«Թռիչքաձեւ աճ՝ 6 տարում». MB Legal-ն ընդլայնում է ծառայությունները եւ աշխարհագրությունը

04.06.2026 | 22:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

2020թ.-ին հիմնադրված MB Legal իրավաբանական ընկերությունը վերջին տարիներին անցել է արագ եւ նկատելի աճի ճանապարհ՝ դառնալով երկրի խոշորագույն եւ բազմապրոֆիլ իրավաբանական ընկերություններից մեկը։ 

Այսօր այն ոչ միայն ընդլայնում է ծառայությունների շրջանակը՝ ներառելով նոր ուղղություններ, ինչպիսիք են քրեական իրավունքը, կրիպտոարժույթի եւ խաղային ոլորտների կարգավորումները, այլեւ՝ մեծացնում աշխարհագրությունը՝ արդեն իսկ գրասենյակ բացելով նաեւ Վրաստանում։ 

Իրավաբանական ընկերության հիմնադիր Մեսրոպ Մանուկյանը, գործընկերներ Գրիգոր Գրիգորյանը եւ Անահիտ Սարգսյանը Banks.am-ի հետ զրույցում պատմել են MB Legal-ի զարգացման նոր փուլի, շուկայի փոփոխվող պահանջների, գործընկերային թիմի ընդլայնման եւ առաջիկա նպատակների մասին։  

«Այսօր Հայաստանի խոշորագույն իրավաբանական ընկերություններից մեկն ենք»

Մեսրոպ Մանուկյան

Այսօր MB Legal-ն ամբողջական եւ համապարփակ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է՝ տարբեր ոլորտների ու բիզնեսների համար: Հիմնադրվելով ընդամենը 6 տարի առաջ` հիմա վստահ կարող եմ ասել՝ Հայաստանի խոշորագույն իրավաբանական ընկերություններից մեկն ենք: 

Մեսրոպ Մանուկյանը

Մեր նախորդ զրույցից հետո ընկերությունը զգալի աճ է գրանցել՝ թե՛ անձնակազմի թվի, թե՛ եկամտի, թե՛ աշխարհագրական տարածվածության եւ մատուցվող ծառայությունների ծավալի առումով։ Այս ամենին զուգահեռ՝ ոչ մի կերպ չի տուժել որակը, ինչի մասին վկայում է երեք հիմնական ցուցիչ: Առաջինը՝ աշխատանքի ենք ընդունում միայն մասնագիտական բարձր գիտելիք ունեցող եւ նպատակասլաց մարդկանց. մեր պահանջները բավականին բարձր են նույնիսկ ընկերության փորձնակներից: Երկրորդ ցուցիչն աշխատանքն է հաճախորդների հետ, որը հիմնվում է երկար եւ խորը վերլուծությունների վրա՝ ապահովելով վերջնարդյունքի բարձր որակը: Երրորդ ցուցիչն անընդհատ զարգացումն է՝ թե՛ ընկերության, թե՛ մասնագետների անհատապես: MB Legal-ում միշտ խրախուսում ենք աշխատակիցների աճն ու մոտիվացնում չմնալ նույն տեղում: 

«MB Legal-ում շատ արագ զարգանում է քրեական իրավունքի ուղղությունը»

Ընկերության աճի մեկ այլ վկայությունն է ներգրավվածությունը նաեւ քրեական իրավունքի ոլորտում, ինչը բացակայում էր նախորդ տարիներին։ Այս ուղղությունը որոշեցինք զարգացնել՝ հիմնվելով  թե՛ շուկայի մեծության, թե՛ հաճախորդների պահանջարկի վրա։ 

Մեսրոպ Մանուկյանը

Քրեական իրավունքի ոլորտը սովորաբար սպասարկվում է առանձին փաստաբանների կողմից, որոնք արդեն իսկ ստեղծել են որոշակի անուն, ունեն հեղինակություն։ Մեր ընկերությունն այս ոլորտում ներգրավելու լավագույն տարբերակը հենց նման մասնագետի հետ համագործակցելն էր։ Արդյունքում առաջարկ արեցինք Արտաշես Հովհաննիսյանին, որը մոտ 6 տարի աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, ինչից հետո ծավալել նաեւ փաստաբանական գործունեություն՝ կուտակելով շատ հետաքրքիր, յուրահատուկ փորձ։ Այսօր նրա ղեկավարությամբ MB Legal-ում շատ արագ զարգանում է նաեւ քրեական իրավունքի ճյուղը։ 

Սրան զուգահեռ, մեզ համար սկզբունքային է շարունակել բարձր որակ ապահովել ընկերության «կորիզը» համարվող ուղղություններում՝ կորպորատիվ եւ ՏՏ ոլորտներ, արժեթղթերի շուկա:  

«Հայաստանի հանդեպ այսօր կա մեծ հետաքրքրություն»

Վերոնշյալ ուղղություններից բացի, մենք ակտիվ աշխատում ենք նաեւ նոր, արագ աճող՝ խաղային ոլորտի կարգավորումների եւ կրիպտոարժույթի շուկայում։ Հաճախորդների պահանջարկն այս ուղղություններով այսօր անհամեմատ մեծ է, քան երեք տարի առաջ էր։

Մեսրոպ Մանուկյանը

Ավելի լայն պատկերում կարող եմ ասել, որ Հայաստանն ավելի գրավիչ է դառնում խոշոր ներդրողների համար։ Տվյալների կենտրոնների կառուցում, էներգետիկ ոլորտ. կան «մեծ խաղացողներ», որոնք ցանկանում են Հայաստանում խոշոր ներդրումներ կատարել եւ դրա համար տեղական հուսալի ներկայացուցչության կարիք ունեն։ Հայաստանի հանդեպ այսօր կա բավականին մեծ հետաքրքրություն, եւ մեր ընկերությունն, ասես, կանգնած է այս փոփոխությունների խաչմերուկում։

Կառավարումը կիսելու ժամանակը

Ընկերության աճն անխուսափելիորեն բերեց նաեւ կառավարման վերակառուցման անհրաժեշտության։ Գործընկերների թվի ընդլայնման որոշումը շատ օրգանիկ էր եւ անմիջականորեն կապված ընդհանուր աճի հետ, որի պայմաններում կառավարումը կիսելն առավել արդյունավետ մոտեցում է։ 

Ստեղծման պահին MB Legal-ը փոքր ընկերություն էր, սակայն 6 տարում, ինչպես նշեցի, հայտնվել ենք ՀՀ ամենախոշոր և առաջատար իրավաբանական ընկերությունների ցանկում։ Այդ մասին է նաև վկայում հեղինակավոր Chambers & Partners և Legal 500 կայքերի կողմից MB Legal-ին և վերջինիս գործընկերներին բավականին բարձր վարկանիշի շնորհումը։ 

Գրիգոր Գրիգորյանը եւ Անահիտ Սարգսյանը

Նոր գործընկեր Անահիտ Սարգսյանը մասնագիտորեն աճել է հենց ընկերությունում՝ ընկերության հետ։ Բազմաթիվ վճռորոշ պահերի նա եղել է անփոխարինելի, եւ գործընկերոջ կարգավիճակն այս պրոֆեսիոնալ մոտեցման գնահատականն է։ 
Մյուս գործընկերը՝ Գրիգոր Գրիգորյանը, մեզ միացել է Ernst & Young-ից՝ իր հետ բերելով կառավարման լուրջ միջազգային փորձ։

«Ընկերության թռիչքաձեւ աճն ազդել է թիմին միանալու որոշմանս վրա» 

Գրիգոր Գրիգորյան

MB Legal իրավաբանական ընկերության թիմին միացել եմ հարաբերականորեն վերջերս: Մինչ այդ աշխատել եմ տարբեր ընկերություններում թե՛ որպես կորպորատիվ ոլորտի իրավաբան, թե՛ որպես խորհրդատու: Որոշմանս հիմքում այս հայկական իրավաբանական ընկերության թռիչքաձեւ աճն էր, եւ մեծ հնարավորությունները, որոնք տեսնում եմ MB Legal-ի զարգացման առումով: Այսօր ընկերությունը շարունակաբար ընդլայնում է ինչպես մատուցվող ծառայությունների ցանկն, այնպես էլ՝ աշխարհագրությունը: 

Գրիգոր Գրիգորյանը

Ինքս հիմնականում կենտրոնացած եմ կորպորատիվ, բիզնես իրավունքի վրա եւ հաճախորդներին խորհրդատվություն եմ տրամադրում հենց այս ոլորտներում: 

«Իրավաբանական շուկան սերտ կապված է տնտեսական ակտիվության հետ»

Ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ՝ Հայաստանում, իրավաբանական շուկան սերտ կապված է երկրի տնտեսական վիճակի հետ. որքան ակտիվ է տնտեսությունը, նույնքան ակտիվ են նաեւ իրավաբանական ծառայությունները, որովհետեւ տնտեսությունում տեղի ունեցող բոլոր գործընթացներին անհրաժեշտ է համապատասխան իրավաբանական ուղեկցում: 

Այսօր մեր հիմնական հաճախորդներին կարող եմ բաժանել երկու մեծ խմբի: 

Առաջինն արտասահմանյան ընկերություններն են, որոնք պատրաստվում են գործունեություն սկսել Հայաստանում եւ այս շուկայում կողմնորոշվելու կարիք ունեն: Մենք նրանց ներկայացնում ենք երկրի ընդհանուր պատկերը, առկա կարգավորումները, այդ թվում՝ հարկային եւ իրավաբանական դաշտերում: 


Երկրորդ խումբը՝ մեր գործող հաճախորդներն են, որոնց դեպքում իրականացնում ենք ընթացիկ սպասարկում: Հաճախ ստանձնում ենք նաեւ ներքին իրավաբանների դերը, նույնիսկ այն դեպքում, երբ ընկերությունն ունի սեփական իրավաբանների թիմ, քանի որ «արտաքին հայացքի» կամ, օրինակ, դատական ներկայացուցչության կարիք է լինում: 

«Ես եւ ընկերությունը մեծանում ենք միասին»

Անահիտ Սարգսյան 

MB Legal ընկերությանը միացել եմ 2021թ.-ին՝ իրավաբանի կարգավիճակով: Դեռ ուսանող էի եւ կարող եմ ասել՝ թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես մարդ առավելապես հասունացել եմ այստեղ: Ես եւ ընկերությունը մեծանում ենք միասին (ժպտում է – հեղ.): Ինձ համար սկզբունքային էր ընտրել աշխատավայր, որն ունի աճի ներուժ եւ ձգտում է մատուցել եզակի ծառայություններ շուկայում: Նույնը խորհուրդ եմ տալիս նաեւ այն երիտասարդ մասնագետներին, որոնք այսօր ընտրում են իրենց ճանապարհը: 

Անահիտ Սարգսյանը

Ակտիվ աշխատելով կապիտալի եւ արժեթղթերի շուկայում՝ այսօր տվյալ ուղղություններով մատուցում ենք Հայաստանի համար եզակի ծառայություններ, որոնց որակի մասին խոսում է հաճախորդների կայուն վստահությունը: Ինքս ի սկզբանե ակտիվ ներգրավված եմ այս ոլորտներում, բացի այդ իրականացնում եմ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց եւ ֆինանսական կազմակերպությունների ընթացիկ սպասարկում, տրամադրում կանոնադրությունների փոփոխության, ներդրումների ներգրավման հետ կապված աջակցություն եւ զբաղվում նաեւ միգրացիոն իրավունքով:  

«Հայաստան գալու որոշումն ընկերությունները կատարում են առավել գիտակցված՝ ոչ թե փախչելով ինչ-որ արհավիրքից» 

Երեք տարի առաջ, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված, առանձնացնում էինք միգրացիայի միայն մեկ բլոկ՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով եւ դրան հաջորդած ռելոկացիայով: 


Այսօր միգրացիան Հայաստանում փոխվել է եւ հաճախ մեր երկիր են տեղափոխվում բիզնեսներ, որոնց մասին տարիներ առաջ նույնիսկ չէինք կարող մտածել: Սա տեղի է ունենում ոչ թե այս կամ այն արհավիրքի պատճառով, այլ՝ Հայաստանով հետաքրքրված լինելու արդյունքում: Ընկերությունները Հայաստան են գալիս գիտակցված ընտրությամբ՝ ոչ թե փախչելով այս կամ այն արհավիրքից:


Միեւնույն ժամանակ, այսօր հաճախորդներն առավել պահանջկոտ են եւ ներդրում կատարելուց առաջ ցանկանում են լիովին ուսումնասիրել երկրի օրենսդրությունը, շուկան: 

«Դառնալ անառարկելի առաջատար Հայաստանում» 

Մեսրոպ Մանուկյան 

Այսօր ցանկանում եւ ձգտում ենք դառնալ անառարկելի առաջատար իրավաբանական ընկերություն Հայաստանում՝ միեւնույն ժամանակ ընդլայնելով նաեւ գործունեության աշխարհագրությունը: Այս ուղղությամբ արվել է առաջին քայլն ու արդեն մի քանի ամիս գործում է MB Legal-ի վրաստանյան գրասենյակը՝ ծառայություններ մատուցելով բավականին լուրջ հաճախորդների ֆինանսաբանկային ոլորտից: Սա մեզ համար չափազանց կարեւոր է, քանի որ սովորաբար արտասահմանյան ընկերություններն են գալիս Հայաստան, իսկ այս դեպքում հայկական ընկերությունն է ընդլայնում աշխարհագրությունը՝ դառնալով վստահելի գործընկեր նաեւ արտերկրում: 

Անահիտ Սարգսյան 

Հատկապես վերջին 1,5 տարում MB Legal-ն իսկապես կայծակնային, միեւնույն ժամանակ, կայուն աճի փուլում է: 


Սա նկատելի է ոչ միայն աշխատակիցների թվի աճով, այլեւ՝ մեր պորտֆելի բազմազանությամբ եւ մեծությամբ:  

Գրիգոր Գրիգորյան

Այո՛,  MB Legal իրավաբանական ընկերությունը կայուն քայլերով գնում է դեպի խոշորացում բոլոր առումներով: Այս փուլին մոտենում ենք մեծ պատասխանատվությամբ, քանի որ մեզ համար սկզբունքային է, որ աճի տեմպը ոչ մի կերպ չանդրադառնա մատուցվող ծառայությունների որակի վրա: 

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

Դիտում՝ 2286

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW