ԱՄՆ բանկային համակարգում տեղի ունեցող դեֆոլտները վերլուծաբանները համեմատում են 2008 թվականի ճգնաժամի հետ: RBC-ն պատմել է այն ժամանակվա իրադարձությունների պատճառների ու հետեւանքների մասին։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոդվածի առանցքային դրույթները։2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամը, որը նաեւ հայտնի է որպես սուբստանդարտ հիփոթեքային վարկավորման ճգնաժամ կամ «Մեծ ռեցեսիա», ԱՄՆ-ում սկսվեց անշարժ գույքի շուկայի փլուզումից: Սակայն այդ ճգնաժամի հետեւանքները, որոնք դրսեւորվում էին մի շարք խոշոր ներդրումային եւ առեւտրային բանկերի, հիփոթեքային վարկատուների եւ ապահովագրական ընկերությունների փլուզմամբ, սպառնում էին կործանել միջազգային ֆինանսական համակարգը։ԱՄՆ-ում ռեցեսիան տեւեց 2007 թվականի դեկտեմբերից մինչեւ 2009 թվականի հունիսը, իսկ գլոբալ ռեցեսիան, որն անդրադարձավ ամբողջ աշխարհի տնտեսությունների վրա, որոշ երկրներում տեւեց մինչեւ 2011 թվականը։ Ճգնաժամից հետո երկրների մեծ մասն այդպես էլ չվերադարձավ նախաճգնաժամային տնտեսական աճի տեմպերին։Ինչու տեղի ունեցավ 2008 թվականի ճգնաժամըԹեեւ ֆինանսական ճգնաժամի ճշգրիտ պատճառները մնում են վեճի առարկա, տնտեսագետները նշում են մի շարք նշանակալից գործոններ: 2000 թվականի մայիսից մինչեւ 2001 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նվազեցրեց դաշնային ֆոնդերի տոկոսադրույքը 6,5%-ից մինչեւ 1,75%:Դաշնային ֆոնդերի տոկոսադրույքը դա այն նպատակային տոկոսադրույքն է, որով առեւտրային բանկերը փոխառություններ են վերցնում եւ միմյանց պարտքով տալիս են իրենց ավելցուկային պահուստները (որպես կանոն՝ overnight, այսինքն՝ մեկ օրով)։Դա թույլ տվեց բանկերին տրամադրել էժան սպառողական վարկեր եւ խթանեց նրանց վարկեր հատկացնել նույնիսկ բարձր ռիսկային հաճախորդներին: Սպառողներն օգտվեցին այդ վարկային միջոցներից՝ տեխնիկա, ավտոմեքենաներ, բայց, հիմնականում, տներ գնելու համար։ Արդյունքում ձեւավորվեց «բնակարանային փուչիկը»՝ գների արագ աճ մինչեւ այն մակարդակ, որը զգալիորեն գերազանցում էր վարկերի համար գրավ հանդիսացող բնակարանների արժեքը։Բանկային օրենսդրությունում փոփոխությունները հնարավորություն տվեցին բանկերին ոչ ստանդարտ հիփոթեքային վարկեր առաջարկել նույնիսկ անհուսալի հաճախորդներին: Դրանք նախատեսում էին կամ մայր գումարի մարումներ վարկային պայմանագրի գործողության ժամկետի վերջում, կամ ունեին լողացող տոկոսադրույք՝ սկզբնական ժամանակաշրջանի համար ցածր, այնուհետեւ՝ կտրուկ աճող (կախված դաշնային ֆոնդերի դրույքաչափից):Քանի դեռ բնակարանների գները շարունակում էին աճել, ռիսկային վարկառուները կարող էին պաշտպանվել բարձր հիփոթեքային վճարումներից՝ վերաֆինանսավորման, բնակարանի բարձրացած արժեքի դիմաց վարկի կամ բնակարանը շահույթով վաճառելու եւ հիփոթեքային վարկը մարելու միջոցով: Դեֆոլտի դեպքում բանկերը կարող էին վերադարձնել սեփականությունը եւ վաճառել այն ավելի թանկ, քան սկզբնական վարկի գումարը: Սուբստանդարտ, ռիսկային վարկավորումը շահավետ ներդրում էր շատ բանկերի համար, եւ նրանք ակտիվորեն նման վարկեր էին առաջարկում նույնիսկ վատ վարկային պատմություն կամ քիչ քանակությամբ ակտիվներ ունեցող հաճախորդներին՝ իմանալով, որ այդ վարկառուները չեն կարողանա իրենց թույլ տալ մարել վարկը: Արդյունքում, բնակարան գնելու համար բոլոր վարկերի մեջ ռիսկային հիփոթեքային վարկերի մասնաբաժինը 1990-ականների վերջից մինչեւ 2004-2007 թվականներն ավելացավ 2,5%-ից մինչեւ գրեթե 15%:Սուբստանդարտ հիփոթեքը հիփոթեքային վարկ է, որը տրվում է ցածր վարկային վարկանիշ ունեցող վարկառուներին:Նման վարկավորման աճին նպաստում էր արժեթղթավորման լայն տարածված պրակտիկան, երբ բանկերը հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր հիփոթեքային վարկեր եւ սպառողական պարտքի այլ ձեւեր միավորում էին պարտատոմսերի տրանշներում եւ կապիտալի շուկաներում վաճառում այլ բանկերին ու ներդրողներին, ներառյալ՝ հեջ ֆոնդերը եւ կենսաթոշակային հիմնադրամները: Հիմնականում հիփոթեքային վարկերով ապահովված պարտատոմսերը սկսեցին կոչվել հիփոթեքային արժեթղթեր (MBS): Դրանք իրենց գնորդներին իրավունք էին տալիս ունենալ մասնաբաժին տոկոսային եւ մայր վարկերով հիմնական վճարումների մասով: Նման արժեթղթերի վաճառքը բանկերի համար լավ միջոց էր թվում իրացվելիությունը բարձրացնելու եւ սուբստանդարտ վարկերի ռիսկը նվազեցնելու համար, իսկ այդպիսի արժեթղթերի գնումը պորտֆելները դիվերսիֆիկացնելու եւ լրացուցիչ գումար վաստակելու տարբերակ էր թվում: Քանի որ 2000-ականների սկզբին բնակարանների գները շարունակում էին իրենց սրընթաց աճը, MBS-ները լայն տարածում գտան, եւ դրանց գները կապիտալի շուկայում, համապատասխանաբար, բարձրացան:Բացի այդ, կարգավորման մեղմացումը հանգեցրեց նրան, որ բանկերը, ներդրումային ընկերությունները եւ ապահովագրողները հնարավորություն ստացան մուտք գործել միմյանց շուկաներ եւ միաձուլվել՝ հանգեցնելով կոնգլոմերատների ձեւավորմանը, որոնց սնանկացումը կարող էր փլուզել ամբողջ ֆինանսական համակարգը: Այդ ժամանակ ի հայտ եկավ too big to fail արտահայտությունը, կամ՝ «չափազանց մեծ՝ սնանկանալու համար»:2004 թվականին Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը (SEC) նաեւ մեղմացրեց պահանջները զուտ կապիտալի նկատմամբ, այսինքն՝ ակտիվների եւ պարտավորությունների հարաբերակցությունը, որը թույլ է տալիս պաշտպանել ավանդատուներին վարկատուների անվճարունակությունից, ինչը բանկերին դրդեց էլ ավելի շատ միջոցներ ներդնել MBS-ներում․ դրանց արժեքի աճն անուղղակիորեն պայմանավորված էր «բնակարանային փուչիկի» շարունակական աճով:Սակայն 1980-ականներին սկսված համաշխարհային տնտեսական կայունության եւ աճի երկարատեւ ժամանակաշրջանը, որը ստացավ Great Moderation անվանումը, համոզել էր (ինչպես պարզվեց ավելի ուշ՝ սխալմամբ) ԱՄՆ շատ բանկիրներին, քաղաքական գործիչներին եւ տնտեսագետներին, որ տնտեսական էքստրեմալ անկայունությունն ընդմիշտ մնացել է անցյալում։ Սա հանգեցրեց նրան, որ շուկան սկսեց անտեսել մոտալուտ ճգնաժամի հստակ նշանները եւ շարունակեց ռիսկային վարկավորումը, փոխառությունները եւ արժեթղթավորումը:2004 թվականի հունիսից մինչեւ 2006 թվականի հունիսն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը բարձրացրեց տոկոսադրույքը 1,5%-ից մինչեւ 5,25%, ինչը հանգեցրեց մեծ թվով դեֆոլտների սուբստանդրտ վարկառուների շրջանում, ում մոտ կային լողացող տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր։Միաժամանակ, անշարժ գույքի շուկան հագեցավ, եւ բնակարանների գները սկսեցին նվազել։ Դրանից հետո ցածրորակ հիփոթեքային վարկերի վրա հիմնված MBS-ները նույնպես սկսեցին էժանանալ, ինչի արդյունքում բազմաթիվ բանկեր եւ կենսաթոշակային հիմնադրամներ կորուստներ կրեցին։Արդյունքում՝ 2008 թվականի սեպտեմբերի 15-ին ամերիկյան Lehman Brothers ներդրումային բանկը հայտարարեց սնանկության մասին, որը դարձավ ԱՄՆ ողջ պատմության մեջ ամենախոշորը։ Այս բանկի անկումը շատերը համարում են 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկիզբը: Լուսանկարը՝ Getty Images Ինչ է կատարվում ԱՄՆ բանկերի հետ 2023 թվականին Ամերիկյան Silicon Valley Bank-ը (SVB) մարտի 11-ին դարձել է ԱՄՆ բանկային հատվածի ամենախոշոր սնանկացած բանկը 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո, գնահատել է Bloomberg-ը։ Բանկը փակվել է անբավարար իրացվելիության եւ անվճարունակության պատճառով, ինչը դարձել է ԱՄՆ պատմության ամենախոշոր բանկային սնանկացումներից մեկը, նշել է The New York Times-ը։ SVB-ն ակտիվների մեծությամբ ամերիկյան բանկերի շարքում զբաղեցնում էր 16-րդ տեղը: Բաժնետոմսերի համանման պորտֆել ունեցող Signature Bank-ը եւս սնանկացավ, ինչպես նաեւ լուծարվեց Silvergate Capital-ը։Silicon Valley Bank-ի փլուզման պատճառներն են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կոշտ քաղաքականությունը եւ բարձր գնաճը, որի ֆոնին բանկի հիմնական վարկառուները՝ տեխնոլոգիական ստարտափները, զգացել են միջոցների սղություն եւ հանել ավանդները հաշիվներից։ Միաժամանակ, հաճախորդներից ներգրավված միջոցները բանկը ներդրել էր երկարաժամկետ պարտատոմսերում եւ մտադիր էր պահել դրանք մինչեւ մարման ժամկետը: Բարձր տոկոսադրույքը եւ ռեցեսիայի ռիսկը հանգեցրին պարտքային արժեթղթերի գների անկմանը, եւ ավանդատուների գրոհի ֆոնին բանկը ստիպված եղավ ակտիվները վաճառել ավելի ցածր գնով ու վնաս կրեց:ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկացիներին ուղղված իր ելույթում հայտարարել էր, որ բոլոր հաճախորդները, որոնք ավանդներ են ունեցել փակված բանկերում, կարող են հանգիստ լինել. «նրանք պաշտպանված կլինեն»։ Իսկ ներդրողները պաշտպանված չեն լինի։ «Նրանք ռիսկի դիմեցին՝ հասկանալով դա: Երբ ռիսկը չի արդարանում, ներդրողները կորցնում են իրենց միջոցները: Այսպես է աշխատում կապիտալիզմը»,- ընդգծել էր Սպիտակ տան ղեկավարը։SVB-ի փլուզման ֆոնին ԱՄՆ-ում ավանդատուները սկսեցին զանգվածաբար գումար հանել չապահովագրված ավանդներից, իսկ բանկերի գնանշումները սկսեցին նվազել: Ամենաշատը տուժեց իր չափով 14-րդ ամերիկյան բանկը՝ First Republic Bank-ը (FRB), որի բաժնետոմսերը վերջին հինգ նստաշրջանների ընթացքում էժանացել էին ավելի քան 70%-ով։ Լուսանկարը՝ washingtonpost.com First Republic Bank-ը փրկելու համար ԱՄՆ 11 խոշորագույն բանկերը FRB-ում կտեղադրեն ընդհանուր առմամբ $30 միլիարդի չապահովագրված ավանդներ: Համատեղ հայտարարության մեջ բանկերը նշել էին, որ «այս ներգործությամբ ԱՄՆ խոշորագույն բանկերն իրենց վստահությունն են հայտնում First Republic-ին եւ տարբեր չափերի այլ բանկերին»՝ արտահայտելով նրանց օգնելու հանձնառությունը:Կկրկնվի՞ արդյոք 2008 թվականի ֆինանսական ճգնաժամըՎերլուծաբանների մեծ մասը կարծում է, որ այս պահին SVB-ի փլուզման հետ կապված իրավիճակը դիտարկվում է որպես կոնկրետ ընկերության ճգնաժամ, այլ ոչ թե ամբողջ բանկային ոլորտի: Alor Broker ընկերության ներդրումային ստրատեգ Պավել Վերեւկինը նշել է, որ Silicon Valley Bank-ի խնդիրներն ընդհանուր չեն ոլորտի համար, եւ բանկը համակարգային նշանակություն ունեցող ֆինանսական հաստատություն չէ։«Հաշվեկշռի եւ ռիսկերի կառավարման խնդիրների նման համակցությունն, ավելի շուտ, առանձին դեպք է ոլորտում, քանի որ ԱՄՆ ժամանակակից բանկային համակարգն ունի կապիտալի նկատմամբ ավելի բարձր պահանջներ։ Հաշվի առնելով բանկերի կայունությունը՝ մենք շղթայական ռեակցիա չենք ակնկալում»,- ընդգծել է Freedom Finance Global-ի վերլուծաբան Ալինա Պոպցովան:Capital Economics-ի շուկաների գծով գլխավոր տնտեսագետի տեղակալ Յոնաս Գոլտերմանը հայտարարել է, որ ԱՄՆ այլ բանկերի պորտֆելներն ավելի դիվերսիֆիկացված են եւ այնքան էլ կախված չեն տնտեսության մեկ ճյուղից:ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ադեվալե (Ուոլի) Ադեյեմոն փորձեց հանգստացնել շուկան. «Դաշնային կարգավորիչ մարմիններն ուշադիր հետեւում են այս ֆինանսական հաստատությանը, բայց երբ մենք խոսում ենք ֆինանսական համակարգի մասին որպես ամբողջություն, մենք շատ վստահ ենք դրա հնարավորությունների եւ ճկունության մեջ: Մենք ունենք այն գործիքները, որոնք անհրաժեշտ են նման միջադեպը կարգավորելու համար»: Նա պարզաբանել է, որ բանկային հատվածի կայունության համար անհանգստանալու շատ ավելի քիչ պատճառներ կան, քան 15 տարի առաջ՝ 2008 թվականի ճգնաժամից հետո իրականացված բարեփոխումների շնորհիվ։ Ադեվալե (Ուոլի) Ադեյեմոն Լուսանկարը՝ okayfrica.com Սակայն հեջ ֆոնդի կառավարիչ, միլիարդատեր Բիլ Աքմանը SVB-ն համեմատել է Bear Stearns-ի հետ՝ առաջին վարկատուի, որը սնանկացավ 2007-2008 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկզբում: «Այստեղ սնանկության եւ ավանդների կորստի ռիսկն այն է, որ հաջորդ ամենաքիչ կապիտալացված բանկը, հնարավոր է, չկարողանա կարգավորել իրավիճակը, եւ դոմինոյի քարերը կշարունակեն ընկնել»,- գրել է Աքմանը:Խնդիրները ոլորտում նախկինի պես արդիական են, ասել է Finam-ի վերլուծաբան Քսենիա Լապշինան. «Բանկերը միմյանց հաշիվներում ակտիվներ են պահում, եւ այժմ իրավիճակը ձնագնդի է նման. բանկերը փորձում են փրկել իրենց ակտիվները, ավանդատուներն՝ իրենց ավանդները, իսկ բաժնետերերը՝ ներդրումային պորտֆելը: «Ամերիկյան բանկերն անցած շաբաթվա ընթացքում Դաշնային պահուստային համակարգից շատ ավելի մեծ ծավալի փոխառություն են վերցրել՝ $164,8 միլիարդ, քան ճգնաժամային 2008 թվականին՝ $111 միլիարդ»,- հիշեցրել են Freedom Finance Global-ում։ Tweet Դիտում՝ 6256