ծնողի անմիջական ներգրավվածություն: Գրանցման մանրամասները՝ այստեղ։ Ծնողը կարող է իր MyAmeria հավելվածի միջոցով հետեւել երեխայի ծախսերի պատմությանն ու ստանալ քաղվածք, բլոկավորել կամ վերաթողարկել երեխայի Visa Star քարտը։MyAmeria Star-ը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում։ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 7566