Անտեսանելի վճարումներ, խելացի գնումներ. ինչպես է Agentic AI վերափոխում առեւտուրը եւ ինչ է դա նշանակում Հայաստանի համար

13.05.2026 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ / Visa Voice /
Օլեկսանդր Յաբլունիվսկի, Visa-ի CISSEE տարածաշրջանի փոխնախագահ, արտադրանքի եւ լուծումների ղեկավար

Վճարումների աշխարհն արագ փոխվում է։ Մենք մուտք ենք գործում փուլ, որը կարելի է բնութագրել որպես վճարումների երրորդ դարաշրջան։ Եթե առաջին դարաշրջանը հիմնված էր կանխիկի, իսկ երկրորդը՝ էլեկտրոնային վճարումների եւ պլաստիկ քարտերի վրա, ապա նոր փուլը նշանակում է անցում՝ վճարումներից որպես առանձին գործողություն դեպի դրանց վերածումը սպառողական ճանապարհորդության անտեսանելի մասի։ Այսօր գործարքներն ավելի են ինտեգրվում թվային միջավայրերին եւ իրականացվում գրեթե առանց հավելյալ ջանքերի՝ արհեստական բանականության եւ տվյալների վրա հիմնված վերլուծությունների շնորհիվ, որոնք առեւտուրը դարձնում են ավելի արագ, ավելի ինտուիտիվ եւ առավել անհատականացված։

Հայաստանի համար այս փոփոխությունը հատկապես նշանակալի է։ 2026 թվականի դրությամբ երկրում անկանխիկ գործարքների ծավալը շարունակում է կայուն աճել եւ արդեն գերազանցում է կանխիկի դուրսբերումները՝ կազմելով վճարումների ընդհանուր ծավալի 56%-ը։ Դինամիկ զարգացող ֆինտեխ ոլորտը եւ տեխնոլոգիական բարձր գրագիտություն ունեցող բնակչությունը Հայաստանը դիրքավորում են որպես թվային տնտեսության արագ զարգացող հարթակ։ Գործակալական առեւտուրը կարող է է՛լ ավելի արագացնել այս փոխակերպումը՝ վերաիմաստավորելով ոչ միայն վճարման եղանակները, այլեւ այն, թե ինչպես են մարդիկ կայացնում գնման որոշումներ։

Գործակալական առեւտուր․ երբ ձեր արհեստական բանականության օգնականը գնումներ է կատարում ձեզ համար

Գործակալական առեւտուրը թվային գնումների նոր մոդել է, որի շրջանակում արհեստական բանականության գործակալները կարող են ինքնուրույն որոնել, առաջարկել եւ նույնիսկ կատարել գնումներ՝ առաջնորդվելով օգտատիրոջ կողմից նախապես սահմանված կանոններով եւ նախասիրություններով:

Այս փոփոխությանը աջակցելու նպատակով Visa-ն ներկայացրել է Visa Intelligent Commerce-ը՝ գլոբալ նախաձեռնություն, որը նախատեսված է Visa-ի հզոր վճարային ենթակառուցվածքի հիման վրա արհեստական բանականությամբ կառավարվող անվտանգ եւ հարմարավետ գնումների փորձ ապահովելու համար։ Գործնականում սա նշանակում է, որ խելացի օգնականները կարող են իրականացնել առօրյա բազմաթիվ գործողություններ՝ սկսած գների համեմատումից մինչեւ առաքման կազմակերպում, մինչդեռ սպառողները շարունակում են լիովին տեղեկացված մնալ եւ վերահսկել վերջնական որոշումները՝ ստանալով ավելի սահուն եւ անհատականացված փորձառություն։

Ինչպես ֆինանսական կազմակերպությունները, այնպես էլ սպառողները արդեն ակտիվորեն ընդունում են գործակալական գործիքները։ Visa-ի եւ Morning Consult-ի համատեղ իրականացված B2AI հետազոտության համաձայն՝ ԱՄՆ բիզնեսների 77%-ն արդեն օգտագործում կամ փորձարկում է արհեստական բանականության լուծումներ, իսկ ավելի քան կեսը (53%) նշում է, որ պատրաստ է թույլ տալ, որպեսզի արհեստական բանականության գործակալներն իրենց անունից անմիջականորեն բանակցեն այլ արհեստական բանականության գործակալների հետ։ Սպառողների շրջանում եւս փոփոխությունները արագ են ընթանում։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ հարցվածների 58%-ն արդեն հարմարավետ է զգում, երբ արհեստական բանականությունն իրենց փոխարեն համեմատում է գները, իսկ 38%-ը պատրաստ է վստահել նաեւ գնումների ավարտական փուլը։ Սա ցույց է տալիս, թե որքան արագ են գործակալական գործիքները դառնում առօրյա սպառողական վարքագծի մաս։

Առաջիկայում արհեստական բանականության գործակալների դերը շարունակելու է ընդլայնվել։ Խելացի գործակալները կարող են աջակցել ամենատարբեր իրավիճակներում՝ ընկերոջ հարսանիքի համար հագուստ ընտրելուց մինչեւ անծանոթ քաղաքում ճանապարհորդելիս, վստահելի ռեստորաններից սննդի առաքում կազմակերպելը կամ երկար սպասված ֆիլմի պրեմիերայի տոմսեր ամրագրելը՝ այս ամենը սպառողի կողմից պահանջելով նվազագույն ժամանակ եւ ջանք։

