ԱՄՆ-ում փակվել է 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո ամենախոշոր բանկը

11.03.2023 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #Silicon Valley Bank #SVB
Կալիֆոռնիայի Ֆինանսական պաշտպանության եւ նորարարությունների դեպարտամենտը (CDFPI, նահանգի ֆինանսական կարգավորիչ մարմին) փակել է ամերիկյան Silicon Valley Bank-ը (SVB), նշվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ դեպարտամենտը բանկի կառավարիչ է նշանակել Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիային (FDIC): Ապահովագրված ավանդատուներին պաշտպանելու համար վերջինս ստեղծել է նոր կառույց՝ Deposit Insurance National Bank of Santa Clara-ն, ուր Silicon Valley Bank-ից փոխանցվել են բոլոր ապահովագրված ավանդները:

Մարտի 13-ին կբացվեն բանկի գլխամասային գրասենյակը եւ մասնաճյուղերը, բոլոր ապահովագրված ավանդատուներին հասանելի կլինեն իրենց ավանդները, վստահեցրել է կարգավորիչը։ Չապահովագրված ավանդատուները կստանան իրենց առաջին վճարումները հաջորդ շաբաթ, իսկ հետագա վճարումները կկատարվեն Silicon Valley Bank-ի ակտիվների վաճառքի հետ մեկտեղ, ասված է հաղորդագրության մեջ:

Silicon Valley Bank-ը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր ԱՄՆ-ում փակված ամենամեծ բանկն է, նշում է Reuters-ը։ Այն ժամանակ փլուզվել էր Washington Mutual բանկը, ինչն էլ առաջացրեց համաշխարհային ճգնաժամը, գրում է գործակալությունը։ Silicon Valley Bank-ը 2022 թվականի վերջի դրությամբ ԱՄՆ-ի 16-րդ բանկն էր իր չափով։ Այն ավանդների ապահովագրման համակարգի մասնակից առաջին բանկն է, որը փլուզվեց ավելի քան երկու տարվա ընթացքում: Վերջին անգամ դա տեղի էր ունեցել Կանզասի Almena State Bank-ի հետ՝ 2020 թվականի հոկտեմբերին, հաղորդում է CDFPI-ը:

2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ SVB-ն ուներ $209 միլիարդի ակտիվներ եւ $175,4 միլիարդի ավանդներ, ասված է Կալիֆոռնիայի կարգավորիչի հաղորդագրության մեջ: Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան ապահովագրում է միայն մինչեւ $250 000-ի ավանդները, նշում է Financial Times-ը: Միաժամանակ, SVB-ի հաճախորդներից շատերը եղել են վենչուրային կապիտալի հիմնադրամներ եւ ստարտափներ, որոնց հաշիվների վրա կային այս շեմից շատ ավելի մեծ գումարներ, գրում է թերթը։ 2022 թվականի վերջին SVB-ն գնահատել էր, որ իր ավանդների գրեթե 96%-ը գերազանցում է սահմանաչափը կամ ապահովագրված չէ, հավելել է պարբերականը։

Silicon Valley Bank-ը փակվեց անմիջապես այն բանից հետո, երբ իր հաճախորդները շտապեցին ընդամենը մեկ օրում հաշիվներից հանել $42 միլիարդ, իսկ բաժնետոմսերի առեւտուրը կանգնեցվեց 66% անկումից հետո, նշում է Reuters-ը: Բանկը չկարողացավ շտապ ներգրավել նոր կապիտալ՝ վնասները փոխհատուցելու համար. մարտի 10-ին այն հրաժարվեց $2,25 միլիարդ ներգրավելու ծրագրերից եւ սկսեց գնորդ փնտրել, նշում են Financial Times-ի իրազակ աղբյուրները:



Silicon Valley Bank-ի խնդիրները սկսվեցին այն պատճառով, որ վերջինս որոշել էր $91 միլիարդ ընդհանուր գումարի ավանդները տեղաբաշխել երկարաժամկետ արժեթղթերում՝ հիփոթեքային եւ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերում, գրում է Financial Times-ը: Սակայն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից հիմնական տոկոսադրույքի արագ բարձրացման պատճառով այդ արժեթղթերն այժմ արժեն $15 միլիարդով ավելի քիչ, քան գնման պահին, գրում է թերթը։ Տոկոսադրույքի ագրեսիվ բարձրացումը վատթարացրեց ֆինանսական պայմաններն այն ստարտափների համար, որոնց հետ աշխատել էր Silicon Valley Bank-ը, կարծում է Reuters-ը։
Դիտում՝ 8464
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW