Կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված՝ տարբեր փորձագետներ իրենց կարծիքներն ու կանխատեսումներն են ներկայացնում, թե ի հայտ եկող խաղի նոր կանոններն ինչ ազդեցություն կունենան բիզնեսի վրա: Banks.am-ի լրահոսից առանձնացրել ենք հնչած տեսակետները, որոնք հակիրճ ձեւաչափով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Սոցիալական ձեռներեց Ռուբեն ՎարդանյանԿարանտինի հետ կապված, ամենայն հավանականությամբ, մենք պետք է նկատի ունենանք 3-5, առավելագույնը՝ 9 ամիս։Իսկ այսօր գործարարների առջեւ չորս մարտահրավեր է ծառացած. ինչպես գոյատեւել կարանտինի ժամանակ, ինչպես բիզնեսին վերապրել ճգնաժամը, ինչպես ապրել երկարատեւ ռեցեսիայի պայմաններում, ինչպես ապրել նոր իրականությունում, երբ օնլայնը շատանում է, իսկ օֆլայնը՝ պակասում։ Օնլայնում հանկարծ պարզվեց, որ հարաբերությունները քեզ հետ, մարդկանց հետ՝ գոյատեւման էլեմենտ է։ Ճգնաժամի ընթացքում գործարարներին շատ կարեւոր է թեւաթափ չլինել եւ շարունակել աշխատել, այլ ոչ թե անժամկետ ընդմիջում վերցնել։ Նաեւ շատ կարեւոր է ապահովել մշտական կապը աշխատակիցների հետ։Ռուսաստանի Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի ռեկտոր Յարոսլավ ԿուզմինովՀազարավոր ընկերություններ ամբողջ աշխարհում տեղափոխում են իրենց աշխատակիցներին հեռահար աշխատանքի։ Գրասենյակից դուրս աշխատելու միտումը, որը ակտիվորեն քննարկվում էր վերջին տարիներին, մեկ վայրկյանում իրականություն դարձավ միլիոնավոր աշխատակիցների համար ամբողջ աշխարհով։ Ամենայն հավանականությամբ, այս հարկադրված փորձարկումը հաջողված կլինի, ինչը միանշանակ կբերի աշխատանքի շուկայի վերաձեւավորմանը եւ, հետեւաբար, նոր սոցիալական մարտահրավերների առաջացմանը։ Գլխավորը, ինչին բերում է գրասենյակում գործող աշխատակիցների թվի կրճատումը, ծախսերի տնտեսումն է։ Հնարավոր կլինի նվազեցնել ծախսերը վարձակալության դիմաց, կրճատել սպասարկող անձնակազմը (քարտուղարներ, անվտանգության աշխատակիցներ, վարորդներ), ինչպես նաեւ անցում կատարել ընկերության հիերարխիկ կառուցվածքից դեպի ամպային տիպի կառուցվածք։ Մենք տեսնում ենք բիզնեսի կազմակերպման հեշտացում եւ բավականին լուրջ տնտեսում ներքին կազմակերպչական ծախսերի վրա։ Այնքան կարեւոր չեն աշխատակիցների գրասենյակ գալու ժամանակը, ընդմիջման տեւողությունը եւ դրես կոդը։ Կվերահսկվեն միայն աշխատանքի արդյունքները։ՌԴ նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր ՄաուԱյն, ինչ արդյունավետ աշխատում է օնլայնում, դժվար թե վերադառնա օֆլայն։ Կարծում եմ, խանութների մեծ մասը կգնա օնլայն տիրույթ, քանի որ մոտակա ամիսները ցույց կտան, որ շատ լավ կարելի է գնումներ կատարել առանց խանութներ այցելելու: Ռեստորաններն այլեւս չեն ունենա այսօրվա տեսքը, դրանք «կփլուզվեն», սակայն վերջիններիս փոխարինելու կգան նոր տիպի հաստատություններ, որոնք հաղորդակցման յուրահատուկ ձեւաչափ կունենան։ Մարդիկ միջանձնային շփման կարիք կունենան, բայց այդ շփումը տեղի կունենա այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է, նպատակարհարմար եւ հարմարավետ։Բարձրագույն ուսումնական հաստատությունները եւս կփոխվեն։ Կրթական ծրագրերի զգալի մասը կտեղափոխվի օնլայն տիրույթ, սակայն բուն համալսարանների հետ դա տեղի չի ունենա, քանի որ կրթությունը ոչ միայն գիտելիքների փոխանցում է, ալեւ մեծ մասամբ՝ փորձի փոխանակում։Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում KPMG ընկերության ռազմավարական եւ գործառնական խորհրդատվության խմբի ղեկավար Ելենա ՈւստյուգովաՃգնաժամից դուրս գալուց հետո ընկերությունները կկարողանան գնահատել անձնակազմի եղած կառուցվածքն ու թվաքանակը՝ հաշվի առնելով երկու հարց․- Արդյոք պե՞տք են բոլորը։ Աշխատակցի արտադրողականությունը հեռահար աշխատանքի ռեժիմում ցույց կտա, ով է իրականում արժեք բերում կազմակերպությանը, իսկ ով ընդամենը տեղ զբաղեցնում։ Կարեւոր է չմոռանալ, որ օնլայն աշխատակցի արտադրողականությունը կախված է ոչ միայն իրենից, այլեւ ղեկավարի կողմից խնդրի առաջադրման եւ վերահսկողության որակից։ - Պարտադի՞ր է արդյոք բոլոր աշխատակիցներին վերադարձնել գրասենյակներ, թե՞ հեռահար աշխատանքը պետք է մտցնել ընկերության առօրյա կյանք։ Արդեն այսօր գործատուներն ասում են, որ աշխատակիցների 20–50%-ը կարող է ապագայում պահպանել հեռահար կամ մասամբ հեռահար աշխանքի ռեժիմը։ Կարանտինի ընթացքում ստացված փորձն անհերքելի փաստարկ կդառնա երկարաժամկետ որոշում ընդունելիս։ Ամբողջովին հեռահար աշխատանքն ավելի շատ կիրառելի է այն աշխատակիցների համար, ովքեր զբաղված են տրանզակցիոն գործարքներով կամ անհատական խնդիրներով։ Մնացածի համար առավել բարենպաստ կլինի օֆլայն թիմային համագործակցության եւ հեռահար աշխատանքի համադրությունը։ Իզուր չէր Սթիվ Ջոբսը հավատում խոհանոցում պատահական քննարկումներին, որոնք հնարավորություն են տալիս մտքեր փոխանակել եւ ծնում նորարական գաղափարներ։ Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) առաջատար տնտեսագետ Ռոբերտո ԿրոտիԱյսօրվա դրութամբ աշխարհում ընկերությունների միայն 50%-ն է պատրաստ լայնածավալ հեռահար աշխատանքին։ Մասամբ դա բացատրվում է նրանով, որ որոշ ընկերություններ աշխատում են այնպիսի ոլորտներում, որոնք հնարավոր չէ տեղափոխել թվային տիրույթ, մասամբ էլ դա պայմանավորված է նրանով, որ իրենք ուշացնում են ճկուն վերափոխման գործընթացը։ Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով՝ 2015-2017թթ․ընկած ժամանակահատվածում G20 երկրներն արդեն ավելացրել են հեռահար աշախատանքի համար իրենց հնարավորությունները։ Սակայն 2017թ․ հետո այդ ասպարեզում աճ չի գրանցվել։Ֆլորենցիայում տեղակայված Եվրոպական համալսարանական ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր ԷտկինդԱպագայի սցենարները շատ են, եւ ասել՝ դրանցից որը կիրականանա, հնարավոր չէ: Նեոլիբերալ սցենարը ենթադրում է կարգավորումների, նոր հարկերի, վճարումների եւ գների նոր միջոցների հայտնվելը: ԵՄ-ն հայտարարել է արտանետումների գների բարձրացման ծրագրի մասին: Դեռեւս այդ գինը չնչին է: Եթե այն ավելանա տասնյակ անգամ, ապա կդառնա արտադրության նոր գործոն, նունքան կարեւոր, որքան հողն է, աշխատանքը եւ կապիտալը: Երբ յուրաքանչյուր արտադրական գործընթաց՝ լինի նավթահանում, սմարթֆոնի արտադրություն կամ ուղեւորափոխադրում, գնահատվի արտանետման միավորով, ապա ամեն ինչ կփոխվի: Մարդկությունը, ընդհանուր առմամբ, այդքան խելացի չէ, որ գնա խաղաղ ճանապարհով. վերջինիս ընդհանուր IQ-ն կարող է չբավարարել անհրաժեշտ փոփոխությունները նախապես անելու համար: Այնպես որ, պետք է սպասել տարբեր սցենարների համակցություն: Արդեն այսօր կլիմայական փոփոխությունները շատ երկրների են վերաբերում: Քանի որ ոչինչ չի արվում կանխելու համար աղետալի զարգացումները, 10-15 տարի հետո ինչ-որ տեղ պայթյուն տեղի կունենա: Այդ ժամանակ, հնարավոր է, դաս քաղելով դրանից, մարդիկ կսկսեն ինչ-որ բան նախաձեռնել:Պատրաստեց Խորեն Օրմանյանը Tweet Դիտում՝ 6091