Վստահություն՝ անտեսանելի վճարումների հետեւում

Քանի որ գործարքներն ավելի ավտոմատացված եւ պակաս տեսանելի են դառնում, վստահության ապահովումը վերածվում է առանցքային գործոնի։ Visa-ի եւ Morning Consult-ի համատեղ B2AI հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սպառողները ցանկանում են պահպանել հստակ վերահսկողություն եւ թափանցիկություն․ հարցվածների 60%-ը նշել է, որ չի թույլատրի արհեստական բանականությանը գումար ծախսել առանց իր հաստատման, եւ միայն 27%-ն է իրեն հարմարավետ զգում լիովին ինքնավար արհեստական բանականության կողմից իրականացվող ծախսերի դեպքում։ Միեւնույն ժամանակ, վստահության մակարդակը զգալիորեն բարձրանում է, երբ գործընթացում ներգրավված են հաստատված ֆինանսական կառույցներ․ սպառողների 36%-ը վստահում է բանկերի կողմից աջակցվող արհեստական բանականության համակարգերին, մինչդեռ անկախ արհեստական բանականության գործակալներին վստահում է միայն 28%-ը։

Հաշվի առնելով վստահության այս առանցքային նշանակությունը՝ Visa-ն ներկայացրել է Trusted Agent Protocol-ը (Վստահելի գործակալի շրջանակ)՝ համակարգ, որը նախատեսված է արհեստական բանականության գործակալների եւ վաճառողների միջեւ անվտանգ ու թափանցիկ հաղորդակցություն ապահովելու համար։ Քանի որ արհեստական բանականության օգնականներն ավելի հաճախ են կատարում որոնումներ եւ գնումներ սպառողների անունից, շուկաները բախվում են նոր գործառնական մարտահրավերների՝ տարբերակել վստահելի գործակալներին չարամիտ բոտերից, ապահովել գործակալների միջոցով իրականացվող վճարումները եւ պահպանել տեսանելիությունը վճարման հետեւում կանգնած սպառողի նկատմամբ։

Trusted Agent Protocol-ը նպատակ ունի լուծել այս խնդիրները՝ հնարավորություն տալով հաստատված գործակալներին անվտանգ կերպով փոխանցել կարեւոր գործարքային տեղեկատվությունը վաճառողներին։ Վերջնական նպատակը մեկն է՝ ապահովել, որ առեւտրում խելացի օգնականների աճող դերը ուղեկցվի հուսալի պաշտպանությամբ, թափանցիկությամբ եւ բարձր վստահությամբ։ 

Հաջորդ մեծ զարգացումը Հայաստանի համար

Գործակալական առեւտրին անցումը Հայաստանի համար բացում է նշանակալի հնարավորություններ։ Քանի որ երկրի թվային տնտեսությունը շարունակում է զարգանալ, արհեստական բանականությունը կարող է օգնել բիզնեսներին խորացնել հաճախորդների ներգրավվածությունը, բարձրացնել փոխակերպման մակարդակները եւ ապահովել ավելի անհատականացված փորձառություններ։ Սպառողները, իրենց հերթին, ստանում են ավելի արագ, ավելի համապատասխան եւ ավելի հարմար թվային փոխազդեցություններ։ Միաժամանակ, այս զարգացումները նպաստում են վճարային էկոհամակարգի ընդհանուր առաջընթացին՝ օգնելով ապահովել, որ զարգացող շուկաները, ինչպիսին Հայաստանն է, լիարժեք մասնակցեն համաշխարհային առեւտրի հաջորդ փուլին եւ օգտվեն ավելի մեծ կապակցվածությունից ու ներառականությունից։

Խրախուսելի է, որ Հայաստանն արդեն ներդրումներ է կատարում արհեստական բանականությամբ ձեւավորվող ապագայի հիմքերի ստեղծման ուղղությամբ։ 2026 թվականին արհեստական բանականության տվյալների գործարանի գործարկման ծրագրերը, որոնք իրականացվում են Firebird-ի, Հայաստանի կառավարության եւ NVIDIA-ի համագործակցությամբ, ընդգծում են պետական-մասնավոր գործընկերության կարեւորությունը նորարարությունների խթանման եւ Հայաստանի՝ Հարավային Կովկասում առաջատար տեխնոլոգիական կենտրոն դառնալու հավակնության ամրապնդման գործում։

Ինստիտուցիոնալ առաջընթացին զուգահեռ՝ ձեւավորվում է նաեւ սպառողների պատրաստվածությունը։ Microsoft-ի արհեստական բանականության տարածման վերաբերյալ զեկույցի համաձայն՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակում գեներատիվ արհեստական բանականության գործիքների համաշխարհային կիրառությունը հասել է աշխարհի բնակչության 16.3%-ին, եւ Հայաստանը եւս ակտիվորեն ներգրավվում է այս փոփոխության մեջ։ Սա վկայում է, որ հայ օգտատերերն արդեն փոխազդում են խելացի համակարգերի հետ եւ լավ դիրքավորված են հաջորդ փուլին անցնելու համար։

Արհեստական բանականությունը վճարումները սովորական գործարքային գործընթացից վերածում է կանխատեսողական, հարմարվող եւ առօրյա թվային կյանքի մեջ աննկատ ինտեգրված համակարգի։ Այսօր հնարավորություն կա ոչ միայն ավտոմատացնել գործարքները, այլեւ ձեւավորել ավելի խելացի առեւտուր՝ պահպանելով վստահության, թափանցիկության եւ վերահսկողության սկզբունքները։ Visa-ն հանձնառու է աջակցել հայկական հաստատություններին, բիզնեսներին եւ սպառողներին՝ խելացի առեւտրի այս նոր դարաշրջանի ամբողջ ներուժն օգտագործելու ճանապարհին։
Դիտում՝ 6709


Smartclick.ai
Quality Sign BW