Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Music Through Centuries» մշակութային իրադարձությունը

05.06.2026 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #«Music Through Centuries»

Մայիսի 31-ին Գառնու հեթանոսական տաճարի հնամենի պատերը դարձել են հայկական եւ համաշխարհային երաժշտարվեստի հանդիպման բացառիկ վայր։ Ֆասթ Բանկի գլխավոր հովանավորությամբ եւ «Temple of Arts» ՀԿ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Music Through Centuries» լայնամասշտաբ մշակութային իրադարձությունը։


Միջոցառումը համախմբել էր արվեստասերներին․ համերգին ներկա էր Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը, մշակութային բազմաթիվ գործիչներ, հյուրեր արտերկրից։ 

Բանկից հայտնել են, որ միջոցառման առանձնահատկության ու կարեւորության մասին խոսելիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ընդգծել է, որ Վիեննան համարվում է երաժշտության համաշխարհային կենտրոնը, իսկ տեղի ֆիլհարմոնիկն աշխարհի առաջատար նվագախմբերից մեկն է․ 

«Անչափ կարեւորում եմ նման համագործակցությունը, որ այս կարգի երաժիշտները եկել եւ նվագում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Ֆասթ Բանկը եւ ընդհանրապես նրա ղեկավարները, ես նկատել եմ, որ հաճախ դասական երաժշտության կողքը կանգնած են, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Այսօր բարձր արվեստը եւ հատկապես այն արվեստը, որը կապված է մեծ կոլեկտիվների հետ, ոնց որ սիմֆոնիկ նվագախումբն է, այլեւս չի կարող առանց մասնավոր հովանավորների գործի»:

Վիեննայից ժամանած ջութակահար Յոհաննես Տոմբյոկը հիացած էր Հայաստանով, տեղի հյուրընկալությամբ ու երաժշտական ժառանգությամբ, մասնավորապես՝ Արամ Խաչատրյանի արվեստով․ «Սա առանձնահատուկ համագործակցություն է, մենք՝ որպես նվագախումբ, հաճախ համագործակցում ենք տարբեր նվագախմբերի հետ, օրինակ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ այլոց։ Սովորաբար այն լինում է նույն մշակույթի շրջանակում՝ պարզապես տարբեր նվագախմբերի միջեւ, սակայն այս դեպքում ամեն ինչ այլ է։ Մշակույթները որոշ առումներով իրար մոտ են, բայց մարդիկ միանգամայն տարբեր են»:

Երեկոյի ամենահուզիչ եւ սպասված պահերից մեկը տարիների տեւական դադարից հետո երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների բեմ վերադարձն էր՝ որպես միջոցառման հատուկ հյուրեր։ Քույրերը կատարել են հայկական ֆոլկլյորային ստեղծագործություններ սիմֆոնիկ մշակումներով, որոնք դեռեւս 2018 թվականին ձայնագրվել էին մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ, սակայն միայն հիմա կյանքի կոչվեցին բեմում։

«Մեզ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Վիեննայի ֆիլհարմոնիկի երաժիշտների հետ եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին: Հուսամ, որ սրանով իսկ նորից վերածնունդ կապրի նաեւ մեր գործունեությունն Անուշի հետ, քանի որ տարիներ շարունակ ելույթ չենք ունեցել»,- ասել է երգչուհի, երգահան, միջոցառման հատուկ հյուր Ինգա Արշակյանը:

«Մեծ պատասխանատվություն է եւ ոգեւորություն ելույթ ունենալ կրկին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ այս անգամ Վիեննայից հրավիրյալ երաժիշտների հետ, շատ մեծ պատիվ է մեզ համար եւ շատ ոգեւորված ենք, ոգեշնչված ենք», - ասել է երգչուհի, երգահան, միջոցառման հատուկ հյուր Անուշ Արշակյանը:

«Աջակցելով նմանօրինակ մեծամասշտաբ նախագծերին՝ Ֆասթ Բանկը նպատակ ունի խթանել ստեղծագործական միջավայրի աշխուժացումն ու միջազգային բարձրակարգ արվեստի հասանելիությունը հայ հանդիսատեսին։ 

Մայրամուտի յուրօրինակ գույների, բաց երկնքի եւ տաճարի վեհության ներքո դասական երաժշտությունն ստացավ նոր շունչ՝ ներկաների համար ստեղծելով հեքիաթային եւ անմոռանալի մթնոլորտ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 368

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW