Lion Finance Group-ը (LFG) ազդարարել է իր ընդգրկումը FTSE 100 ինդեքսում՝ շուկայի փակումից հետո հնչեցնելով Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգը։ Ամերիաբանկը` որպես LFG խմբի մաս, 2026թ. մարտին ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի FTSE 100 ինդեքսում՝ դառնալով առաջին հայկական ընկերությունը, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված 100 խոշորագույն ընկերությունների շարքում։Ամերիաբանկից հայտնել են, որ Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգի հնչեցման արարողությունը խորհրդանշական ավանդույթ է, որին մասնակցում են ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները, ներդրողները եւ հիմնական շահառուները։ Այս արարողությանը մասնակցեցին Lion Finance Group-ի, Ամերիաբանկի, Bank of Georgia-ի ղեկավար կազմը, ինչպես նաեւ Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունների անդամներ, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը եւ այլ հյուրեր։«LFG-ի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում վկայում է խմբի երկարաժամկետ ռազմավարության եւ կայուն աճի նկատմամբ միջազգային ներդրողների մեծ վստահության մասին։Այս կարեւոր իրադարձությունը խմբի եւ դրա անդամների համար նշանավորում է զարգացման նոր փուլ, որի հիմքում երկարաժամկետ ռազմավարական տեսլականն է եւ հաճախորդների համար արժեք ստեղծելու հանձնառությունը»,- ասվում է հաղորդագրությունում։2006 թվականից Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված լինելով՝ LFG ֆինանսական խումբն ընդգրկվում է FTSE 100 ինդեքսում Ամերիաբանկի՝ խմբին միանալուց երկու տարի անց։ Սա վկայում է Ամերիաբանկի՝ խմբում ընդգրկվելու ռազմավարական կարեւորության եւ խմբի ընդհանուր զարգացման համար բանկի նշանակալի դերի մասին։Նշվում է, որ այցի ընթացքում Ամերիաբանկի ու Bank of Georgia-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են նաեւ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, հանդիպել են արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ Վարուժան Ներսեսյանի հետ:Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 11217